Իրանի արձակած հրթիռները պակասել են, բայց դարձել ավելի վնասաբեր․ ինչո՞ւ

Հարավային Իսրայել, Իրանի հասցրած հրթիռային հարվածից հետո ծուխ է բարձրանում երկինք

Պատերազմի առաջին օրը Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ էր արձակել, նպատակը՝ հաղթահարել ամերիկյան և իսրայելական հակաօդային պաշտպանությունը։ Արձակված հրթիռների մեծ մասը խոցվել էր։

Սակայն փետրվարի 28-ից ի վեր Թեհրանն ավելի քիչ հրթիռներ է արձակում՝ օրական միջինում մի քանի տասնյակ՝ թե՛ կարճ հեռահարության, թե՛ հեռահար։ Սրա հետ մեկտեղ, ռազմական փորձագետները հենվելով բաց աղբյուրների վրա, փաստում են, որ իրանական հարվածների ճշգրտությունն ավելացել է։

Ինչո՞ւ

Փորձագետների խոսքով՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի ռազմական կարողությունների շարունակական թիրախավորումը Իրանին ստիպել է խնայողաբար կիրառել զինանոցում մնացած ռազմամթերքը։ Իրանն այսպես ավելի ընտրողաբար է թիրախներ առանձնացնում իր համար։

«ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները ակնհայտորեն լուրջ վնասներ են հասցրել Իրանի հրթիռային ենթակառուցվածքներին, - ասել է վաշինգտոնյան «Ստիմսոն» կենտրոնի ավագ փորձագետ Քելի Գրիեկոն, հավելելով՝ «Երևում է, սակայն, որ Իրանը որոշել է փոփոխել ռազմավարությունը… Իրանն արդեն նախընտրում է ավելի փոքր և ավելի ճշգրիտ հրթիռներ՝ դրանք ուղղելով կարևոր նշանակության թիրախների դեմ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանում պատերազմը կարող է ավարտվել երկու-երեք շաբաթում. Թրամփ

Դրանց թվում են Միջին Արևելքում ամերիկյան ռազմական առանցքային կայաններն ու ռադարային համակարգերը, Պարսից ծոցում Ամերիկայի արաբական դաշնակիցներին պատկանող նավթի և գազի կարևորագույն ենթակառուցվածքները, ինչպես նաև Իսրայելի արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքները։

Արձակելով հարաբերականորեն փոքր թվով հրթիռներ՝ Իրանը կարծես հասնում է պատերազմի իր հիմնական նպատակներին. ընդլայնել ռազմի դաշտը, խաթարել համաշխարհային տնտեսությունը և անմիջական խնդիրներ ստեղծել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար։

«Մի քանի հրթիռ է մնացել»

Իրանական բալիստիկ հրթիռների մեծածավալ զինանոցի ոչնչացումը մեկ ամիս ձգվող պատերազմի առանցքային նպատակներից է։ Միացյալ Նահանգները և Իսրայելը շարունակ հարվածներ են հասցնում Իրանի հրթիռային վերգետնյա պաշարներին, հրթիռների արձակման կայաններին, ինչպես նաև դրանց պահման ստորգետնյա պահեստներին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 26-ին ասել է, որ Իրանին «շատ քիչ հրթիռներ են մնացել»։ Ամերիկացի այլ պաշտոնյաներ էլ պնդել են, որ բալիստիկ հրթիռներ արձակելու Թեհրանի կարողությունն արդեն ոչնչացվել է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը պնդում է՝ բանակցությունները շատ լավ են ընթանում, միաժամանակ սպառնում է Իրանին

Իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ օդային հարվածների մեկնարկից ի վեր Իրանում ավելի քան 10,000 թիրախ է խոցվել։

Վաշինգտոնը հայտնել է, թե պատերազմի մեկնարկից մինչ այժմ Իրանի արձակած հրթիռները 90 տոկոս կրճատվել են՝ սա ներկայացնելով որպես Թեհրանի հրթիռային ծրագիրը շարքից հանելու գործում հաջողության ապացույց։

Իսրայելն էլ իր հերթին տեղեկացրել է, որ պատերազմի սկզբից ցայսօր ոչնչացվել են Իրանի հրթիռային պաշարների և արձակման կայանների 70 տոկոսը։

Այնուհանդերձ, օդային հարվածներն ազդարարող շչակներն ամեն օր էլ լսելի են Մերձավոր Արևելքում։

Իրանի հրթիռակոծություններին հետևող ռազմական վերլուծաբանների տվյալներով՝ Իսլամական Հանրապետությունը օրական միջինը 20-30 բալիստիկ հրթիռ է արձակում: Բացի այդ, երկիրը շարունակում է ամեն օր արձակել բազմաթիվ էժան, բայց մահաբեր անօդաչուներ՝ կործանարար հետևանքներով։

Փորձագետների կարծիքով՝ սա փաստում է, որ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի ուժգին ռմբակոծություններին, հրթիռային որոշ պաշարներ և արձակման կայաններ պահպանվում են։ Իրանը սկսել է նաև ավելի ու ավելի օգտագործել շարժական հրթիռային կայաններ։

Reuters-ի տրամադրության տակ գտնվող տվյալները, սակայն, հակասում են ԱՄՆ-ի և Իսրայելի պնդումներին, թե բալիստիկ հրթիռների իրանական զինանոցն, ըստ էության, շարքից հանված է։ Լրատվամիջոցը, մեջբերելով իր աղբյուրներին, մարտի 27-ին հայտնել էր, որ Միացյալ Նահանգները կարող է հաստատել Թեհրանի հրթիռային պաշարների միայն մեկ երրորդի ոչնչացումը։

Ժնևի ինստիտուտում Իրանի հարցերով փորձագետ Դոկտոր Ֆարզան Սաբեթն ասաց, որ Իրանի «հրթիռների և անօդաչուների մեծածավալ ենթակառուցվածքները տարածվել և թաքցվում են բարդ տեղանք ունեցող երկրով մեկ, դրանք ստեղծելու համար մեծ ներդրումներ են կատարվել»։

«Հավանական է, որ Թրամփի վարչակազմը և Իսրայելը շարքից հանված բալիստիկ հրթիռների և անօդաչուների իրական թվից ավելի բարձր թիվ են նշել, -ասել է նա, – ԱՄՆ-ն և Իսրայելը գուցեև թերագնահատել են Իրանի հրթիռային պաշարներն ու արձակման կայանների ունակությունները»։

Ըստ առկա գնահատականների՝ Իրանը միայն 2,000-8,000 կարճ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ ունի։

«ԱՄՆ-ն կամ Իսրայելը խոցում են Իրանի ստորգետնյա «հրթիռային քաղաքները»՝ տեխնիկապես շարքից հանելով դրանք, – ասաց Սաբեթը – «Բայց մենք տեղյակ ենք, որ Իրանի բանակը վերապատրաստում է անցնում հրթիռային քաղաքներն արագ վերաբացելու նպատակով։ Սա նրանց թույլ է տալիս վերականգնել կորսված համարվող պաշարներն ու արձակման կայանները»։

Կարևոր նշանակության թիրախներ

Միաժամանակ, չնայած զինանոցի մեծածավալ կորուստներին, Իրանի հարվածների ճշգրտությունը կայուն կերպով աճել է, նշում են բաց աղբյուրներ ուսումնասիրող ռազմական փորձագետները։

Միացյալ Նահանգներն իր արաբական դաշնակիցների հետ գործի է դրել բարձրակարգ հրթիռային համակարգեր՝ իրանական հարձակումները կասեցնելու համար: Իսրայելն էլ ստիպված է ավելի խնայողաբար օգտագործել իր պաշտպանական զինամթերքը՝ երկիրը խոցելի դարձնելով իրանական հետագա հարվածների ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը։

Ըստ Washington Post-ի՝ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն արձակել է ավելի քան 850 Tomahawk թևավոր հրթիռ, որից տարեկան մի քանի հարյուր հատ է արտադրվում, և դրանց սպառման հնարավորությունը մտահոգությունների առիթ է դարձել։

Վաշինգտոնյան «Quincy Institute»-ին մոտ կանգնած «Responsible Statecraft» լրագրի տվյալներով էլ՝ հակաօդային պաշտպանությունը կաղում է, քանի որ հրթիռների հայտնաբերման համակարգերում սողանցքներ են ի հայտ եկել․ Իրանը խոցել է ռադարներն ու սենսորները, որոնք ընկած էին Միացյալ Նահանգների, Իսրայելի և Պարսից ծոցի դաշնակիցների միասնական հակաօդային պաշտպանության հիմքում։

Փորձագետները նշում են՝ հիմա Իրանն ավելի ընտրողաբար է որոշում՝ երբ, որտեղ և որ վայրերի ուղղությամբ հրթիռներ արձակի՝ զինանոցում մնացած միջոցները խնայելով կարևոր նշանակության թիրախների համար։

ԱՄՆ հակաօդային պաշտպանությունը ճեղքելուց հետո իրանական հրթիռը և անօդաչուն մարտի 27-ին հարվածել էին Սաուդյան Արաբիայում գտնվող «Արքայազն Սուլթան» բազային՝ վիրավորելով ամերիկացի 12 զինվորականի և վնասելով առնվազն երկու KC-135 վերալիցքավորող օդանավ։

Մարտի 21-ին իրանական հրթիռներն առաջին անգամ հարվածեցին հարավային Իսրայելում գտնվող Արադ և Դիմոնա քաղաքներին՝ վիրավորելով բազմաթիվ մարդկանց։ Երկու քաղաքները Իսրայելի միջուկային հետազոտական ամենապաշտպանված կենտրոնի և ռեակտորի մերձակայքում են գտնվում։

«Իր անօդաչուներն ու հրթիռները կենտրոնացնելով խոշոր, կայուն ենթակառուցվածքների՝ օրինակ նավթավերամշակման գործարանների, օդանավակայանների և էլեկտրակայանների դեմ՝ անգամ վրիպումն ի զորու է զգալի վնաս հասցնել», - ասել է «Ստիմսոն» կենտրոնի փորձագետ Գրիեկոն, - «Հարվածների ամեն ալիքի հաջորդում է օպերատիվ արձագանք, որն Իրանը հավանաբար հետազոտում է՝ հասկանալու, թե ո՞ր հետագծերն ու ժամանակամիջոցներն են ամենաանպաստավորը հրթիռակոծման համար»։

Գրիկոյի կանխատեսմամբ՝ հրադադարի չհաստատման և լրջագույն փոփոխությունների բացակայության պայմաններում Իրանի հարվածների թիվը կա՛մ կայուն կմնա, կա՛մ էլ կսկսի բարձրանալ։