Մինչ խորհրդարանում կմեկնարկեր առողջության ապահովագրությանը վերաբերող նախագծի քննարկումը, ընդդիմադիր պատգամավորներ Թագուհի Թովմասյանն ու Արմենուհի Կյուրեղյանը շրջում էին պոլիկլինիկաներում՝ տեղում ծանոթանալու խնդիրներին:
Բժիշկներից մեկը դժգոհեց, որ համակարգի ներդրումից հետո ավելի քիչ է վճարվում. «Վարձատրման ձևն է փոխվել, առաջ պոլիկլինիկաների թե՛ նեղ մասնագետները, թե՛ թերապևտները վարձատրվում էին ըստ գլխաքանակի, այսինքն, ինչքան կցագրված բնակչություն կար, ամեն անձի համար ստանում էր գումար, մնացած ծառայությունները, օրինակ, գալիս էր պացիենտը անվճար էր ստանում, չէր վճարում բժշկին: Հիմա՝ ապահովագրական համակարգի ներդրումից հետո, նեղ մասնագետների պարագայում դարձել է ըստ խորհրդատվության, իսկ ֆիզիատոր մասնագիտությո՞ւնը, որը կարող է ամսական մեկ կամ երկու խորհրդատվություն անի»:
Այս խնդրի առջև են կանգնել նաև, օրինակ, վարակաբանները, որոնք մասնագիտական ուղղվածության պատճառով միշտ չէ, որ շատ այցելուներ ունեն, ուստի ապահովագրության համակարգով կարող են և աշխատավարձի նվազում ունենալ: Օրվա երկրորդ կեսին ընդդիմադիր պատգամավորները այս մտահոգությունները խորհրդարանում պիտի ներկայացնեին առողջապահության փոխնախարարին:
Լենա Նանուշյանը պատգամավորների հաստատմանն էր բերել օրենսդրական փոփոխությունը, որով առաջարկվում է ընդլայնել շահառուների ցանկը, օրինակ, հաջորդ տարվա հունվարի 1-ից առողջապահության ապահովագրությունից կկարողանան օգտվել նաև օնլայն համակարգով պատվերներ ընդունող տաքսու վարորդները:
Սա նշանակում է, որ բժիշկների ծանրաբեռնվածությունն ավելի կմեծանա, փոխնախարարին հիշեցրին պոլիկլինիկաներից խորհրդարանի դահլիճ հասած պատգամավորները.
«Ինչ հաշվարկ է իրականացվել, որպեսզի բժիշկների խնդիրը կարգավորվի, նրանք իրենց աշխատանքի ծանրաբեռնվածությանը զուգահեռ նաև պատշաճ վարձատրություն ստանան», - հարցրեց Թագուհի Թովմասյանը:
Լենա Նանուշյանը պատասխանեց. «Ինձ համար տարօրինակ է, թե ոնց եք հաջողացրել մտնել այնպիսի երկու սենյակ ընտրանքային եղանակով, որտեղ աշխատավարձերի նվազեցում է գրանցվել: Զարմացած եմ, որովհետև մենք էլ ենք բազմաթիվ սենյակներ մտնում ու բոլոր սենյակներում, բացի պոլիկլինիկաներում մեկ, երկու մասնագիտական կաբինետից, բոլորի մոտ գրանցվել է բարձրացում: Ընդհանրապես ես չեմ տեսնում, որ դուք քաղաքացիների շահը նույնպես բարձրաձայնեք թեկուզ դրական առումով»:
Բժիշկներն ավելի վաղ նաև բողոքի ակցիա էին արել աշխատավարձերի վերանայման պահանջով: Նախարարությունն առաջարկում է քիչ այցելուներ ունեցող մասնագետներին վերապրոֆիլավորվել՝ դառնալով ընտանեկան բժիշկ՝ թերապևտ:
«Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը բացատրեց՝ նախկինում նույն բժիշկը կարող էր մեկ բուժառուի ծառայություն մատուցել, ստանալ, նույն գումարը, հիմա գուցե հինգ մարդու սպասարկի, բայց այդքան չստանա:
«Երեք ամիսների ընթացքում մենք բավականաչափ մեծ ծավալի բյուջե ենք փոխհատուցել պոլիկլինիկաներին, ամբուլատորիաներին, իրենց կատարած աշխատանքի համար: Հիմա, որ բյուջեն ավելացել է, էդ բյուջեի մեջ աշխատավարձն էլ է ավելացել, չենք կարող փաստել, որ՝ չէ, աշխատավարձը նվազել է», - ասաց Նանուշյանը:
Կյուրեղյանը հակադարձեց. «Դա չի նշանակում, որ աշխատավարձը բարձրացել է: Եթե մեկ հիվանդի ընդունելու համար նախկին տարիներին բժիշկը ստանում էր 5000 դրամ, հիմա ստանում 1000 դրամ, բայց փոխարենը ինքը մեկ հիվանդի փոխարեն 6 հիվանդ է ընդունում, 6-ի համար ստանում է 6000 դրամ»:
«Բյուջեն ավելացել է, հիվանդների թիվն ավելացել է, ո՞նց կարող է բժիշկի աշխատավարձը նվազի, ոչ մի կերպ չեմ հասկանում, անտրամաբանական է», - ասաց Լենա Նանուշյանը:
Պաշտոնական տվյալներով տարեսկզբից ապահովագրությամբ շուրջ 2 միլիոն 300 հազար այց է գրանցվել, դրանից ավելի քան 105 հազարը հիվանդանոցներում: Բուժհաստատությունների այս ծանրաբեռնվածության պատճառով առաջացել են հերթեր, ինչը նախարարությունը համարում է կանխատեսելի և կառավարելի: