Մատչելիության հղումներ

Արևմուտքը պետք է դադարի դիտարկել Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը որպես առանձին մարտահրավերներ․ Ուոքեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և իր իրանցի գործընկեր Մասուդ Պեզեշկիանը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ 2025 թվականի սեպտեմբեր։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և իր իրանցի գործընկեր Մասուդ Պեզեշկիանը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ 2025 թվականի սեպտեմբեր։

Չինաստանում ռուս զինվորների հնարավոր վերապատրաստման մասին լուրերից հետո Գերմանիայի արտգործնախարարություն Չինաստանի դեսպանի կանչվելը վերակենդանացրել է Ուկրաինայի դեմ Մոսկվայի պատերազմին Պեկինի աջակցության ուսումնասիրությունները։

Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) փոխնախագահ Քրիստոֆեր Ուոքերի գնահատմամբ՝ ենթադրյալ վերապատրաստումը չպետք է որպես մեկուսի զարգացում դիտարկել։ Դա, ըստ նրա, վկայում է դիվանագիտական, տնտեսական, ռազմական և տեղեկատվական հարթություններում ավտորիտար կառավարությունների միջև ավելի լայն համագործակցության մասին՝ թեկուզև առանց պաշտոնապես հաստատված դաշինքի առկայության։

«Ազատության» հետ զրույցում Ուոքերն անդրադառնում է Ռուսաստանի պատերազմական ջանքերին, Չինաստանի աջակցությանը, Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի միջև զարգացող հարաբերություններին, ինչպես նաև հարցին, թե ինչո՞ւ է ժողովրդավարություններին կայուն և երկարաժամկետ ռազմավարություն անհրաժեշտ՝ ավտորիտար տերությունների հետ մրցակցելու համար։

«Ազատություն». Ռուս զինվորների՝ Պեկինի կողմից հնարավոր վերապատրաստման մասին հետախուզական տվյալների կապակցությամբ Գերմանիան արտաքին գործերի նախարարություն է կանչել Չինաստանի դեսպանին։ Սա նշանակալի զարգացո՞ւմ է։

Քրիստոֆեր Ուոքեր. Կարծում եմ՝ արդարացի կլինի ասել, որ Չինաստանը Ուկրաինայում ռուսական պատերազմական ջանքերին համակարգված աջակցություն է ցուցաբերել, և, հետևաբար, երևի թե այդքան էլ մեծ անակնկալ չպետք է լինի, որ Չինաստանի իշխանությունները, ըստ ամենայնի, որոշել են նմանատիպ աջակցություն տրամադրել ռուսական պատերազմական ջանքերին։ Ինչպես նշել են այլ փորձագետներ, Չինաստանի աջակցությունն իրականում առանցքային նշանակություն է ունեցել Ռուսաստանի պատերազմական ջանքերի համար։

«Ազատություն». Պեկինի դերն այժմ զգալիորեն հատո՞ւմ է դիվանագիտական աջակցության սահմանները՝ վերածվելով Մոսկվայի համար կենսական տնտեսական և լոգիստիկ գործընկերոջ։

Ուոքեր. Կարծում եմ, Չինաստանը փորձել է երկակի խաղ խաղալ՝ իր տեղեկատվական և քարոզչական խողովակներով ազդակներ ուղարկելով, թե ձգտում է գործել իբրև ազնիվ միջնորդ կամ ինչ-որ կողմնակի դիտորդ։ Սակայն նրա գործողություններն ու աջակցությունը մատնում են այդ միտքը, ինչպես ուկրաինական ռազմաճակատ մեկնելուց առաջ վերապատրաստում անցած ռուս զինվորներին տրամադրվող ենթադրյալ աջակցության վերաբերյալ վերջին լուրերի, այնպես էլ տնտեսական առումով՝ պահեստամասերի տրամադրմամբ, դիվանագիտական թիկունքի ապահովմամբ, նաև տեղեկատվական ու քարոզչական աջակցության տեսքով։

Որոշ իմաստով սա այն աջակցության փաթեթի մի մասն է, որը Չինաստանն, ըստ էության, տրամադրում է Ռուսաստանին՝ [2022 թվականի փետրվարին] Ուկրաինայի վրա լայնամասշտաբ հարձակումից ի վեր։ Ավելին, Ռուսաստանի և Չինաստանի միջև նոր ձևավորված հարաբերություններն է՛լ ավելի վաղ են սկսել զարգանալ։ Գուցե հնարավոր լինի պնդել, որ դա ձգվում է մինչև 2012 թվականը, երբ Սի Ծինփինը ստանձնեց Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի և այլ բարձրաստիճան պաշտոններ, և գրեթե նույն ժամանակահատվածում Վլադիմիր Պուտինը վերադարձավ Ռուսաստանի նախագահի պաշտոնին։

Ժամանակի ընթացքում իրենք իսկապես մտերիմ հարաբերություններ են կառուցել… Պուտինի՝ Կրեմլ վերադարձից և Սի Ծինփինի՝ Չինաստանի բարձրագույն պաշտոնն ստանձնելուց հետո իրենք, հավանական է, հանդիպել են շուրջ 70 անգամ՝ դեմ առ դեմ կամ տեսակապի միջոցով։ Իրենք իսկապես հասել են, ինչպես մենք ենք դա անվանում, ավելի լայն աշխարհին մոտենալու ընդհանուր գիտակցության։

«Ազատություն». CEPA-ի վերջին զեկույցը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև զարգացող հարաբերություններն է ուսումնասիրում։ Որքանո՞վ են այդ երկրների կառավարությունները համակարգված ռազմավարական գործընկերություն զարգացրել, և ինչպե՞ս է դա անդրադառնում ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող դաշինքի համակարգի վրա։

Ուոքեր. Դե, այնպես չէ, թե ամեն ինչ մանրակրկիտ կերպով փորձում են միասնաբար համակարգել։ Կարծում եմ՝ նրանք աշխատանքային հարաբերություններ են հաստատել, որի շրջանակում, «ըստ անհրաժեշտության» սկզբունքով աջակցություն են տրամադրում ներգրավված մյուս տերություններին։

Ինչպես նշել ենք զեկույցում, համագործակցությունը միշտ չէ, որ դյուրին է։ Այն իր սահմանափակումներն ունի, բայց ինչ վերաբերում է տնտեսական և էներգետիկ աջակցության, կամ որոշ դեպքերում՝ ռազմական աջակցության կարևոր ուղղություններին, չենք կարող մոռանալ, որ Իրանը մեծաքանակ անօդաչուներ էր տրամադրում Ռուսաստանին՝ Ուկրաինայի վրա երկարաժամկետ հարձակման համար։

Այս ռեժիմները, կարծում եմ, ընկալում են նպատակաուղղված գործակցության օգուտը։ Շատ առումներով, մանավանդ եթե 15 կամ 20 տարի հետ գնանք և այդտեղից դիտարկենք, կարծում եմ՝ այս հարաբերությունները զարգացել են անսպասելի ձևով՝ այն աստիճան, որ Թեհրանի, Մոսկվայի և Պեկինի ռեժիմները բավականին արդյունավետ համագործակցում են մեկը մյուսի հետ, եթե նույնիսկ տեխնիկական իմաստով այն համակարգված գործակցություն չէ։

«Ազատություն». Ըստ ձեր զեկույցի՝ վերոնշյալ կառավարությունները հաճախ համագործակցում են առանց պաշտոնապես հաստատված ինստիտուցիոնալ կառուցակարգերի, որոնք կան ՆԱՏՕ-ում։ Քաղաքականություն մշակողներն այս ճկունությունը պետք է թուլությո՞ւն համարեն, թե՞ սխալ կլինի ենթադրել, որ պաշտոնական դաշինքի բացակայությունը սահմանափակում է արդյունավետ համագործակցության նրանց կարողությունը։

Ուոքեր. Դե, ինչ-որ առումով, կարող է երկուսն էլ լինել։

«Կարծում եմ, որ այս ռեժիմները վախենում են իրենց իսկ բնակչությունից՝ մասամբ այն պատճառով, որ ժողովրդավարական մանդատ չեն ստացել»

Չմոռանանք, որ իրանական ռեժիմը վերջին ամիսներին երկրի հազարավոր բնակիչների է սպանել։ Ռուսաստանը տարատեսակ միջոցներով դաժան վերաբերմունք է ցուցաբերում սեփական քաղաքացիների նկատմամբ։ Տասնյակ հազարավորները որոշում են լքել երկիրը։ Իսկ Չինաստանը, կարելի է պնդել, մոլորակի ամենաարդյունավետ տեխնո-ավտորիտար մեքենան է շահագործում։

Այսպիսով, սրանք երկրներ են, որոնց առաջնորդներն ակնհայտորեն վախենում են իրենց իսկ հանրույթներից։ Այս առումով նրանք փխրուն են։

Բայց միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների և այլ ազատ հասարակությունների համար անպատասխանատվություն կլինի լրջորեն չմոտենալ այս երկրների դիրքավորմանը։ Որոշ առումով նրանք միմյանց պահեստային աջակցություն [կարիքի դեպքում միմյանց շտապ օժանդակություն տրամադրելու կարողություն], ինչպես նաև գործընկերության միջոցով ձևավորվող օգուտներ են տրամադրում՝ օգուտներ, որոնք ժողովրդավարական երկրներն իրենք պետք է փորձեն նվաճել։

«Ազատություն». Որոշ պաշտոնյաների կարծիքով՝ Ռուսաստանի աճող տնտեսական կախվածությունը Չինաստանից ի վերջո կարող է լարվածության հանգեցնել երկու երկրների միջև, որի արդյունքում Ռուսաստանը Պեկինի կրտսեր գործընկերոջ կարգավիճակում կհայտնվի։ Արևմուտքն այս անհավասարակշռությունը կարո՞ղ է որպես խոցելիություն կիրառել, թե՞ ԱՄՆ-ի նկատմամբ նրանց ընդհանուր դիմադրությունն ավելի ծանրակշիռ է, քան նրանց միջև հնարավոր հակասությունները։

«Վլադիմիր Պուտինը գրավադրել է իր երկրի ապագան՝ Չինաստանի հետ հարաբերություններում ՌԴ-ն շատ ավելի թույլ և կախյալ գործընկեր դարձնելով»

Ուոքեր. Դե, այս առումով ևս, կարծում եմ, որ Պեկինի և Մոսկվայի առաջնորդների փոխհարաբերությունների ներկա պատկերը հիմնված է Արևմուտքի հանդեպ հակակրանքի և Միացյալ Նահանգները թուլացած տեսնելու ձգտման վրա, և այստեղ դիմացկունությունը մեծ է։

Այսինքն, այնքանով, որքանով դա ճեղքեր է առաջացնում Ռուսաստանի իշխող վերնախավի ներսում, կարծում եմ՝ դա ցանկալի է այս համատեքստում։ Կարո՞ղ ենք հույս դնել իրադարձությունների արագ զարգացման վրա։ Կարծում եմ՝ դա անխոհեմ և անպատասխանատու կլինի, որովհետև այս ռեժիմները ցմահ են. նրանք հեռանալու որևէ մտադրություն չունեն և գործում են ըստ այդմ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ մայիսին Պեկինում կայացած հանդիպմանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ մայիսին Պեկինում կայացած հանդիպմանը։

Այս իրադրությունն, ըստ իս, Արևմուտքի և ԱՄՆ-ի կողմից, այսպես ասած, երկարաժամկետ ու կայուն հանձնառություն է պահանջում՝ դիմագրավելու այն մրցակիցներին, որոնց մենք բախվում ենք։ Այս մրցակիցները տարբեր մակարդակներում ներդրումներ են կատարում՝ նպատակ հետապնդելով թուլացնել ԱՄՆ-ն։ Կարծում եմ՝ մենք և մեր բնական դաշնակիցները պետք է երկարաժամկետ կտրվածքով պատրաստ լինենք այդ մրցակցությանը։

«Ազատություն». Ռազմական և տնտեսական համագործակցությունից անդին, թե՛ Պեկինը, թե՛ Մոսկվան շարունակում են խոշոր ներդրումներ իրականացնել համաշխարհային մեդիայի և տեղեկատվական գործունեության մեջ։ Վերլուծաբանները ռուսական և չինական տեղեկատվական ռազմավարությունները հաճախ իրարից տարբերվող են որակել։ Ռուսաստանը փորձում է խանգարել, մինչդեռ Չինաստանը կառավարմանը և միջազգային կարգին վերաբերող ավելի երկարաժամկետ տեսալական է առաջ տանում։ Այնուամենայնիվ, նրանց տեղեկատվական ջանքերն էլ ավելի՞ են ամրապնդում միմյանց։

Ուոքեր. Կարծում եմ՝ Ռուսաստանի և Չինաստանի տեղեկատվական ապարատները, որոնք զարգացել են երկար ժամանակամիջոցում, այժմ համընկնում են՝ լինի դա նպատակաուղղված արդյունք, թե զուգադիպություն։ Բոլոր դեպքերում, դրան պետք է լրջորեն մոտենալ։

Օրինակ՝ Լատինական Ամերիկայում չինական և ռուսական պետական լրատվամիջոցների առաջ մղած թեմաներում այսօր զգալի համընկնումներ կան։ Վերջին տարիներին այդ նարատիվները նաև ամրապնդել են Կարակասից և Հավանայից հնչող ուղերձները։

Այդ իմաստով տեսնում ենք, որ ավտորիտար աղբյուրները մեդիա գործունեություն են ծավալում տարածաշրջանի իսպանախոս երկրներում։

Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) փոխնախագահ Քրիստոֆեր Ուոքերը
Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) փոխնախագահ Քրիստոֆեր Ուոքերը

Նույնանման գործունեության ականատես ենք լինում նաև Ենթասահարայի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի որոշ հատվածներում։

Այս ամենին լուրջ պետք է մոտենալ, քանի որ տրամաբանությունը հուշում է, որ չմրցելու դեպքում խաղադաշտում գտնվող, ռեսուրսներ ներդնող և քրտինք թափող թիմն առավելություն է ունենալու։

Միացյալ Նահանգների բարձր համբավը հարցականի տակ դնող այս նարատիվները տարբեր ձևերով տարածվում են թե՛ ռուսական, թե՛ չինական պետական լրատվական աղբյուրների կողմից։ Կարծում եմ, դա ռազմավարական առումով Միացյալ Նահանգների դեմ է գործում, ուստի ավելի մեծ ուշադրություն և հետևողական հանձնառություն է անհրաժեշտ։

«Ազատություն». Որքանո՞վ են Ռուսաստանը և Չինաստանը հաջողել, օրինակ, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում հանրային կարծիքի ձևավորման ջանքերում՝ մասնավորաբար՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ կապված։

Ուոքեր. Եթե Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը որպես ցուցիչ վերցնենք, աչքի են ընկնում հակամարտության վերաբերյալ աշխարհի տարբեր մասերի, այդ թվում՝ Ենթասահարայի, Լատինական Ամերիկայի և այլ տարածաշրջանների լսարանների ծայրահեղ դիտարկումները։

Ռուսաստանն, անտարակույս, ագրեսորն է։ Այն չհրահրված հարձակում նախաձեռնեց Ուկրաինայի դեմ։ Սակայն աշխարհի շատ մասերում ըմբռնումն այդպիսին չէ։ Դա գոնե մասնակիորեն պայմանավորված է Պեկինի և Մոսկվայի կողմից տնօրինվող և կառավարվող աղբյուրների կողմից տեղեկատվության և պնդումների համակարգային տարածմամբ, որոնք գրեթե միշտ նրանց լույսի ներքո են մատուցում իրադարձությունները։

Կարծում եմ՝ դա լուրջ մոտեցման է արժանի, քանի որ եթե դա տեղի է ունենում այս դեպքում, բնականաբար, կարող է տեղի ունենալ նաև այլ հարցերի դեպքում, օրինակ՝ ԱՄՆ-ի պարագայում։

Սա նոր բան չէ։ Չինական և ռուսական պետություններն այս համաշխարհային ջանքերը երկար ժամանակ է, ինչ ներդնում են ժամանակակից համատեքստում, վստահաբար՝ ավելի քան մեկ տասնամյակ։ Կարծում եմ՝ սա մի բան է, որին պետք է չափազանց լուրջ վերաբերվենք։

Ծավալը կրճատելու և խոսքը պարզեցնելու նպատակով հարցազրույցը խմբագրվել է։
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG