Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ է գումարել Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև լարվածությունը վերացնելու նպատակով

Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև լարվածությունը վերացնելու նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ նիստ է գումարել։

Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղաշինության հարցերով օգնականը հայտարարել է, որ Իսրայելի բանակի ներկայությունը Լիբանանում խախտում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը, հետևաբար այն պետք է դուրս գա Լիբանանից։

«Այս զարգացումները վկայում են վտանգավոր և մտահոգիչ էսկալացիայի մասին, որն ուղղակիորեն խաթարում է ԱՄՆ-ի կողմից ապրիլի 16-ին հայտարարված հրադադարը և խարխլում իրավիճակը լիցքաթափելուն ուղղված դիվանագիտական փխրուն ջանքերը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Մարթա Ամա Ակյաա Պոբին։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը «Հեզբոլա»-ին է մեղադրել՝ պնդելով, թե Իրանի աջակցությունը վայելող շարժումը մերժել է հրադադարի վերաբերյալ Լիբանանի կառավարության առաջարկները և սպառնում է կառավարությանը։

Մայքլ Ուոլցը պնդել է, թե Իրանը «Հեզբոլա»-ին հրամայել է ձգձգել այս հակամարտությունը, որպեսզի այն խափանի խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ բանակցություններում առաջընթացը։ «Որպես համաշխարհային հանրություն՝ մենք պետք է մերժենք այս ցինիզմը»,- ասել է դեսպանը։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան էլ ասել է, թե ակնհայտ է դառնում, որ Իսրայելը Լիբանանում գրեթե նույնությամբ կրկնում է Գազայի հատվածի սցենարը. բանակն օկուպացնում է տարածքը, վերահսկողություն սահմանում, իսկ տեղի բնակչությանը հարկադրում է տեղահանվել։


XS
SM
MD
LG