Վարչական դատարանն ուշ գիշեր մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, «սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն»,- հայտնում է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
2 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումների դեմ ԲՀԿ-ն հայցեր էր ներկայացրել Վարչական դատարան: ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը երեկվա նիստում նշել էր, որ 2 տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքով՝ ԲՀԿ-ի համար 4 տոկոսի շեմի հաղթահարման խնդիր է առաջանում:
ԲՀԿ ներկայացուցիչները նախօրեին դատարանում նաև պնդել էին, որ ԿԸՀ-ն իրավունք չուներ անվավեր ճանաչել ընտրատեղամասերի արդյունքները, քանի որ դա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունն է: Փոխարենը՝ ԿԸՀ-ն կարող էր վերաքվեարկության որոշում կայացնել, ինչը չի արել: Հետևաբար, հայցվոր կողմը դատարանից պահանջել էր բեկանել ԿԸՀ որոշումը: ԿԸՀ փոխնախագահը, սակայն, հակադարձել էր՝ գործել են ընտրական օրենսգրքի շրջանակում, հետևաբար խնդրել էր հայցը մերժել:
Այս շաբաթ ընտրատարածքային հանձնաժողովներում տեղի ունեցած վերահաշվարկից հետո ԲՀԿ ձայներն ավելացան 147-ով, սակայն դրան զուգահեռ 222-ով պակասեցին՝ 3 ընտրատեղամասերի ՝ 35/ 65 -ի, 10/51 -ի և 12/13 -ի արդյունքներն անվավեր ճանաչվելուց հետո:
Արդյո՞ք ԿԸՀ-ն այդ տեղամասերում վերաքվեարկության որոշում կկայացնի, պարզ կլինի այսօր՝ ԿԸՀ երեկոյան նիստում: Նիստում հրապարակվելու է ոչ միայն ընտրությունների վերջնական արդյունքները, այլև քննարկվելու է 3 տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու հարցը, ինչպես նաև ընտրություններն անվավեր ճանաչելու «Ուժեղ Հայաստանի» և «Միասնության Թևերի» դիմումները:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ավելի վաղ հայտարարել էր. «Հունիսի 14-ին մենք ունենալու ենք իդեալական արդյունքներ»:
«Ուժեղ Հայաստանը» օրերս ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Դիմումը ԿԸՀ մուտքագրած քաղաքական ուժի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը պնդել էր՝ ՔՊ-ի ստացած 700 հազար ձայներից առնվազն 100 հազարը «կասկածի» տակ են դնում, ինչը նշանակում է, որ պետք է լինի ընտրությունների 2 -րդ փուլ:
«Միասնության Թևեր» կուսակցությունը ևս ընտրություններն անվավեր ճանաչելու եւ վերաքվեարկություն իրականացնելու համար դիմում է ներկայացրել ԿԸՀ:
Նախնական արդյունքներով ՔՊ -ն ստացել է 49.82, իսկ «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.28 տոկոս ձայն:
Եթե Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» մեղադրում է Նիկոլ Փաշինյանին ընտրությունները կեղծելու մեջ, ապա իշխող ՔՊ-ն էլ պնդում է՝ եթե չլիներ ընտրակաշառաքը, ապա ընդդիմադիր ուժերը ընդհանրապես անցողիկ շեմը չէին հաղթահարի: