Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ, ի պատասխան երկրի հարավի վրա ԱՄՆ-ի հարձակումների, հարվածել է Բահրեյնում, Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։
Կորպուսը հայտնել է, որ Բահրեյնում հարվածել է ԱՄՆ Հինգերորդ նավատորմին, իսկ Հորդանանում գտնվող ամերիկյան ավիաբազայի չորս կարևորագույն թիրախ են ոչնչացրել, այդ թվում՝ F-35 կործանիչների անգարներ և հրամանատարական կենտրոններ։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Իրանը զգուշացրել է, որ իր ուժերը պատրաստ են «ջախջախիչ և վճռական» պատասխան տալ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողության, իսկ հետագա էսկալացիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կկրի Վաշինգտոնը։
Կորպուսը նաև հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի հարավային Ջասկ, Սիրիկ բնակավայրերին և Քեշմ կղզուն՝ վնասելով հեռահաղորդակցության աշտարակ և երկու ջրամբար։
Մինչ այդ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ հարվածել է Իրանի հարավին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում ամերիկյան ուղղաթիռի խոցման։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ՝ հարվածները եղել են «ինքնապաշտպանական գործողություն»։
ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին հայտնել է, որ Իրանում հարվածել են 20 թիրախի։
Սա ԱՄՆ-ի և Իրանի միջև ամենամեծ փոխհրաձգություններից մեկն է ապրիլին հայտարարված հրադադարից հետո։
Նոր լարվածության ֆոնին Իրանի արտգործնախարարը պահանջել է, որ ԱՄՆ-ն հեռանա տարածաշրջանից, եթե ցանկանում է անվտանգ լինել։ Հակառակ դեպքում Իրանը կպատասխանի ցանկացած հարձակման կամ սպառնալիքի, զգուշացրել է Աբբաս Արաղչին։
«Չնայած մարտի դաշտում կրած պարտություններին՝ ԱՄՆ-ն որոշեց փորձել մեր վճռականությունը։ Մեր հզոր զինված ուժերը ոչ մի հարձակում կամ սպառնալիք անպատասխան չեն թողնի։ Հեռացե՛ք մեր տարածաշրջանից, եթե ուզում եք անվտանգ լինել», - ասել է Իրանի ԱԳ նախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ն պետք է հեռանա տարածաշրջանից, եթե ցանկանում է անվտանգ լինել. ԱրաղչիԻրանական IRNA-ն փոխանցում է, որ Արաղչին գիշերը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի իր գործընկերների հետ, քննարկել վերջին զարգացումները։
Ըստ գործակալության՝ Իրանի գլխավոր դիվանագետը դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները՝ նշելով, որ դրանք խախտում են Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Իրանն իրավունք ունի ինքնապաշտպանվելու և պատասխանելու ցանկացած ագրեսիայի, ասել է արտգործնախարարը։ Արտգործնախարարությունը ևս դատապարտել է ամերիկյան հարձակումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածներըԻրանցիները համոզված են, որ Թեհրանը չպետք է «պասիվ» լինի ԱՄՆ-Իրան հակամարտությունում լարվածության սրման պայմաններում և պետք է համարժեք արձագանքի։
«Երբ ինչ-որ մեկը ձեզ հետ խոսում կամ վարվում է ոչ պատշաճ ձևով, նրան պետք է համապատասխանաբար արձագանքել։ Չեք կարող պարզապես հանգիստ կանգնել և դիտել։ Չեք կարող պասիվ մնալ», - ասել է Թեհրանի բնակիչ։
«Պատասխանը պետք է լինի փոխադարձ։ Եթե ձեզ հարվածեն, դուք պետք է հակահարված տաք։ Բայց կրկին, եթե նրանք վերջ դնեն պատերազմին և անցնեն բանակցությունների, իմ կարծիքով՝ դա ավելի լավ է երկու կողմերի համար էլ», - նշել է Թեհրանի մեկ այլ բնակիչ։
Ու մինչ ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակում, Իսրայելը շարունակել է ռազմական գործողությունները Լիբանանի հարավում։ Բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլա խմբավորման հրթիռային կայաններին և ենթակառուցվածքներին, որոնք կիրառվում էին Տյուրոսի շրջանում և այլ վայրերում՝ հարձակողական անօդաչու թռչող սարքեր արձակելու համար։ Իսրայելական զինուժը նաև հարկադիր տեղահանման հերթական հրահանգն է տվել լիբանանյան մի քանի բնակավայրի։
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլա-ն հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական բանակին։