«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ: Այսօր Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը՝ երկարաձգելով Կարապետյանի կալանքը ևս 3 ամսով և մերժելով փաստաբանների միջնորդությունը։ Կարապետյանը, հետևաբար, թե՛ նախընտրական շրջանում, թե՛ ընտրությունների օրը, թե՛ դրանից օրը ազատության մեջ չի լինելու:
Չնայած սահմանափակումներին, դատարանը թույլատրեց Կարապետյանին հարցազրույցներ տալ։
Դատից հետո «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում կալանքի երկարաձգման որոշումը, Կարապետյանը պատասխանեց. «Այս իշխանություններից, իհարկե, ուրիշ որոշում անհնար էր սպասել»:
Կարապետյանի առաջնորդած ուժը հայտարարել է, որ հենց նա է իրենց վարչապետի թեկնածուն: Վերջինս էլ նախորդ դատական նիստին հայտարարեց՝ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթաց է սկսել։ Իր ղեկավարած քաղաքական ուժի հնարավորություններն Ազգային ժողովի ընտրություններում բարձր գնահատեց. «Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս: Չի կարա չլինի»:
Ամռանը իշխանության թիրախում հայտնված՝ Հայ Առաքելական եկեղեցին «մեր ձևով» պաշտպանելու հայտարարությունից հետո կալանավորված «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցները օրինականացնելու համար:
Արդյոք քաղաքականություն կմտներ, եթե իր այդ հայտարարությունը չլիներ, Կարապետյանն ասաց՝ «իհարկե, ոչ»: «Այս անարդարությունները ստիպեցին», - նշեց նա:
Գործարարը մեկնաբանեց պնդումները, թե իրեն Ռուսաստանն է ուղղորդում՝ մասնակցելու ՀՀ խորհրդարանական ընտրություններին: «Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»:
Իսկ հարցադրմանը, թե «նահանջելու տեղ իշխանությունը չունի», ինչի՞ց են վախենում՝ Կարապետյանին թողնելով կալանքի տակ, գործարարը պատասխանեց. «Մենք իրենց կստիպենք, որ ունենան: <> Իրենց հարցրեք, ես ի՞նչ գիտեմ, վախենում են»:
Նախորդ դատական նիստում գործարարի փաստաբանները միջնորդեցին, որ դատավորն առաջնահերթ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը: 60-ամյա միլիարդատերը ցանկանում է հաջորդ շաբաթ մասնակցել իր կուսակցության համագումարին:
Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նիստի ընթացքում հարցրեց՝ «ինչո՞ւ բացառապես պատշաճ վարքագիծ դրսևորող Սամվել Կարապետյանը պետք է մնա անազատության մեջ»։ Վարդևանյանը խոսեց նրա՝ եկեղեցին պաշտպանելու մասին. «Ի՞նչ պիտի աներ՝ խրախուսե՞ր եկեղեցու դեմ գործողությունները։ Այդպես էլ մենք չհասկացանք այդ 40 վայրկյանանոց հարցազրույցի մեջ «մեր ձևով» արտահայտության վտանգավորությունը»:
Փաստաբանը շեշտեց՝ կալանքից ազատ արձակելու համար Կարապետյանը 4 միլիարդ դրամ է վճարել, անցած 10 ամսում երբեք որևէ խախտում թույլ չի տվել: Փաստաբաններն առաջարկեցին այս գումարը ևս 400 միլիոն դրամով ավելացնել, սակայն դատավորը սա հաշվի չառավ:
Վարդևանյանը նշեց, որ այս մեղադրանքի հետ կապված նույնիսկ այս գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը նախաքննության փուլում գտել է, որ չկա հիմնավոր կասկած: Նույն այս դատավորն է ամիսներ առաջ Կարապետյանին ենթարկել տնային կալանքի։
Դատախազ Արգամ Դալլաքյան այսօր էլ պնդեց՝ Սամվել Կարապետյանը ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը։ Դատախազը հակադարձեց փաստաբաններին, թե Կարապետյանին վերագրվող տնտեսական հանցագործության դրվագով չկա որևէ մեկը, որի վրա գործարարը կարող է ազդեցություն գործել։ Պնդեց՝ ռիսկեր կան։
Դատախազը նշեց՝ փաստաբանները բացի քաղաքական հանգամանքներից, նոր փաստական հանգամանք չներկայացրին, թե ինչու պետք է Կարապետյանն ազատ արձակվի տնային կալանքից։ Դալլաքյանի խոսքով՝ վկաները դեռ պետք է հարցաքննվեն, և եթե Կարապետյանն ազատ արձակվի, ապա ռիսկ կա, որ կարող է ազդել նրանց վրա։
Տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանին այսօր դատարան էին բերել ոստիկանական ավտոմեքենայով: Իր ելույթում նա նշեց, որ ինքը որևէ մեկի թիկունքում երբեք չի թաքնվել:
Մինչ դատարանը քննում էր գործարարի խափանման միջոցի հարցը, նիստին զուգահեռ դատարանի բակում Կարապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա էին անում նրա կուսակիցներն ու համախոհները:
Մի պահ իրավիճակը լարվեց. քաշքշոց սկսվեց ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև: Քաշքշոցը սկսվեց, երբ ոստիկանները որոշեցին բացել ճանապարհը, ու քանի որ քաղաքացիները ճանապարհը չէին բացում, ոստիկանները հրելով հեռացրին նրանց այդ հատվածից, որից հետո սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին:
Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» հայտնել են, որ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հոդվածով 17 մարդու են ձերբակալել ու տեղափոխել համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։
Ակցիայի մասնակիցները բղավում էին՝ «Սամվե՛լ, վարչապետ», «Ազատությո՛ւն»: