Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո հայտարարել են, որ համաձայնել են պահպանել հրադադարը։
ԱՄՆ պետքարտուղարության աշխատակազմի ղեկավար Դանիել Հոլերի խոսքով՝ հրադադարը կախված է «Հեզբոլա»-ի կողմից կրակի ամբողջական դադարեցումից և նրա զինյալների՝ Հարավային Լիտանիի հատվածից դուրսբերումից։
ԱՄՆ-ի միջնորդությամբ կողմերը նաև պայմանավորվել են ստեղծել փորձնական գոտիներ, որտեղ վերահսկողությունն ամբողջությամբ պետք է ստանձնի Լիբանանի բանակը՝ դուրս մղելով ոչ պետական զինված խմբերին։
Համաձայնությունը հիմնվում է ապրիլին ձեռք բերված և մայիսին երկարաձգված հրադադարի վրա, թեև այդ ընթացքում բռնությունները շարունակվել էին։ Չորեքշաբթի Լիբանանի հարավում իսրայելական դրոնային հարվածների հետևանքով, ըստ լիբանանյան անվտանգության աղբյուրների, առնվազն վեց մարդ է զոհվել։ Իսրայելն, իր հերթին, հայտնել է, որ խոցել է, իր ձևակերպմամբ, թշնամական թռչող սարքեր, որոնք, հավանաբար, արձակվել էին «Հեզբոլա»-ի կողմից։
ԱՄՆ միջնորդությամբ ավելի վաղ ձեռք բերված առանձին պայմանավորվածությունից հետո դադարեցվել էին հարվածները Բեյրութի հարավային արվարձաններին և սահմանային կրակը։
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ցանկացած խաղաղության համաձայնություն պետք է ներառի նաև Լիբանանի համար հրադադար։