Մատչելիության հղումներ

ԱԺ-ում քննարկվել են համընդհանուր առողջապահական ապահովագրության խնդիրները, նախարարությունը չի մասնակցել

Ազգային ժողովում այսօր քննարկեցին առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի խնդիրները։ Աշխատանքային քննարկումը նախաձեռնել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը․ ներկա էին «Բժշկի ձայն» կոչվող հարթակի բժիշկները, «Առողջության իրավունք» ՀԿ-ի ղեկավարն ու ընդդիմադիր պատգամավորներ:

«Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանն ասաց՝ հրավերներ են ուղարկել նաև Առողջապահության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ու ԱԺ համապատասխան հանձնաժողովին: Սակայն նախարարությունից և խորհրդարանական հանձնաժողովից որևէ ներկայացուցիչ չէր եկել, ներկա էին միայն ՄԻՊ գրասենյակի երկու աշխատակից։

Կյուրեղյանն ընթերցեց նախարար Անահիտ Ավանեսյանից ստացած գրավոր պատասխանը. «Իրենք՝ նախարարությունը, ուղիղ կապի մեջ են առանձին մասնագետների և ասոցիացիաների ու ՀԿ-ների հետ, և այս պահի դրությամբ ձեռնպահ են մնում մնացած նման քննարկմանը մասնակցելուց, և եռամսյա կտրվածքով իրենք կվերլուծեն, ու եռամսյա կտրվածքից հետո նոր միմիայն ԱԺ-ում նման քննարկումների պատրաստ են մասնակցելու։ Ասել է, թե իրենք իրենց առանձին մասնագետներն ունեն, իրենք առանձին խմբերն ունեն, որոնց հետ այս հարցերը քննարկում են»:

«Ազատությանը» նույնն ասաց նաև առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը, հավելելով՝ բժշկական կենտրոններում հանդիպումներից բացի նաև Zoom հարթակում են նրանց հետ քննարկումներ անում:

«Մենք ապահովագրության ներդրման մի ամիս հետոյի ամփոփմանն ենք ներկայացել Ազգային ժողով, և նախատեսվում է եռամսյակը ամփոփել ու էլի գալ Ազգային ժողով։ Այս խմբի անդամներից մեկը հասարակական խորհրդի անդամ էր, ինքն էր ներկա եղել նախարարության հանդիպմանը, կարող էր հենց այդ ժամանակ էլ խնդիրները բարձրացնել», - ասաց Ծատրյանը։

Ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանն ասաց Առողջապահության նախարարությունը քաղաքական որոշման արդյունքում չի ներկայացել հանդիպմանը, նրա կարծիքով՝ գերատեսչությունը քաղաքականացնում է բուժաշխատողների աշխատանքային պայմաններին առնչվող բողոքը: Գրիգորյանը պնդեց՝ դժգոհություն հայտնող բժիշկները երբեմն բախվում են նաև վարչական ճնշումների, իսկ որոշ մասնագետներ, ապահովագրության շրջանակներում փոխհատուցվող գումարներից շատ ցածր տոկոս են ստանում:

«Փաստացի Առողջապահության նախարարությունը իր վարչական լծակը կիրառելով պարտադրում է տնօրեններին շանտաժի և տեռորի ենթարկել բուժաշխատողներին, ովքեր որևէ տեսակի ձայն բարձրացնեն։ Կա նույնիսկ դեպք, որ մեկնաբանություն գրելու համար բուժաշխատողին ազատել են աշխատանքից։ Այսօր առավոտյան ես ստանում եմ էլի վերջին դիմում-բողոքը, որտեղ նշվում է, որ օրինակ անեսթեզիոլոգ բժիշկը ընդամենը 4.7 տոկոս է վարձատրվում վճարված գումարից։ Ստանում ենք տարատեսակ բողոքներ տնօրենների ճնշումների վերաբերյալ, շանտաժի վերաբերյալ», - նշեց նա։

Անցած ամիս պոլիկլինիկայի որոշ բժիշկներ «Ազատությանը» պատմել էին, որ սովորականից քիչ աշխատավարձ են ստացել, բայց ավելի շատ աշխատել: Երեկ ֆեյսբուքյան էջում տեռորի մասին պնդումները զավեշտալի ու անհեթեթ էր համարել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նա խոսել էր նաև բժիշկների աշխատավարձերից. «Եթե աշխատավարձի ավելացում չի եղել, ապա նույն շրջանակներում է մնացել»։

Խորհրդարանում կազմակերպված աշխատանքային քննարկմանը ներկա բժիշկները նշում էին, որ կողմ են ապահովագրական համակարգի ներդրմանը և դրական են համարում այն, որ պացիենտները հաճախ իրենց գրպանից չեն վճարում բուժօգնության համար, սակայն նշում էին, թե դրա կիրառումը մի շարք նոր խնդիրներ է առաջացրել։

«Աջափնյակ» բժշկական կենտրոնի սրտաբան, Էլիզաբեթ Գրիգորյանը դժգոհեց՝ նվազել է բժիշկների վարձատրությունը, ավելացել է վարչական աշխատանքը, իսկ պացիենտի ընդունման համար նախատեսված ժամանակը բավարար չէ թե՛ բուժզննության, թե՛ «Արմեդ» համակարգում տվյալներ մուտքագրելու համար։

«Կարող է նվազել մատուցվող բուժօգնության որակը։ Մենք ունենք սահմանափակված ժամանակ՝ 20 րոպե, որի մեջ պետք է տեղադրենք հիվանդի զննում, թղթերի հետ, ուրեմն, աշխատելը և այդ ամենը ներմուծելը «Արմեդ»-ում։ Առողջապահական առաջնային պահպանման օղակում նեղ մասնագետներին և բուժքույրերի վարձատրությունը զգալիորեն նվազելը։ Վարձատրության մոդելի փոփոխության հետևանքով բժշկական կենտրոններում նեղ մասնագետների վարձատրությունը նույնպես շեշտակի նվազել է ապահովագրական համակարգի, փոխհատուցման կարգի և տոկոսային բաշխման պատճառով», - նշեց սրտաբանը։

«Առողջության իրավունք» ՀԿ-ի ղեկավար Անուշ Պողոսյանը կարդաց նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրապարակման տակ թողած մի քանի մեկնաբանություն. «Հարգելի նախարար, ինչպե՞ս կարելի է ապրել, աշխատել 62000 դրամ աշխատավարձով, մանկաբարձ, գինեկոլոգ եմ, ունեմ 35 տարվա աշխատանքային ստաժ, ԱՀԱ-ից հետո ունեցել եմ աշխատավարձի նվազում։ Հաջորդը՝ տիկին Ավանեսյան, ես մանկաբարձուհի եմ, աշխատում եմ պոլիկլինիկայում, դեռ չեմ ստացել աշխատավարձ, պոլիկլինիկայի նեղ մասնագետների և բուժքույրերի վարձատրությունը ձեր ասածին չի համապատասխանում»։

«Եռամսյակը դեռ չավարտված՝ կառավարության պահեստային ֆոնդից 2.5 միլիարդ դրամ է ուղղվել ապահովագրությամբ իրականացվող ծառայություններին»,- հայտարարեց Գևորգ Գրիգորյանն ու շարունակեց. - «Կառավարության պահուստային ֆոնդից 2.5 միլիարդ գումար են վերցրել, որպեսզի կարողանան այս ծախսերը հոգան, որը որ պայմանավորված է գերածախսով մինչև հունիսի յոթը։ Իրենց պետք է, որպեսզի բնակչության մեծ մասը գոհ լինի, ուրախ լինի, երջանիկ ժպտա, գնա քվեն տա, իսկ հետո արդեն իրենցից համավճար կուզեն, ինչ չափի համավճար կուզեն, մինչև երբ հերթ կկանգնացնեն, ինչքան կլինի բժշկի աշխատավարձը, բժիշկները դուրս կգան, թե կմնան ոլորտում և այլ նման, այսպես ասած, ոչ այդքան իրենց համար կարևոր հարցերը, իրենց համար միևնույնն է»։

Նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է 2.5 միլիարդի ծախսը նախընտրական օրակարգի հետ կապվում. «Ընթացիկ վերաբաշխում է, որի նպատակն է ապահովել առողջապահական ծառայությունների ֆինանսավորումը։ Որևէ գաղտնի կամ ուշագրավ որոշում չի։ Դա ընթացիկ մեր աշխատանքներն են, և նշված գործընթացը պայմանավորված է ծավալների կանխատեսվածից բարձր կատարմամբ։ Բարեփոխման առաջին փուլն է, և շատ բնականոն ընթացք է, որ կանխատեսվածից բարձր կատարում ենք ունեցել։ Եվ հենց կառավարության քաղաքականությունը ապահովել մեր քաղաքացիների անհրաժեշտ առողջապահական կարիքները, և անհասկանալի, թե ինչու են սա կապում ընտրական, նախընտրական գործընթացի հետ»։

Քննարկման մասնակիցները ընդգծեցին, որ անհրաժեշտ է մասնագիտական լայն երկխոսություն՝ համակարգի խնդիրները վերանայելու և կայուն մեխանիզմներ ձևավորելու համար։ Բժիշկներն առաջարկում են քննարկել նաև ժամավճարով վարձատրելու հնարավորությունը՝ հաշվի առնելով մասնագետի փորձն ու գիտական աստիճանը։




XS
SM
MD
LG