Իրանի դեմ պատերազմից 6 ամիս անց․ 4 բան, որ կարող են որոշել ապագան

Վեց ամիս է անցել այն օրից, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված ավիահարվածներով մեկնարկեց հակամարտությունը, որը ցնցեց էներգետիկ շուկաները և խաթարեց համաշխարհային նավագնացությունը: Սակայն այս առճակատման վերջը դեռ հստակ չի երևում: Չնայած Իրանի ռազմական կարողությունները լրջորեն վնասվել են, այն պահպանում է իր ազդեցությունը Հորմուզի նեղուցում։

Վաշինգտոնի քաղաքական տարբեր շրջանակների ներկայացնող փորձագետները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք են հայտնում, որ հաջորդ փուլը կորոշի չորս հարց՝ որքա՞ն ժամանակ Իրանը կարող է դիմանալ տնտեսական ճնշմանը, արդյոք դիվանագիտությունը կարո՞ղ է ռազմական ձեռքբերումները վերածել երկարատև կարգավորման, ի՞նչ կլինի Հորմուզի նեղուցի հետ, և արդյոք Ռուսաստանն ու Չինաստանը կօգնե՞ն Թեհրանին վերականգնվելու հարցում։

«Տնտեսական գրոհ»

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության նախկին փոխհրամանատար, թոշակի անցած փոխծովակալ Ռոբերտ Հարվարդը իրադրությունը նկարագրում է որպես «կայուն վիճակ»։ Սակայն նա պնդում է՝ Թեհրանի համար ժամանակը սպառվում է:

«Նրանց համար ամենամեծ խնդիրը ժամանակն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Հարվարդը՝ հավելելով, որ երկարատև տնտեսական ճնշումը, ի վերջո, կարող է ներքին սպառնալիք դառնալ Իրանի կառավարության համար:

Դեկտեմբերին և հունվարին տեղի ունեցած զանգվածային ցույցերը, որոնք միայն դաժան ուժի կիրառմամբ, այդ թվում՝ հազարավոր ցուցարարների սպանությամբ, հնարավոր եղավ ճնշել, պայմանավորված էին սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրներով։

Ահա, թե ինչպես է Վաշինգտոնն այժմ ներկայացնում հակամարտությունը. օգոստոսի 24-ին ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարեց «տնտեսական գրոհի» միջոցառումների մասին, որոնք ուղղված են Իրանի հետագա մեկուսացմանը: Բեսենթն այս հարցը կբարձրացնի G20-ի ֆինանսների նախարարների հետ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Աշվիլ քաղաքում կայանալիք հանդիպումների ժամանակ:

Հարվարդը նշում է, որ այս ճնշումը կարող է վերածվել ներքին սպառնալիքի, եթե Թեհրանն ի վերջո դժվարությունների հանդիպի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), «Բասիջ» աշխարհազորին կազմակերպությանն ու պետական այլ հաստատություններին աշխատավարձ վճարելու հարցում, կամ եթե շարքային իրանցիները բախվեն վառելիքի և այլ անհրաժեշտ ապրանքների պակասի։

Ձմեռային պայմանների պարագայում, ասում է նա, ճնշումը կարող է ավելի զգալի դառնալ։

Չինաստանն այս հարցում կենտրոնական դեր ունի:

Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի Տնտեսական և ֆինանսական հզորության կենտրոնի տնօրեն Էլեյն Դեզենսկին ասում է, որ Իրանի հետ Չինաստանի տնտեսական հարաբերությունները նշանակալի են, բայց այն դաշինք չէ ավանդական իմաստով:

Իրանից արտահանվող նավթի մոտ 80 տոկոսը գնում է Չինաստան, սակայն իրանական նավթը Չինաստան ներմուծվող հում նավթի միայն մոտ 12-13 տոկոսն է կազմում:

«Եթե Չինաստանը դադարեցնի իրանական նավթի գնումը, դա մեծ ազդեցություն կունենա», - ասում է Դեզենսկին: Այնուամենայնիվ, Պեկինը մինչ այժմ դիմակայել է Թեհրանի հետ առևտրային հարաբերությունների հարցում ԱՄՆ ճնշմանը:

Խնդիրն ավելի երկարաժամկետ ֆինանսական կողմ ունի։ Իրանական նավթը յուանով վաճառելը և դոլարային ցանցից դուրս գործող համակարգերի միջոցով վճարումները կարող են ամրապնդել ֆինանսական այլընտրանքային ենթակառուցվածքը:

«Այն, թե ինչպես է Իրանը ներգրավված այս գործարքներում, և ինչպես է Չինաստանն աջակցում դրանց, դա փորձ է՝ խարխլելու ԱՄՆ դոլարի դերը համաշխարհային էներգետիկ շուկայում», - ասում է Դեզենսկին:

Հնարավո՞ր է, որ դիվանագիտությունը վերականգնվի

Թեև հետագա ռազմական գործողությունները չեն բացառվում, պաշտոնյաները ենթադրում են, որ դրանց արդյունավետությունը թերևս հասել է իր գագաթնակետին, այլ կերպ ասած՝ թիրախավորելու ոչինչ չի մնացել:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսին ասել էր, որ Իրանի պաշտպանական-արդյունաբերական բազան «զանգվածային կորուստներ» է կրել՝ 80-ից 90 տոկոսի սահմաններում: Նախագահ Դոնալդ Թրամփը սկզբում հայտարարեց, որ Իրանի հրթիռների և արձակման կայանների 90 տոկոսը ոչնչացված է, իսկ ավելի ուշ փոխեց իր գնահատականը՝ 82 տոկոս: Նա բազմիցս հայտարարել է, որ Իրանի նավատորմը ոչնչացվել է։

Այնուամենայնիվ, այն, ինչ դրանից մնացել է, համառորեն կարողանում է խոչընդոտել Հորմուզի նեղուցով նավագնացությանը։

Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի Ռազմական և քաղաքական հզորության կենտրոնի ավագ տնօրեն Բրեդլի Բոումանի համար հիմնական տարբերությունը ռազմական դեգրադացիայի և երկարաժամկետ քաղաքական արդյունքի միջև է:

«Մերձավոր Արևելքում մարտի դաշտում ունեցած հաջողությունները քաղաքականության կայուն և դրական արդյունքների վերածելու հարցում Ամերիկան մշտապես բախվում է մարտահրավերների, - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է Բոումանը,- Մենք հաճախ հաղթում ենք մարտի դաշտում, բայց պարտվում ենք բանակցությունների սեղանի շուրջ»։

Նա ասում է, որ Իրանում կայուն քաղաքական փոփոխությունը կպահանջի վճռական գործողություններ հենց իրանցիների կողմից։ Վաշինգտոնը, հավելում է նա, քաղաքական կամք չունի Իրան ուղարկելու «հազարավոր» զինվորականներ և կրելու այն կորուստները, որոնք անխուսափելիորեն կլինեն նման գործողության հետևանքով։

Բոումանը նաև նշել է, որ պատերազմն ի ցույց դրեց ԱՄՆ ռազմական ծախսերի չափն ու հարցեր առաջացրեց պատերազմի այլ հավանական թատերաբեմերի համար անհրաժեշտ հարձակողական և պաշտպանական բնույթի առկա զինամթերքի քանակի վերաբերյալ:

Իրանից խառը ազդանշաններ կան։

Որոշ տարրեր, այդ թվում՝ ԻՀՊԿ-ն, նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ կարծես թե չեն շտապում բանակցություններ վարել: Հոգևորական իշխանության մյուս կարևոր ներկայացուցիչները վերջերս բազմիցս են խոսել տնտեսական դժվարությունների, ինչպես նաև դիվանագիտության վերականգնման կարևորության մասին:

Հորմուզը՝ Իրանի գլխավոր լծակ

Ըստ Ազգային պաշտպանության համալսարանի Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ազգային անվտանգության հարցերով պրոֆեսոր Գավդաթ Բահգաթի՝ վերջին վեց ամիսների ամենակարևոր զարգացումը կարող է լինել Հորմուզի նեղուցի՝ որպես Իրանի բանակցային գլխավոր գործիքի ի հայտ գալը:

«Նույնիսկ եթե միջանկյալ համաձայնագիր ստորագրվի, դա կլինի ժամանակավոր, բայց ապագայում նրանք կշարունակեն սպառնալ, որ կփակեն նեղուցը», - ասում է նա։

Սովորաբար ջրային այս ուղով տեղափոխվում է աշխարհում սպառվող նավթի, հեղուկ բնական գազի և այլ կենսական նշանակության ապրանքների մոտ մեկ հինգերորդը: Սա նաև ԱՄՆ-ին տնտեսական ճնշման է ենթարկել, քանի որ համաշխարհային շուկաները բարձրացնում են բենզինի գները:

Նեղուցի լայնությունը ամենացածր կետում կազմում է ընդամենը մոտ 39 կիլոմետր։ Ե՛վ Իրանը, և՛ Օմանը որպես իրենց տարածքային ջրեր հավակնում են դրա 22,2 կիլոմետրին, ինչը Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն՝ թույլատրելի առավելագույն սահմանն է, ինչը նշանակում է, որ այդ տարածքում միջազգային ջրեր չկան:

Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան կոչված է երաշխավորելու առևտրային նավերի տարանցիկ անցման իրավունքը և արգելում է դրանց արգելափակումը: Այնուամենայնիվ, Թեհրանը երբեք չի վավերացրել Կոնվենցիան և ասում է, որ այս պայմանագրով ստանձնած պարտավորություն չունի: ԱՄՆ-ն ևս այն չի վավերացրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալ

Բահգաթն ասում է, որ Պարսից ծոցի երկրները, ի վերջո, կարող են ձգտել հասնել ինչ-որ կարգավորման, որը կվերականգնի կայունությունը, նույնիսկ եթե այն պաշտոնականացնի Իրանի որոշակի դերը նեղուցում: Այս երկրների համար առաջնահերթությունը, նրա խոսքով, տնտեսական կայունությանը վերադառնալն է։

Ավելի բարդ հարցն այն է, թե արդյոք Վաշինգտոնը կարո՞ղ է հանդուրժել իրանական վերահսկողության ցանկացած ձև կամ տնտեսական օգուտ ջրային այս ուղու օգտագործումից:

Բոումանն ասում է, որ գլխավոր հարցն այն է, թե արդյոք առևտրային նավերի կապիտաններն ու ապահովագրողներն անվտանգ կհամարե՞ն այս երթուղին։

Ուստի Իրանին պետք չէ ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցը։ Հրթիռներով կամ անօդաչու թռչող սարքերով պարբերական հարձակումները կարող են մեծացնել ապահովագրության ծախսերը և խոչընդոտել բեռնափոխադրումներին, իսկ Ծոցի ենթակառուցվածքների վրա հարձակումները կարող են հետագայում ճնշում գործադրել Վաշինգտոնի հետ համագործակցող երկրների վրա:

«Սա մեր արաբ գործընկերներին փաստացի վերածում է ազդեցության լծակների, որոնք Իրանն օգտագործում է Վաշինգտոնի վրա ճնշում բանեցնելու համար», - ասում է Բոումանը:

Օգնություն Ռուսաստանից և Չինաստանից

Մեկ այլ կարևոր հարց է այն, թե արդյոք Իրանի արտաքին գործընկերները կարո՞ղ են օգնել երկրի վերակառուցման հարցում։

Բոումանը նշում է, որ Չինաստանի կողմից արդյունաբերական քիմիական նյութերի մատակարարումը, ինչպես նաև Ռուսաստանից հետախուզական տվյալների և անօդաչուների տրամադրումն Իրանին վկայում են, որ այս երկրներն աճող աջակցություն են ցուցաբերում Թեհրանին: Նա ասում է, որ Մոսկվան դիտարկում է Իրանին Սու-35 կործանիչներ մատակարարելու հարցը, իսկ Պեկինը կարող է երկակի նշանակության նյութերի մատակարարումից անցնել պատրաստի զենք-զինամթերք մատակարարելուն:

Այդ աջակցության ապագան մեծապես կախված կլինի նրանից, թե Պեկինը և Մոսկվան ինչպես կգնահատեն ԱՄՆ-ի հավանական պատասխանը, բացատրում է նա։

«Չինաստանն ամենից շատ վախենում է ԱՄՆ-ի կողմից երկրորդական պատժամիջոցների կիրառումից», - ասում է Բոումանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արևմուտքը պետք է դադարի դիտարկել Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը որպես առանձին մարտահրավերներ․ Ուոքեր

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությունն ակնարկ էր դրա մասին։ Բայց այս պատժամիջոցներին նաև Չինաստանը կարող է հակադարձել, և հասկանալի չէ, թե Վաշինգտոնը որքանով է պատրաստ մեծացնել այս տեսակ ճնշումը:

Իրանի ռազմական հզորության վերականգնումն անքակտելիորեն կապված է ավելի լայն ցանցի հետ, որն աջակցում է այս երկրին։

Բոումանի գլխավորած ուսումնասիրությունը 2019-ի հունվարից մինչև 2025-ի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում փաստագրել է Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջև անվտանգության ոլորտում համագործակցության 616 դրվագ, որոնք ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են զենքի մշակումն ու փոխանցումը, զորավարժությունները, հետախուզական տվյալների փոխանակումը և ռազմական դիվանագիտությունը: