Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը մի շարք բուժհաստատություններից պահանջում է վերադարձնել իր իսկ կողմից հաստատված և ֆինանսավորված ամբուլատոր բուժման գումարները։ Հիմնադրամը պատճառաբանում է, որ որոշ դեպքեր չեն համապատասխանել Կառավարության սահմանած չափանիշներին։ Այսինքն՝ հենց հիմնադրամը բուժումը նախ հաստատել, հետո ֆինանսավորվել է, իսկ ամիսներ անց կլինիկաներից պահանջել է վերադարձնել այդ գումարը։
«Որոշումը ընդունելուց հետո երբ որ մշտադիտարկումներ էինք իրականացնում, մենք նկատեցինք, որ կան խորհրդատվություններ մեր ընտանեկան բժիշկների մոտ, որոնց դեպքում ախտորոշումները չեն համապատասխանում էդ 8-րդ Հավելվածին: Մենք շրջաբերական ենք ուղարկել իրենց, հանդիպումների ընթացքում զգուշացրել ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Առողջապահության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը:
Մի խումբ բժիշկներ պնդում են, որ այդ պահանջը պետք է կասեցվի, մինչև հստակեցվեն իրավական և տեխնիկական խնդիրները։ Նրանք ցանկանում են հասկանալ՝ ի՞նչ իրավական հիմքով են գումարները հետ պահանջվում, եթե ծառայությունները «Արմեդ» համակարգով ընդունվել, ստուգվել և ֆինանսավորվել են հիմնադրամի կողմից։
«Ազատությանը» դիմած տասնյակ բժիշկներից միայն մեկը համաձայնեց խնդրի մասին անձամբ պատմել, բայց՝ անանուն: 25 տարվա ընտանեկան բժիշկը հարցնում՝ ինչո՞ւ է գումարների վերադարձի պահանջը ներկայացվել միայն վեց ամիս անց, և ինչպե՞ս է ստացվել, որ հարյուրավոր բժիշկներ նույն կերպ են հասկացել աշխատանքի մեխանիզմը։
«Պարզվում է, որ մենք ավելի քան վեց ամիս աշխատել ենք ոչ ճիշտ, որովհետև ապահովագրական հիմնադրամը որոշել է, որ բժիշկները պետք է աշխատեն այսպես կոչված 8-րդ Հավելվածի հիվանդությունների ցանկով: Մեզ ապահովագրությունը մերժում է նախկին ամիսներին տրված գումարները», - ասաց «Ազատության» զրուցակիցը՝ հավելելով. - «Եթե «Արմեդ»-ը խնդիրներ ունի, դա «Արմեդ»-ի խնդիրն է, բժշկի խնդիրը չի, եթե հասկացել են, որ գումարները շատ են, ուրեմն՝ մի բան էն չի»:
Բժշկական երկու ասոցիացիաներ հիմնադրամի մեկնաբանությունները վիճելի են համարում։ Նրանց խոսքով՝ Հավելված N 8-ում ամբուլատոր բուժման համար նախատեսված ախտորոշումների ամբողջական ցանկը չկա, իսկ «կյանքում առաջին անգամ հայտնաբերված հիվանդություն» պահանջը որպես ընդհանուր սահմանափակում նշված չէ։
«Մենք հասկանում ենք, որ դա ավելի շատ վերաբերում է հիվանդանոցային բուժման ուղեգրման ցուցումներին, քան թե արտահիվանդանոցային, այսինքն՝ ամբուլատոր: Այնտեղ այնպիսի ախտորոշումներ կան, որ աբսուրդ է, որ հնարավոր լինի պոլիկլինիկայում բուժել: Եթե էդ բոլոր ախտորոշումները պիտի լինեին միայն էն ախտորոշումները, որոնք պետք է լրացուցիչ փոխհատուցում բերեին ընտանեկան բժշկին, ինչո՞ւ դա նախօրոք չի ասվել, այլ մեզ ասվել է, որ բոլոր սուր դեպքերը կարող են ներկայացվել որպես ուղղակի բժշկի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորություն», - նշեց «Ազատության» զրուցակիցը:
Ըստ նրանց՝ գումարների վերադարձի պահանջը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել բուժհաստատությունների համար, քանի որ դրանք արդեն ուղղվել են աշխատավարձերի, հարկերի, սոցիալական վճարների և այլ պարտավորությունների վճարմանը:
Անանուն մնալ ցանկացող «Ազատության» զրուցակիցը վստահ չէ, որ այդ ամիսների ընթացքում նախկինի համեմատ իր ստացած բարձր աշխատավարձը հետ չեն պահանջի. - «Ամսական 4 միլիոն եթե պակաս ենք ստանում, տնօրինությունն էլ ասում է՝ «ես ամսական 4 միլիոն որ պակաս ֆինանսավորեմ, ես ո՞նց եմ տակից դուրս գալու»:
Ասոցիացիաները հարցնում են՝ ինչպե՞ս կարող է հիմնադրամը նոր մեկնաբանության հիմքով հետ պահանջել նախկինում իր կողմից ստուգված, հաստատված և վճարված գումարները, և արդյո՞ք այդ ֆինանսական պատասխանատվությունն ամբողջությամբ պետք է կրի բուժհաստատությունը։
Հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարը պնդեց՝ այդ շեղումների մասին բուժհաստատություններին պարբերաբար շրջաբերականներով զգուշացրել ու տեղեկացրել են։ Կես տարի անց արդեն պահանջել են վերադարձնել գումարները։ Անգամ վերադարձի մեխանիզմ են մշակել, որ բուժհաստատությունները ամիսների ընթացքում կարողանան հիմնադրամին ունեցած պարտքը մարել. - «Մենք պայմանավորվել ենք, որ մենք այդ կատարողականի դիմաց ֆինանսավորելիս հաշվի կառնենք այդ շեղումը, բաժանած վեց ամսվա՝ 1/6 մասի չափով քիչ կֆինանսավորենք տվյալ ամսվա կատարողականը: [...] Եթե նրանց համար դա կարող է ազդել իրենց ընթացիկ ֆինանսական պարտավորությունները կատարելու վրա, մենք պատրաստ ենք էդ նվազեցումները կատարել ավելի երկարաժամկետ»:
Սամվել Խարազյանը պնդում է՝ Կառավարության որոշմամբ արտահիվանդանոցային բուժման համար նախատեսված ախտորոշումների ցանկը սպառիչ է։ Այս ցանկը վերաբերում է այն դեպքերին, երբ պացիենտը բուժվում է պոլիկլինիկայում կամ ամբուլատոր պայմաններում՝ առանց հիվանդանոցում պառկելու։ Այսինքն՝ ցանկում չընդգրկված ախտորոշումների դեպքում բուժման գումարը չի փոխհատուցվում։
Միաժամանակ, հիմնադրամն ասոցիացիաներին պատասխանել է, որ պոլիկլինիկաները յուրաքանչյուր հաշվառված պացիենտի համար ստանում են առանձին ֆինանսավորում, և այդ գումարը կախված չէ ախտորոշումների ցանկից։ Իսկ ցանկում ընդգրկված հիվանդությունների դեպքում բժիշկը ստանում է նաև տվյալ պացիենտին խորհրդատվություն տրամադրելու համար նախատեսված գումարը։
Հիմնադրամը, սակայն, կասկածելի է համարում, որ կլինիկաներում հանկարծ մեծ թվով մարդիկ սկսել են առաջին անգամ ախտորոշվել այդ հիվանդություններով։ Բայց պատասխան նամակում ընդունել են, որ այս ձևակերպումը կարող է տարընթերցման ռիսկ առաջացնել, և խոստացել են, որ համապատասխան փոփոխություններ կիրականացվեն:
Խարազյանի խոսքով՝ վերադարձվող գումարը չպետք է պահվի բժիշկների աշխատավարձերից, իսկ պատասխանատուն բուժհաստատությունների ղեկավարներն են, որոնք, ըստ նրա, թերացել են. - «Բժշկական կենտրոնները իրենց ուղիղ պարտավորությունը չեն կատարում, մենք էլ պետք է պահանջենք համապատասխան գործողություններ էդ անձանց նկատմամբ կիրառել՝ չգիտեմ, նկատողություն տան, կամ, չգիտեմ: Այսինքն՝ վարչարարություն էլ պետք է իրականացվի, էլի: Ինչի՞ համար է ղեկավարը, հը՞, դրա համար է, չէ՞, որ ինքը իր աշխատողներին պետք է պատշաճ տեղեկացնի, հետևի, հսկի ընթացքը»:
Առաջիկայում ասոցիացիաների ղեկավարներն ու մի խումբ բժիշկներ հանդիպումներ կունենան հիմնադրամի ղեկավարի և, ինչպես բժիշկներն են պնդում, նաև առողջապահության նախարարի հետ։
Հիմնադրամից այդպես էլ չհստակեցրեցին, թե քանի՞ բուժհաստատություն է կանգնել այս խնդրի առաջ, և որքա՞ն է կազմում բոլոր այդ բուժհաստատությունների ընդհանուր պարտքը: