Իսրայելի անվտանգության հարցերով նախարարների կաբինետը կիրակի օրը հաստատել է մի շարք քայլեր, որոնք կհեշտացնեն Արևմտյան ափի վերաբնակիչների համար հող գնելը, ինչպես նաև Իսրայելի իշխանություններին ավելի լայն վերահսկողության և հարկադիր կիրառման լիազորություններ կտան պաղեստինցիների նկատմամբ, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Արևմտյան ափն այն տարածքներից մեկն է, որտեղ պաղեստինցիները ձգտում են ապագայում անկախ պետություն ստեղծել։ Դրա մեծ մասը գտնվում է իսրայելցի զինվորականների վերահսկողության տակ, իսկ որոշ տարածքներում, որոնք ղեկավարվում են Արևմուտքի կողմից աջակցվող Պաղեստինյան վարչակազմի կողմից, պաղեստինյան ինքնակառավարումը սահմանափակ է:
Իսրայելական Ynet և Haaretz լրատվական կայքերը հայտնում են, որ այդ միջոցները ներառում են տասնամյակներ շարունակ գործող կանոնակարգերի վերացում, որոնք թույլ չէին տալիս հրեաներին հող գնել Արևմտյան ափին:
Հաղորդվում է նաև, որ դրանք ներառում են Իսրայելի իշխանություններին որոշ կրոնական օբյեկտներ կառավարելու թույլտվություն և պաղեստինյան կառավարման տակ գտնվող տարածքներում վերահսկողության և իրավապահ մարմինների ընդլայնում:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ նոր միջոցառումները վտանգավոր են, անօրինական և դե ֆակտո հավասարազոր են անեքսիայի:
Նոր միջոցները ձեռնարկվում են վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված հանդիպումից երեք օր առաջ:
Աբբասը կոչ է արել Թրամփին ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջամտել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմտյան ափի անեքսիան դեռ քննարկվում է. Նեթանյահու