Առողջապահության ապահովագրությունից օգտվող բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են՝ նախկինում անվճար ստացած բժշկական ծառայությունների համար այժմ իրենցից համավճար են պահանջում:
Հաշմանդամության կարգ ունեցող թոշակառու տիկին Շողակաթն ընդգծում է, որ ընտրություններից հետո ինքը բժշկի կոնսուլտացիայի համար պիտի վճարի. «10 տարուց ավելի ես հաշմանդամ եմ, երբևիցե վճարում չեմ կատարել, երբևիցե ոչ մի բանի համար չեմ վճարել։ Սա ինձ համար նորություն է ուղղակի»
Երևի վերացրին առողջապահության ապահովագրությունը, ասում է մեկ այլ կին, որից 6000 դրամ էին ուզել անոթների դյուպլեքս հետազոտություն նշանակելու համար. «Հիմա վերացրել են, դարձրել են համավճար։ Այդ ապահովագրությունը մի երկու ամիս առաջվա բան էր, դրանից առաջ էր, հիմա ոնց հասկանում եմ հուլիսից սկսել է համավճարը»։
Մեկ այլ թոշակառուից 15000 են ուզել։ Համավճար է, սա են լսում անվճար բուժսպասարկման հույսով տարբեր հիվանդանոցներ շտապողները։
Մարդկանց մոտ վերադարձել են փող չունենալու պատճառով մեռնելու մտքերը։ Համավճարը հասել է նաև երեխաներին, մի շարք ծնողներ պատմեցին։
Դավիթ Գալստյանը երեխային պոլիկլինիկա վնասվածքաբանի մոտ էր տարել։ Նախկինում անվճար օգտվել են նույն պոլիկլինիկայի ծառայությունից. «Գնացինք, դիմեցինք, թերապևտը նայեց, ուղեգիր գրեց դեպի վնասվածքաբան և այլն, ուղեգրով պետք է մոտենայինք, բայց այս անգամ զգուշացրեց, որ սկսել է գործել համավճար։ Անակնկալ էր, իհարկե, այդ համավճարը, որովհետև միշտ վստահ ենք եղել, որ երեխաների բուժումը համենայն դեպս անվճար է»։
9000 է եղել վնասվածքաբանի ծառայությունը, 6000-ը պետությունը վճարում է, ծնողը՝ 3000։ Խնդիրը գումարը չէ, այլ մոտեցումը, շեշտում է Գալստյանը։ Մինչև 18 տարեկանները անվճար պիտի սպասարկվեն, սա ի՞նչ բարեփոխում է, որ վատթարացնում է ամենախոցելի խմբի պայմանները, ասաց նա։
Մարդկանց հետ զրուցել ենք տարբեր բուժկենտրոնների, պոլիկլինիկաների տարածքում։ Ինչո՞ւ են մարդիկ պնդում, որ իրենցից գումար են ուզում ծառայությունների դիմաց, որ նախկինում անվճար է եղել։ Լսեցինք, որ ավելի հաճախ վճարում են մասնագիտական կոնսուլտացիաների համար։
Առողջապահության նախարարությունից արձագանքում են
Համավճար նախատեսված է օրենսդրությամբ, որևէ նորություն չկա, պնդում է առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարը։ Պետությունը մասնագիտական կոնսուլտացիայի համար 6000 դրամ է նախատեսել, և դա, ըստ Սամվել Խարազյանի, բավարար գումար է, բայց ասում է՝ բուժկենտրոնները կարող են այլ գումարներ սահմանել այդ կոնսուլտացիաների համար ու տարբերությունը պիտի քաղաքացին վճարի, իսկ եթե վճարել չի ուզում, պիտի գտնի այնպիսի բուժհաստատություն, որտեղ համավճար չունեն, 6000-ով բավարարվում են:
Իսկ երեխաները՞, նախկին կարգավորմամբ համավճար չէր կիրառվում մինչև 18 տարեկանների համար. «Մինչև 18 տարեկան երեխաների անվճար բուժօգնության վերաբերյալ նման որևէ կարգավորում օրենսդրական գոյություն չունի։ Պետք չէ նման բաներ հորինել, որ նախկինում այդ ամենը անվճար է եղել»։
Ծնողները պնդում են՝ նույն պոլիկլինիկայում նույն մասնագետը անվճար սպասարկել է և միայն վերջին ամիսուկեսում են լսում համավճար բառը։ Հիմնադրամի ղեկավարը չի ընդունում, որ խնդիր կա, պնդում է՝ հունվարից սկսած համավճար եղել է: Աննկա՞տ է կիրառվել, մարդիկ չե՞ն զգացել, որ փող են վճարում, ինչո՞ւ են հիմա համատարած ահազանգում։
«Թե ինչի՞ է սրվել հատուկ հենց այս ժամանակ, արդեն չեմ ուզում դրա մասին մեկնաբանել», - ասաց Խարազյանը։
Ծնողներից Դավիթ Գալստյանը կասկած ունի, որ նախընտրական փուլում բուժկենտրոններին հրահանգել են համավճար չկիրառել կամ մեղմ գտնվել, իսկ հիմա բուժկենտրոններն անցել են գործի ամբողջ թափով։
Դժգոհությունների հետ հիմնադրամում համաձայն չեն, բայց ասացին՝ լուծում են փնտրում։ Բուժհաստատությունների են դիմել, որ հասկանան՝ երբվանից, ինչու ու ինչ կարգով են համավճար կիրառում։
Սամվել Խարազյանի խոսքով՝ կստեղծեն մի հարթակ, որտեղ ըստ համավճար կիրառող բուժհաստատությունների կֆիքսեն՝ որ մասնագետի ծառայությունը որքան արժե, որպեսզի քաղաքացիները այս կամ այն բուժհիմնարկ դիմելուց տեղեկացված լինեն։
Առողջապահական ապահովագրության ներդրումը վերջին քարոզարշավում ամենագովաբանված ռեֆորմն էր։ Վարչապետ Փաշինյանը մեծ ու փոքր համայնքներում միայն գովեստներ էր լսում՝ անվճար բուժված, տեսողությունը վերականգնած, քայլելու հնարավորությունը վերագտած տարեցներից։ Համավճարից բողոքողների չենք տեսնում քարոզչական հարյուրավոր հանդիպումներում։ Հիմա պարզվում է՝ գործում էր տարեսկզբից ուղղակի այն ժամանակ դժգոհող չկար, հիմա չգիտես ինչու շատ են բողոքավորները։
Ապահովագրական ռեֆորմի շուրջ ծավալվող համավճարային կրքերը փորձել է մարել նաև արձակուրդից թարմ վերադարձած առողջապահության նախարարը։ Նա պնդել է այն, ինչ հիմնադրամի ղեկավարը՝ ոչինչ չի փոխվել համավճարի կանոններում։ Անահիտ Ավանեսյանը խնդրել է օգտատերերին իր տեսանյութի մեկնաբանություններում նշել՝ վճարե՞լ են, որքա՞ն: Նախարարը կարևորում է հետադարձ կապը ու 20 ժամում ստացել է ավելի քան 600 ահազանգ։