Ինչպե՞ս ԲՀԿ-ն դուրս մնաց ԱԺ-ից, ՔՊ-ն ստացավ 3/5. ԿԸՀ որոշումը դիտորդներն ապօրինի են որակում

ԿԸՀ հունիսի 14-ի նիստը, որում ամփոփվեցին ընտրությունների վերջնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացահայտ ապօրինություն թույլ տվեց՝ վերաքվեարկություն չնշանակելով այն տեղամասերում, որոնց արդյունքներն անվավեր էր ճանաչել, հայտարարում են «Անկախ դիտորդ»-ից: Դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ ընտրական հանձնաժողովը կա՛մ պետք է վերաքվեարկություն նշանակեր երեք տեղամասում, կա՛մ՝ ամբողջ հանրապետությունում:

«Մեր սպասելիքները մի քիչ տարբերվեցին իրականությունից, որովհետև մենք չէինք սպասում, որ այդ աստիճան բացահայտ ապօրինություն կարող է անել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Իոաննիսյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատեց հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքները՝ որոշելով վերաքվեարկություն չնշանակել այն տեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքներն անվավեր էին ճանաչվել։ Այս որոշումը վճռորոշ եղավ քաղաքական երկու ուժի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի և «Քաղաքացիական պայմանագրի» համար։ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը դուրս մնաց նոր խորհրդարանից, իսկ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժը ստացավ պատգամավորական մանդատների 3/5-ը։

Այդուհանդերձ, ընտրական հանձնաժողովի նախագահ, նախկին ՔՊ-ական Վահագն Հովակիմյանը երեկ պնդեց. - «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարան անցնելու շուրջ ինտրիգը հասունացավ քվեների հաշվարկի հենց առաջին ժամերից։ Գիշերը ԿԸՀ կայքում նախնական տվյալների հրապարակումից պարզ էր՝ ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկ շեմը, իշխող ՔՊ-ն՝ զրկվում խորհրդարանում 3/5 ունենալու հնարավորությունից։ Արդեն լուսադեմին, երբ հանձնաժողովն ամփոփեց բոլոր 2005 տեղամասերի արդյունքները, ԲՀԿ-ին դեռ հաջողվում էր պահպանել անցողիկ շեմը: Իրավիճակը, սակայն, փոխվեց հունիսի 8-ի առավոտյան։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը մոտ 35 րոպե ուշացումով մեկնարկած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ հրապարակված տվյալներում ներառված չեն եղել էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Դրանց հավելումից հետո պատկերը վերադասավորվեց, և «Բարգավաճ Հայաստան»-ի ձայները դարձյալ նվազեցին՝ կուսակցությանը թողնելով անցողիկ շեմից ներքև:

ԿԸՀ-ի թարմ տվյալներից հետո ԲՀԿ-ն դիմեց վերահաշվարկի՝ պնդելով, որ իր ձայները սխալ են հաշվվել, ինչից հետո պակասող քվեները լրացան։ Սակայն հունիսի 11-ի գիշերային նիստում Վահագն Հովակիմյանի ղեկավարած հանձնաժողովն անվավեր ճանաչեց երկու տեղամասի արդյունքներ. ԲՀԿ-ն կորցրեց 213 ձայն ու կրկին հայտնվեց խորհրդարանից դուրս մնալու վտանգի առջև։

«Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, այն է թե՝ թույլ չտալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հաղթահարել անցողիկ շեմը», - հայտարարեց ԲՀԿ ղեկավարի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ արդյունքների վրա ազդած խախտումների դեպքում ԿԸՀ-ն առանձին տեղամասերում վերաքվեարկություն է նշանակում։ Իսկ եթե խախտումներն անհնար է շտկել, ԱԺ ընտրություններն ամբողջությամբ անվավեր են ճանաչվում, և նշանակվում է համապետական վերաքվեարկություն։

Ընտրական գործընթացին հետևած «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մերի Մինասյանի խոսքով՝ վերաքվեարկություն չնշանակելու ընտրական հանձնաժողովի որոշումը առնվազն խնդրահարույց է:

«ԿԸՀ-ն ինչի՞ վրա է հիմնվել այդ որոշումը կայացնելիս, ինչի՞ հիման վրա են որոշել, որ այդ 3 հազար ընտրողի քվեարկության արդյունքները էական չեն ամբողջ ընտրությունների արդյունքների վրա՝ այն դեպքում, երբ որ մի ուժի՝ խորհրդարան անցնելը կամ չանցնելը ընդամենը մի քանի ձայնի հարց էր: Ո՞նց են իրենք էդ որոշել, ինչ-որ հաշվարկ արել ե՞ն, թե՞ չեն արել, եթե արել են, ինչո՞ւ հրապարակված չի էդ հաշվարկը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մինասյանը:

ԿԸՀ կայքում այսօր հրապարակվեց Վահագն Հովակիմյանի պարզաբանումը, թե ինչու չպետք է լինի մասնակի վերաքվեարկություն: Ըստ նրա՝ եթե հիմնական ընտրություններին մարդիկ քվեարկում էին առանց արդյունքներն իմանալու, ապա հիմա տեսնում են, թե ում քանի ձայն է պակասում։ Սա, ԿԸՀ նախագահի մեկնաբանությամբ, կհանգեցնի հաշվարկված քվեարկության, երբ քաղաքացին քվեարկում է վերջնական արդյունքը միտումնավոր փոխելու համար։

«Անկախ դիտորդ»-ի ներկայացուցչի գնահատմամբ՝ Վահագն Հովակիմյանը մանիպուլյացիա է անում, որովհետև «Բարգավաճ Հայաստան»-ն այդ տեղամասերում արդեն ուներ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ ձայները:

«Եվ այո, մենք այստեղ, ամենայն հավանականությամբ, տեսնելու էինք tactical voting, երբ որ մարդիկ քվեարկում են ոչ թե իրենց քաղաքական նախասիրություններով, այլ զուտ տակտիկալ բաներով, պայմանական՝ բոլոր ընդդիմադիրները քվեարկելու էին «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին, որովհետև մյուս ուժերի օգտին քվեարկելուց առանձնապես բան չէր փոխվի, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի անցնել-չանցնելու հարցն էր», - նշեց Իոաննիսյանը:

Դիտորդները անընդունելի են համարում ընտրական հանձնաժողովի նախագահի մեկնաբանությունը, թե վերաքվեարկության դեպքում կա տակտիկական քվեարկության ռիսկ:

«Էդ կարգավորումը կա, էդ կարգավորումը գրված է օրենքում, և ԿԸՀ-ն չի կարող ասել, որ դա խնդրահարույց կարգավորում է, ուրեմն՝ անվավեր է, ուրեմն՝ չենք հետևում այդ կարգավորմանը: Այսինքն՝ Հովակիմյան Վահագի ասածից ելնում է այն, որ ընդհանրապես երբեք չի կարելի անել առանձին տեղամասերում վերաքվեարկություն, ինչը հասակում է օրենսդրի սահմանած կարգավորումներին՝ [Ընտրական] օրենսգրքի 95 և 101 հոդվածներով», - ընդգծեց Դանիել Իոաննիսյանը:

ԿՀԸ նախագահը, հիմնավորելով որոշումը, նաև Վենետիկի հանձնաժողովին է հղում արել, բայց այստեղ էլ «Ականատես»-ի ներկայացուցչի գնահատմամբ՝ Հովակիմյանը ընտրողաբար է մեջբերել միջազգային փաստաթղթերը, իսկ այնտեղ հստակ է ամրագրված՝ մարդկանց ձայնը չի կարող զրոյացվել ընտրական վարչարարության արդյունքում:

«Շատ խնդրահարույց ենք իրականում համարում այդ որոշումը առաջին հերթին հանրային վստահության տեսակետից՝ ընտրությունների նկատմամբ հանրային վստահության, ընտրական համակարգերի նկատմամբ վստահության, ընտրությունների լեգիտիմության տեսանկյունից: Այսինքն՝ քաղաքացին էլ ո՞նց կարա վստահ լինի, որ ինքը գնալու է ընտրության, ինչ-որ սխալների արդյունքում իր տեղամասում արդյունքները անվավեր չեն ճանաչվելու, ու հետո իր քվեն չարտացոլվի ընդհանուր պատկերում: Այսինքն՝ մի քիչ արդեն այդ որոշումը կարող է տանել ապատիայի և չմասնակցության ընդհանրապես ընտրություններին քաղաքացիների կողմից», - ասաց Մերի Մինասյանը:

«Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, հաշվի առնելով ընտրակաշառքի բացահայտումներն ու ԿԸՀ երեկվա որոշումը, եզրակացնում է՝ նոր խորհրդարանն ունի լեգիտիմության խնդիր: Նա հույս է հայտնում, որ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կշտկի իրավիճակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդդիմադիր ուժերը ԲՀԿ-ի ԱԺ անցնելու հարցը փակված չեն համարում. ընտրությունները կվիճարկեն ՍԴ-ում Վերաքվեարկություն տեղի չի ունենա. ԿԸՀ-ն հրապարակեց որոշումը՝ ԲՀԿ-ն դուրս մնաց ԱԺ-ից Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը, բայց «արձանագրել է խախտում և վերաքվեարկության անհրաժեշտություն». ՏոնոյանԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները«Բարգավաճ Հայաստանը» մեղադրում է ԿԸՀ-ին կուսակցության հնարավոր մուտքը խորհրդարան կանխելու համարԿԸՀ-ն անվավեր է ճանաչել ևս մեկ ընտրատեղամասի քվեարկության արդյունքներըՍուրենյանց. ԿԸՀ-ն միտումնավոր չի հայտարարել երկու տեղամասերում վերաքվեարկության մասին«Նպատակը՝ ԲՀԿ-ին ԱԺ մտնել թույլ չտալն է». Ծառուկյանի ուժը սկսում է «քայլերի շարք» ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները