Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են հրադադարի շուրջ, ռազմական գործողությունները, սակայն, շարունակվում են

Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ բանակցություններից հետո Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են հրադադարի մեխանիզմների շուրջ։

Համատեղ հայտարարությունում, որն ընթերցել է Պետդեպարտամենտի աշխատակազմի ղեկավար Դանիել Հոլլերը, նշվում է, որ հրադադարի իրականացման համար Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» զինված խմբավորումը պետք է դադարեցնի հարձակումները և դուսր գա Լիբանանի Լիտանի գետից հարավ գտնվող տարածքներից։

«Բոլոր երկրները վերահաստատեցին, որ Իսրայելի և Լիբանանի միջև հարաբերությունների ապագան պետք է որոշեն երկու ինքնիշխան կառավարությունները։ Նրանք մերժեցին ցանկացած պետության կամ ոչ պետական դերակատարի կողմից Լիբանանի ապագան պատանդ պահելու ցանկացած փորձ», - հայտարարել է Պետդեպարտամենտի աշխատակազմի ղեկավարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիբանանն ու Իսրայելը համաձայնել են պահպանել հրադադարը

Կողմերը համաձայնել են ստեղծել «փորձնական գոտիներ», որոնք կվերահսկի բացառապես Լիբանանի զինուժը, «Հեզբոլա»-ի ներկայությունը կբացառվի։ Սա, ըստ նրանց, թույլ կտա առաջընթաց գրանցել խաղաղության և անվտանգության համաձայնագրի ուղղությամբ։

Լիբանանն ու Իսրայելը վերահաստատել են, որ միմյանց նկատմամբ թշնամանք չունեն և կշարունակեն բանակցել՝ վստահություն ձևավորելու համար։ ԱՄՆ-ն էլ կաջակցի Լիբանանի զինված ուժերի կարողությունների բարելավմանը՝ երկրի ինքնիշխանությանը նպաստելու նպատակով։

Լիբանանն, իր հերթին, ԱՄՆ-ի աջակցությամբ կամրապնդի իր զինված ուժերի կարողությունները՝ երկիրն արդյունավետ վերահսկելու համար։

Իսրայելն էլ վերահաստատել է՝ իր «անվտանգությունը և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը կարող են ապահովվել միայն «Հեզբոլա»-ի զինաթափման և Լիբանանում խմբավորման ենթակառուցվածքների ապամոնտաժման միջոցով»։ Կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել հունիսի վերջին։

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեխիել Լեյթերը վստահություն է հայտնել, որ հրադադարը կպահպանվի, և վերջ կդնեն անվերջ ցիկլին, երբ իսրայելական զորքի հետ քաշվելուց հետո Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն կրկին ակտիվանում է։

«Մենք լիահույս ենք, որ այս անգամ դա կհաջողվի, որովհետև տեսնում ենք, որ Լիբանանի ժողովուրդը հանձնառու է իր երկիրն ազատագրելու «Հեզբոլա»-ի և Իրանի այս չարամիտ ազդեցությունից», - նշել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելի անվտանգության նախարարը Լիբանանի հետ հրադադարի գործարքը «լուրջ սխալ» է անվանել

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը քննադատել է գործարքը՝ այն անվանելով «լուրջ սխալ»։ Իտամար Բեն-Գվիրն ասել է, որ վարչապետի խորհրդականները նրան սխալ որոշումների են դրդում։ ««Հեզբոլա»-ն միայն կուժեղանա, և Իսրայելը, դրան հաղթելու փոխարեն, հաշտվում է դրա գոյության հետ», - X-ում գրել է նախարարը՝ նշելով, որ պետք է իմանալ՝ «ինչպես ոչ ասել նույնիսկ ԱՄՆ նախագահին»։

Իսրայելի պաշտպանության նախարարը, մինչդեռ, համաձայնագիրը «մեծ նվաճում» է անվանել, սակայն ռազմական գործողությունները Լիբանանի հարավում կշարունակվեն, ասել է Իսրայել Կացը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները Լիբանանում՝ չնայած հրադադարին. Կաց

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ սա «վերջին հնարավորությունն» է դժվար բանակցությունների պայմաններում:

«Հեզբոլա»-ի ղեկավարը, մինչդեռ, հայտարարել է, որ սա «անամոթ» գործարք է: Նայիմ Քասեմը պնդել է՝ հրադադարը պետք է վերաբերի նաև Լիբանանի հարավին: Ապա սպառնացել է՝ Իսրայելի հյուսիսն ապահով չի լինի, քանի դեռ իսրայելական բանակը դուրս չի եկել Լիբանանից և չի դադարեցրել հարվածները լիբանանյան բնակավայրերին:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատարն էլ հայտարարել է՝ Թեհրանի հիմնական պահանջն այն է, որ Իսրայելը Լիբանանում հետ գնա նախապատերազմական դիրքեր: Էսմայիլ Քաանին ասել է, որ լիբանանցի մարտիկները շուտով կտեսնեն իրենց դիմադրության արդյունքները: «Տարածաշրջանից Իսրայելի հեռացնելը իրագործելի նպատակ է», - ասել է նա։

Ինչպես և հայտարարվել է, Իսրայելը շարունակել է ռազմական գործողությունները Լիբանանի հարավում, կան զոհեր և վիրավորներ: Անհայտ ծագման ականանետային հարվածից ՄԱԿ-ի խաղաղապահ է զոհվել:

Լիբանանում զարգացումների ֆոնին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կարող է լինել առաջիկա օրերին: Վաշինգտոնը նաև ցանկանում է Իրանից դուրս բերել արդեն հարստացված ուրանը, ասել է Դոնալդ Թրամփը:

«Ինձ տեղեկացրել են, որ բանակցություններն իրականում շատ լավ են ընթանում։ Շատ լավ: Գուցե համաձայնություն ձեռք բերվի։ Գուցե՝ ոչ։ Ո՞վ գիտի։ Բայց եթե դա տեղի ունենա, ապա դա կարող է լինել, օրինակ, հանգստյան օրերին», - ասել է Թրամփը:

Իրանից ստացվող ազդակները, սակայն, չեն վկայում, որ կողմերը մոտ ապագայում համաձայնության կգան: Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պարտվել են պատերազմում և հիմա հիբրիդային պատերազմ են վարում Իրանի դեմ՝ փորձելով ներքին պառակտում առաջացնել:

Մոջթաբա Խամենեին, որը պատերազմի առաջին օրը վիրավորվելուց հետո դեռ չի ներկայացել հանրությանը, հերթական գրավոր ուղերձում նշել է, որ ԱՄՆ գլխավորած «ռեպրեսիվ համակարգը» չի կարողանում համակերպվել ուժեղ և անկախ Իրանի հետ։ Խամենեին իրանցիներին կոչ է արել լինել հաստատակամ, հեռատես և միասնական:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խամենեին պնդել է՝ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են պառակտում սերմանել, և միասնության կոչ է արելԱՄՆ-ի հետ փոխհրաձգությունից հետո Իրանը հարվածել է Քուվեյթին և Բահրեյնին. կա զոհ և 63 վիրավորԻրանի շուրջ պատերազմական գործողությունները կրկին սրվել ենԻսրայելը և Լիբանանը ԱՄՆ միջնորդությամբ նոր բանակցություններ են անցկացրելՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ է գումարել Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև լարվածությունը վերացնելու նպատակովԻսրայելը շարունակում է հարվածներ հասցնել ԼիբանանինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ երկխոսությունը, եթե Իսրայելը շարունակի Լիբանանի վրա հարձակումը. Ղալիբաֆ Թրամփը հայտարարել է՝ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո իսրայելական զորքերը չեն մտնի Բեյրութ