Նախօրեին Լիբանանի հարավում իսրայելական հարվածների հետևանքով 31 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա, վիրավորվել է 40 մարդ, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Լիբանանի ազգային լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արձակված անօդաչուներից մեկը հիվանդանոցի մերձակա տարածքի է հարվածել՝ «զգալի վնաս հասցնելով հիվանդանոցին»։
Չնայած հրադադարի ռեժիմին, Իսրայելը ուժգնացրել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» խմբավորման դեմ ռազմական գործողությունները։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր՝ Իսրայելը «կուժգնացնի հարվածները»։
Իսրայելն ու «Հեզբոլա»-ն հրադադարի հաստատումից ի վեր գրեթե ամեն օր միմյանց մեղադրում են հարձակումների մեջ։
Լարվածությունը սրվում է այն պահին, երբ Միացյալ Նահանգներն ու Իրանը փորձում են համաձայնության հասնել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու շուրջ։ Չի բացառվում, որ այդ գործընթացը ներառի նաև Լիբանանի ճակատը։