Իսրայելը սպանել է «Համաս»-ի ռազմական նոր առաջնորդին, սաստկացրել է հարձակումը Լիբանանում

Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազա քաղաքին գիշերը հասցրած հարվածի արդյունքում սպանվել է «Համաս»-ի ռազմական նոր առաջնորդը: Մոհամմեդ Օդեհն այս պաշտոնում նշանակվել էր ընդամենը ինը օր առաջ՝ մայիսի 18-ին, նախկին ղեկավարի սպանությունից հետո։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը դեռ չի հաստատել Օդեհի սպանությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելի բանակը հայտարարել է «Համաս»-ի ռազմական առաջնորդին սպանելու մասին

Հարձակման հետևանքով սպանվել է ևս երեք, վիրավորվել մեկ տասնյակից ավելի մարդ։ Ականատեսները պատմել են, որ հարվածները հասցվել են ինքնաթիռներով:

«Իսրայելական ռազմական ինքնաթիռները հանկարծակի օդային հարված հասցրին։ Երեք հրթիռով հարվածեցին շենքի տանիքին գտնվող բնակարանին: Դրանք սովորական հրթիռներ չէին, դրանք ծանր հրթիռներ էին»։


Իրանի հարավին երեկ ԱՄՆ զինուժի հարվածներից հետո Իսրայելը սաստկացրել է նաև Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի դեմ ռազմական գործողությունները Լիբանանի հարավում։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ վերջին մեկ օրում իսրայելական հարվածներից 33 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա, վիրավորվել է 40 մարդ։

Լիբանանի պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական անօդաչուներից մեկը հիվանդանոցի մերձակա տարածքի է հարվածել և զգալիորեն վնասել բուժհաստատությունը: Իսրայելական բանակը մոտ 50 բնակավայրի բնակիչների տարհանվելու զգուշացում է տվել:

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ բանակը շարժվում է դեպի Լիբանանի խորքը, որտեղ մեծ թվով զորք է տեղակայել և վերահսկողություն է հաստատում ռազմավարական նշանակության տարածքների նկատմամբ:

Բենյամին Նեթանյահուն զգուշացրել է, որ Իսրայելը ոչ մի պահ չի դադարի պայքարել, իսկ հաջորդիվ էլ ավելի կուժգնացնի հարվածները: «Դեռ շատ բան կա անելու՝ մինչև Իսրայելի քաղաքացիների լիակատար անվտանգության ապահովումը»,- ասել է նա:

Իսրայելի արտգործնախարարը Լիբանանի կառավարությանն է մեղադրել երկրի հարավում իսրայելական ուժերի գտնվելու համար: Գիդեոն Սաարի խոսքով՝ իսրայելական բանակի՝ արդեն ամիսներ շարունակվող հարձակումը հետևանքն է նրա, որ Լիբանանի կառավարությունը լիովին ձախողել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի մարտիկներին Լիտանի գետի հյուսիսում պահելու իր պարտականությունը: Սաարը նաև նշել է, որ Իսրայելը չի ցանկանում Լիբանանի որևէ տարածքի տիրանալ:

«Հարավային Լիբանանում Իսրայելի գործողությունները ուղղված են բացառապես մեր քաղաքացիներին «Հեզբոլա»-ի հարձակումներից պաշտպանելուն և այնտեղ նրա ստեղծած ահաբեկչական թագավորությունը քանդելուն», ասել է Գիդեոն Սաարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն հարվածել է Իրանի հարավին, Թեհրանից սպառնում են՝ նոր պատերազմի դեպքում դաժան հարվածներ կլինեն


Արևմուտքի կողմից ահաբեկական ճանաչված «Հեզբոլա»-ն պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարբեր հատվածների: Տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվում: Խմբավորումը նաև հայտարարել է, որ իր զինյալները մարտի են բռնվել իսրայելական ուժերի հետ Լիտանի գետի հյուսիսում գտնվող Զաութար ալ-Շարքիա քաղաքում:

Այս ընթացքում Իրանում իրադրությունը հանգիստ է: Թեև երեկ երկրի հարավում ԱՄՆ զինուժի հասցրած հարվածներից հետո Իրանը հայտարարեց, որ կպատասխանի դրանց, դեռ որևէ հաղորդում չկա այդ մասին:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի քաղաքական ղեկավարի տեղակալը Tasnim գործակալությանն ասել է, թե քիչ հավանական է, որ ԱՄՆ-ն վերսկսի պատերազմը: Մոհամմադ Ակբարզադեն, սակայն, զգուշացրել է՝ Իրանը պատրաստ է հետ մղել ցանկացած հարձակում և խոստացել է Իրանի ափամերձ տարածքը «ագրեսորների գերեզման» վերածել, եթե ԱՄՆ-ն վերսկսի հարձակումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

31 զոհ Լիբանանում՝ Իսրայելի հարվածներից հետոԵրեք զոհ Լիբանանում՝ Իսրայելի հարվածներից հետոՎաշինգտոնը հայտարարում է՝ Իրանի հետ կա՛մ հրաշալի համաձայնագիր կկնքվի, կա՛մ ընդհանրապես գործարք չի լինի