Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն, ինչի՞ց է մահացել զինվորը. պաշտոնական աղբյուրները լուռ են

Վերջին 1.5 ամսում բանակում արդեն երրորդ զինվորն է զոհվում։ Սևանում այսօր ժամկետային զինծառայող 19-ամյա Տիգրան Ստեփանյանի հոգեհանգիստն էր: Ոչ ռազմական գերատեսչությունը, ոչ էլ Քննչական կոմիտեն չեն հաղորդում, թե ինչպես է զոհվել զինվորը՝ ինքն է իր վրա կրակել, թե՞ մեկ ուրիշը:

«Իրականում Տիգրանը ոչ մի անգամ չի բողոքել բանակից», - ասաց Սևանի թիվ մեկ հիմնական դպրոցի փոխտնօրեն Լիանա Ներսիսյանը:

Պաշտպանության նախարարությունը միայն նշում է, որ հոկտեմբերի 31-ին զինվորին հայտնաբերել են հրազենային վնասվածքով: Ըստ պաշտոնական տեղեկատվության, հանգամանքները պարզելու նպատակով ընթանում է քննություն: Քննչականը, սակայն, չի մանրամասնում, թե ինչ հոդվածով է վարույթ նախաձեռնված՝ սպանությա՞ն, թե՞ ինքնասպանության հասցնելու՝ ինչպես շրջանառվում է համացանցում: Իրավապահ կառույցը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է տեղեկությունները, թե արդեն 2 ձերբակալված կա: Մանրամասների համար գրավոր հարցում են պահանջել, որն ուղարկել ենք:

Դպրոցի փոխտնօրենը Տիգրանին ճանաչում էր բանավեճի ակումբից: Խոստումնալից ապագայով տղան ընդունվել էր Պոլիտեխնիկ համալսարան: Ընտանիքում երկու եղբայր են, երկուսն էլ բացառիկ խելացի, ասում է ուսուցիչը:

Մահվան այս դեպքը բանակում 17-րդն է այս տարվա ընթացքում, որ կապված է ծառայության հետ: Այս դեպքերի մեծ մասը սպանության ու ինքնասպանության հոդվածներով են քննվում: 2025 թվականին ծառայության հետ կապված հանգամանքներում մահացել է 10 զինվոր. 4-ը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն է գործել: Այսինքն՝ այս տարի մահվան դեպքերն արդեն 7-ով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը:

Սուրեն Պապիկյանը չպատասխանեց լրագրողներին

Այսօր խորհրդարան գնացած պաշտպանության նախարարը հրաժարվել է այս թեմայով խոսել: Սուրեն Պապիկյանը նստել է մեքենան ու հեռացել

Պաշտպանության նախարարությունը տելեգրամյան ալիքում ամենօրյա ռեժիմով ներկայացնում է զինվորների առօրյան, բայց խնդիրների, ու հատկապես մահերի մասին ռազմական գերատեսչությունը կցկտուր տեղեկություններ է փոխանցում:

Նախարար Պապիկյանը պարտավոր է բացատրություն տալ. իրավապաշտպան

«ժամանակն է, որ Պապիկյանն ինքը բացատրի՝ ինչ ա կատարվում բանակում: Մենք մեռանք խոսելով, ասելով, և ոչ մի բան չի փոխվում», - ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Բանակում մահվան դեպքերի շուրջ լռությունը վրդովվեցնում է իրավապաշտպաններին: Ժաննա Ալեքսանյանը կասկածելի է համարում ռազմական ու քննչական կառույցների այս գործելաոճը:

«Այդ ինքնասպանությունները խիստ կասկածելի են», - ասաց իրավապաշտպանը:

Նույն լռությունն է նաև հոկտեմբերի սկզբին հրազենային վնասվածքից զոհված ժամկետային զինծառայող Արմեն Ղազարյանի դեպքում: Իրավապահները չեն հայտնում նաև, թե ինչ հոդվածով են քննում թե՛ այս, թե՛ այս ողբերգությունից առաջ՝ սեպտեմբերի վերջին, պայթյունից զոհված պայմանագրայինի գործը, թեև այս երկու դեպքերով էլ շրջանառվում էր ինքնասպանության վարկածը:

«Երբ Փաշինյանն ասում ա՝ հանձնաժողով ենք ստեղծել ինքնասպանությունների, նա լեգիտիմացնում է այդ ինքնասպանությունները, որոնք խիստ կասկածելի է՝ ինքնասպանություն են, թե չէ: Բազմաթիվ են դեպքերը, երբ դրանք սպանություններ են: Մենք երկու գործ ունենք. երկու կրակոց ճակատին, երկու կրակոց ճակատին, դրանք ինքնասպանություններ են», - նշեց Ժաննա Ալեքսանյանը:

Օգոստոսին վարչապետի որոշմամբ ստեղծվել է Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերն ուսումնասիրող միջգերատեսչական աշխատանքային խումբ: Թե ի՞նչ լուծումներ է փնտրում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված այս խումբը՝ կանխելու խաղաղ պայմաններում բանակային մահերը, առայժմ չի հանրայնացվել:

Օգոստոսին զինվորների մահվան հերթական դեպքերից հետո պաշտոնանկություններ եղան Պաշտպանության նախարարությունում, փոխվեց նաև ռազմական ոստիկանության պետը:

Վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, թե բանակի վիճակի պատճառով պաշտոնանկություններ անելու դեպքում 90-ականներից ի վեր պաշտպանության ոչ մի նախարար չէր մնա: Ընդունելով, որ Զինված ուժերում խնդիրներ կան՝ հավաստիացրել էր, որ աշխատում են դրանց լուծման ուղղությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բանակում զինծառայող է զոհվել ՊՆ-ն հաստատում է՝ բանակում զինծառայող է վիրավորվել Ոչ ոք չէր մտածում, որ ընդունակ էր ինքնասպանության. Ռանչպարում հողին հանձնեցին զինվորինՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ