ՀՀ-ում Իրանի դեսպանի կոշտ քննադատությունից օրեր անց ոստիկանությունն այսօր արգելեց Հայաստանում գտնվող իրանցիներին երթ անցկացնել դեսպանատան մոտից մինչև Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթ։
Դեսպանատան առջև իրանցիների մի քանի ցույցերից հետո դեսպան Խալիլ Շիրղոլամին անցած չորեքշաբթի հայտարարել էր՝ Թեհրանը տպավորություն ունի, թե Հայաստանը Իրանի դեմ գործողությունների կենտրոն է դառնում. - «Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար»:
Դեսպանը նաև դժգոհել էր, թե դիմել են Հայաստանի պատկան մարմիններին, բայց ցույցերը միևնույն է շարունակվել են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն. Իրանի դեսպանԴիվանագետի հայտարարություններին հինգշաբթի օրը վարչապետ Փաշինյանն արձագանքեց՝ հավաստիացնելով՝ Հայաստանն Իրանի համար սպառնալիք չի դառնա: Փաշինյանը միևնույն ժամանակ պնդեց, թե Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո հանրահավաքներ չեն արգելվել, և Իրանի համար բացառություններ չեն արվելու։
«Հայաստանում, ընդհանրապես, 2018-ից էս կողմ Հայաստանում երբեք, ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, և մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն իրողություն է», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն արձագանքում է Իրանի դեսպանին. Հայաստանն Իրանի համար սպառնալիք չի դառնաՎարչապետի այս հավաստիացումից հետո, չնայած Երևանի քաղաքապետարանն ի սկզբանե արտոնել էր ոչ միայն դեսպանատան առջևի ակցիան, այլև երթը, այսօր մասնակիցները չկարողացան անգամ մեկ մետր քայլել:
«Դուք ազատ երկիր եք, ազատ երկրում այսպիսի բան կարո՞ղ է պատահել, դուք միջազգային կանոնները ստորագրել եք: Ազատ երկրներում իրավունք չունեն որևէ մարդու, որը ցանկանում է ազատ քայլել փողոցում, բերման ենթարկել», - հայտարարում էին ցուցարարները:
Թե ինչ պատճառաբանությամբ էր քաղաքապետարանը չեղարկել որոշումը, այսօր չհաջողվեց պարզել, «Ազատության» զանգերն անարձագանք մնացին:
Հայաստանում բնակվող իրանցիները վրդովվել էին, նրանք վստահ են՝ դեսպանի սպառնալիքներին է Հայաստանի իշխանությունը տեղի տվել։ Նրանցից մի քանիսը փորձեցին երթ իրականացնել, ինչին հաջորդեցին վարչական ձերբակալումները՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմնավորմամբ: Բողոքի ակցիայի 7 մասնակից ձերբակալվեց ու ավելի ուշ ազատ արձակվեց։
Մասնակիցների փոխանցմամբ՝ երեկ իրենց քաղաքապետարանից ասել են, թե երթի պատճառով խցանումներ կառաջանան մայրաքաղաքում։
«Պատճառը դրանով են նշել, որ թրաֆիկ է լինելու, խցանում է լինելու: Իրական պատճառը սա չի, մենք գիտենք, որ պատճառը Պարսկաստանի դեսպանն է, սպառնալն է, որ «մեր հարաբերությունները Հայաստանի հետ խառնում է, ու էս ժողովրդի դեմը կանգնեք», - ասաց ցուցարարներից մեկը:
Մեծ թվով ոստիկաններ էին կենտրոնացել դեսպանատան առջև, երբ ցուցարարները նստացույց սկսեցին, իրավապահները նախազգուշացրեցին, որ դադարեցնեն ակցիան, հակառակ դեպքում ուժ կկիրառեն և հատուկ միջոցներ: Ավելի քան երեք ժամ տևած ակցիան պարբերաբար լարվում էր։ Մասնակիցների ու ոստիկանության միջև ծագած վիճաբանությունն էլ ավարտվեց մասնակիցներից մի քանիսի՝ տարածքից հեռացմամբ։
Ի դեպ, ակցիայի մասնակիցներից մի քանիսն այսօր հաստատեցին՝ դեսպանի հայտարարությունից օրեր անց նրանց Ոստիկանություն, ապա ԱԱԾ են հրավիրել, սակայն խուսափեցին մանրամասներ հայտնելուց:
«Ազատությո՛ւն Իրանին», «Ժողովրդավարությո՛ւն Իրանին», «Կեցցե՛ շահը», «Նախագահ Թրամփ, գործի՛ր» վանկարկումներով էր ակցիան ընթանում: Մասնակիցների շարքերում Իրանի վտարանդի թագաժառանգի աջակիցներ կային։
Դեսպանատան առջև էին նաև Իրանից օրերս Երևան ժամանած մի քանի քաղաքացիներ, որոնք նշում էին, որ մարդիկ արդեն զգուշանում են փողոց դուրս գալուց: Նրանցից մեկն իր աչքով տեսածը պատմեց. - «Մենք տեսել ենք, որ մեծ թվով մարդիկ են սպանվում փողոցներում: Ռեժիմի աջակիցներն էին մզկիթներ, աղբամաններ այրում և այնուհետև մեղադրում, թե դա ցուցարարներն են արել»:
Երևանյան ակցիաների մասնակիցները պահանջում են դադարեցնել Իրանում արյունահեղությունը, նաև կրոնական իշխանության հեռացման կոչեր են հնչեցնում:
«Իրանի մարդու իրավունքներ» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Իրանում անցած տարեվերջին սկիզբ առած բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 3 հազար 428-ի, այլ կազմակերպություններ նշում են մինչև 5 հազար զոհի և մոտ 20 հազար ձերբակալվածի մասին:
Your browser doesn’t support HTML5
Իրանցիները ցույց անցկացրեցին Երևանում Իրանի դեսպանատան դիմաց, երթն արգելվեց