Հազարավոր իրանցիներ այսօր հարգանքի տուրք են մատուցել Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ, ԱՄՆ-իսրայելական հարվածների ընթացքում սպանված Ալի Խամենեիի հիշատակին, որը շուրջ չորս տասնամյակ ղեկավարել էր երկիրը։
Նրան հաջորդել է որդին՝ Մոջթաբա Խամենեին, որը, սակայն պատերազմի սկսվելուց ի վեր հանրային դաշտում չի երևացել։ Ավելի վաղ The Times-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ «Մոջթաբա Խամենեին ծանր վիճակում է»:
Պետական հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում երևում է՝ ինչպես են հազարավոր մարդիկ հանրահավաքների դուրս եկել՝ ձեռքում պահելով հանգուցյալ առաջնորդի լուսանկարները։ Նման միջոցառումներ անցկացվել են երկրի տարբեր քաղաքներում՝ Ուրմիայում, Գորգանում և մայրաքաղաք Թեհրանում։
Համազգային հարգանքի արարողությունները սկսվել են առավոտյան ժամը 09:40-ին, ճիշտ այն ժամին, երբ փետրվարի 28-ին Թեհրանի իր նստավայրում մի շարք բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների հետ միասին սպանվել է Խամենեին։
Պատերազմի պատճառով մինչև այժմ չի կազմակերպվել պետական հուղարկավորություն հանգուցյալ առաջնորդի համար։