Մատչելիության հղումներ

Իրանցիները ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան դիմաց. ոստիկանները երթը թույլ չտվեցին

Լրացված

Այսօր իրանցիները կրկին բողոքի ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան առջև:

Ակցիայի մասնակիցները ցանկանում են երթով դեպի Կապույտ մզկիթ շարժվել, սակայն տարածքում գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չեն տալիս:

Ցուցարարներն ասում են՝ քաղաքապետարանը նախ հունվարի 15-ին արտոնել է երթը, հետո՝ չեղարկել այդ որոշումը, ինչի մասին տեղեկացել են երեկ երեկոյան: Նրանք վստահ են, որ դա արվել է Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունների պատճառով:

Երևանում Իրանի դեսպանատան առջև իրանցիների մի քանի ցույցերից հետո դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարեց՝ տպավորություն ունեն, թե Հայաստանը իրենց դեմ գործողությունների կենտրոն է դառնում. - «Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար»:

Արձագանքելով դեսպանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց՝ Հայաստանն Իրանի համար սպառնալիք չի դառնա: «Մենք Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ շփումներում բազմիցս ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի, և նույնն ակնկալում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից», - ընդգծեց վարչապետը:

Այսօրվա ակցիայի մասնակիցները վրդովված են, ընդգծում են, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և անակնկալի են եկել, երբ նախապես արտոնված երթը չեղարկվել է:

Ոստիկանները ցուցարարներից մի քանիսին բերման ենթարկեցին, քանի որ փորձում էին երթ անցկացնել: Ակցիայի մասնակիցները հավաստիացնում էին, որ երթը խաղաղ է լինելու, քայլելու են մայթերով:

Բերման ենթարկվածների թվում է ցույցի փաստացի լիդերը:

Ցուցարարները նստացույց սկսեցին: Ոստիկանությունը նախազգուշացրեց, որ դադարեցնեն ակցիան դեսպանատան դիմաց, հակառակ դեպքում ուժ կկիրառեն և հատուկ միջոցներ:

Ցուցարարները սպասում են, որ բերման ենթարկվածներն ազատ արձակվեն, ինչից հետո, վստահեցնում են, կդադարեցնեն ակցիան:

Ներքին գործերի նախարարության Ոստիկանության խոսնակ Նարեկ Սարգսյանն «Ազատության» հարցմանն ի պատասխան ասաց. - «Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության կողմից պատշաճ ապահովվում է։ Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել են վարչական ձերբակալման»։

«ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ ապահովելով հասարակական կարգը», - նաև ընդգծեց խոսնակը:

Երևանյան ակցիաների մասնակիցները պահանջում են դադարեցնել Իրանում արյունահեղությունը, նաև կրոնական իշխանության հեռացման կոչեր են հնչեցնում:

«Իրանի մարդու իրավունքներ» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Իրանում անցած տարեվերջին սկիզբ առած բողոքի ցույցերի ընթացքում բախումների զոհերի թիվը հասել է 3 հազար 428-ի, այլ կազմակերպություններ նշում են մինչև 5 հազար զոհի և մոտ 20 հազար ձերբակալվածի մասին:

Այժմ Իրանում հակակառավարական ցույցերը հիմնականում դադարել են, սակայն իշխանություններն ամբողջ երկրում անջատած են պահում ինտերնետը, հեռախոսակապը մասամբ է գործում:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG