Իրանը հարվածել է Նախիջևանին, կան տուժածներ, հայտարարում է Բաքուն, սպառնում պատասխանով

Ադրբեջան - Անօդաչու թռչող սարքերի հարվածները Նախիջևանում, 5-ը մարտի, 2026թ.

Ադրբեջանը չի հանդուրժի Նախիջևանի վրա իրանական անօդաչուների հարձակումը և զինված ուժերին հանձնարարել է պատրաստել ու իրականացնել պատասխան միջոցառումներ, Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահը հարձակումը որակել է «վախկոտ», «տգեղ ահաբեկչական գործողություն»՝ պահանջելով, որ Իրանը ներողություն խնդրի, իսկ կատարողներն անհապաղ պատժվեն։

«Դիվանագիտական ուղիներով կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները։ Մեր զինված ուժերը՝ Պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը և մյուս բոլոր հատուկ նշանակության ուժերը, թիվ մեկ պատրաստվածության են բերվել և պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնելու։ Առայժմ այսքանը», - ասել է Ալիևը:

Ըստ պաշտոնական Բաքվի՝ իրանական զինուժը անօդաչուներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին, ինչի հետևանքով կա չորս վիրավոր, վնասվել են տերմինալի շենքն ու թռիչքուղին: Անօդաչուներից մի քանիսն ընկել են այլ վայրերում, այդ թվում՝ գյուղերից մեկի դպրոցի մոտ:

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Իրանի զինված ուժերը հերքել է, թե հարվածել է Ադրբեջանին:

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կրթության նախարարությունը ադրբեջանական APA-ին ասել է, որ դպրոցի տարածքում անօդաչուի ընկնելու հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան, իսկ Նախիջևանում կրթական գործընթացը շարունակվում է իր բնականոն հունով։

Սակայն «Ազատության» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ ծնողներին հրահանգվել է շտապ գալ ու վերցնել իրենց երեխաներին ավագ և միջնակարգ դպրոցներից: «Ոստիկանությունը թույլ չի տալիս մարդկանց հավաքվել մեծ խմբերով: Մարդկանց կոչ են անում գնալ տուն և հետևել անվտանգության կանոններին», - ասել է բնակիչներից մեկը:

Մինչ այդ Ադրբեջանի արտգործնախարարությունն էր դատապարտել Նախիջևանի վրա հարձակումը և պարզաբանումներ պահանջել Թեհրանից, ինչպես նաև երաշխիքներ, որ հարձակումը չի կրկնվի: Նախարարության հայտարարությունում ասվում է, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում «պատասխան միջոցներ ձեռնարկել»։

«Ադրբեջանի տարածքում այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին ու նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին ... Ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ», - հայտարարում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը:

Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ իրանցի պաշտոնյային բողոքի նոտա է հանձնվել:

Պաշտպանության նախարարությունն, իր հերթին, պնդել է, որ Իրանն է պատասխանատու այս հարձակման համար, խստորեն դատապարտել է Ադրբեջանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները, որոնք «կատարվել են ռազմական որևէ անհրաժեշտության բացակայության պարագայում»: Նախարարությունը նաև նշել է, որ այդ հարձակումներն անպատասխան չեն մնա:

«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ արձագանքման միջոցառումներ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար, և այդ հարձակումները անպատասխան չեն մնա», - ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարությունում:

Ադրբեջանի արտգործնախարարն էլ Ուզբեկստանի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում ասել է, որ այսպիսի հարձակումները մտահոգություն են առաջացնում և խախտում են միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները և նպաստում տարածաշրջանում լարվածության սրմանը։

Նախիջևանի օդանավակայանի վրա հարձակումը կարող է լինել պատահականություն կամ իրավիճակի կտրուկ սրում, «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը: Նրա կարծիքով՝ Իրանի համար տրամաբանական հիմք չկա հարձակվելու Թուրքիայի և Ադրբեջանի վրա, նրանք փորձում են պահպանել չեզոքություն։

Քաղաքագետի խոսքով՝ տեղեկություններ կան Իրաքում քուրդ զինյալների կողմից Իրանում ռեժիմի տապալմանը միանալու մասին, ինչը սրում է իրավիճակը:

«Հաշվի առնելով ռեժիմի անխուսափելի փլուզումը վաղ թե ուշ, մենք պետք է վաղուց պատրաստ լինեինք իրադարձությունների զարգացմանը: Սա այնպիսի իրադարձություն է, որը կարող է հանգեցնել Իրանի փլուզմանը», - ասել է ադրբեջանցի մեկնաբանը:

Դեռ մարտի 3-ին տարածաշրջանային OC Media լրատվամիջոցը, հղում անելով անկախ Qazetchi-ին, գրել էր, թե Ադրբեջանը սկսել է զորք կուտակել Իրանի հետ սահմանին և իր զորքերը մարտական պատրաստության է բերել, հետաձգվել են սպաների ու զինվորների արձակուրդները:

Այս զարգացումներից առաջ, Իրանում բնակվող մոտ 30 միլիոն ադրբեջանցիների ներկայացնող Հարավային Ադրբեջանի համակարգող հարթակը երեկ նամակով դիմել էր Իլհամ Ալիևին և խնդրել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատերազմի ընթացքում իրենց անվտանգությունն ապահովելու համար:


Your browser doesn’t support HTML5

Հարվածներ Նախիջևանին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիան դատապարտել է Նախիջևանին հասցված հարվածը «Իրանը թող չմոռանա, թե ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային». Ադրբեջանի նախագահԱլիև․ «Մեր զորքերը մարտական պատրաստության վիճակի են բերվել»Իրանը պնդում է, թե չի հարվածել Ադրբեջանին«Իրանական հարվածն անպատասխան չի մնա». Ադրբեջանի ՊՆԻրանի հարվածից հետո Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել. ԱԳՆԻրանը, ըստ պաշտոնական Բաքվի, հարվածել է Նախիջևանին, Թեհրանը հերքում է Իրանը անօդաչուներով հարվածներ է հասցրել Նախիջևանին