Ինչ փուլում են ՀԷՑ-ի շուրջ զարգացումները. մանրամասնում են վարչապետն ու նախկին տնօրենը

ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցումից ավելի քան երկու ամիս անց՝ այժմ ընկերության շուկայական արժեքն է գնահատվում. այսօր այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին՝ կա՞ որոշում՝ կառավարությունն ինքն է գնելու ընկերությունը, թե՞ բաժնետոմսերը փոխանցվելու են այլ կառավարչի: Դեռ մինչև լիցենզիայի դադարեցումն էր Փաշինյանը որոշել, որ «Տաշիր» ընկերության սեփականություն հադիսացող բաշխիչ ցանցերի հարցով այս երկու սցենարներից մեկով են շարժվելու:

«Եթե ՀԷՑ-ի շուկայական արժեքը հասանելի լինի պետբյուջեին, մենք դա ամբողջությամբ կազգայնացնենք և կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբին։ Այսինքն՝ հիմա շուկայական գնահատման գործընթացն է տեղի ունենում»,- վարչապետը, սակայն, չմանրամասնեց՝ ում կողմից է գնահատումն իրականացվում, արդյոք դա արվում է սեփականատերերին վաճառքի գին առաջարկելու համար, թե գերակա շահ ճանաչելու ճանապարհով են ընթանալու:

Ավելի ուշ այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ կառավարությունից, առաջարկեցին գրավոր դիմել: Օրենքով՝ ընկերության լիցենզիայի դադարեցումից հետո՝ երեք ամսվա ընթացքում, որը լրանում է փետրվարի վերջին, կառավարությունը պետք է սեփականատիրոջ հետ համաձայնության գա ընկերության գնի շուրջ: Եթե գործարքը եռամսյա ժամկետում չի իրականացվում, ընկերությունը, ըստ Սահմանադրության, ճանաչվում է հանրային գերակա շահ՝ սեփականատիրոջը փոխհատուցում տրամադրելու պարտադիր պայմանով։ ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի փոխանցմամբ՝ ընկերության սեփականատերերին դեռ որևէ առաջարկ չի արվել: Ավելին՝ ասաց՝ սեփականատերերը գնահատման գործընթացից տեղեկություն չունեն:

«Կա՛մ հիմա գնահատում են անում, որ նոր առաջարկը անեն, կա՛մ արդեն հասկանալով, որ իրենց առաջարկը հետաքրքիր չի լինելու և Կարապետյանի տեսակետն այդ առնչությամբ, արդեն գնում են գերակա շահի համար գնահատելու»,- ասում է ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Նրա խոսքով՝ սեփականատերերի համար անկհայտ է, որ ընկերության համար կառավարությունն առաջարկելու է շուկայականից մի քանի անգամ ցածր գին: Ղազինյանի փոխանցմամբ՝ իրենք տեղյակ չեն՝ ով է գնահատումն իրականացնում, բայց ասաց՝ տվյալ ընկերությունը պետք է լինի միջազգային անկախ կազմակերպություն, իսկ արժեքը պետք է որոշվի ոչ թե այս պահի դրությամբ, երբ լիցենզիան դադարեցված է, այլ մինչ կառավարության կողմից ժամանակավոր կառավարչի նշանակումը:

Ղազինյանի խոսքով.- «Մենք ունենք խորը կասկածներ, որ կառավարչի կառավարման ընթացքում ընկերությունը շատ վատթար վիճակում է, ապիկար կառավարման արդյունքում, այդ իսկ պատճառով իրավունք չունեն նրանք գնահատել էս պահի դրությամբ։ Նրանք պետք է գնահատեն ընկերությունը սեփականատիրոջ կողմից կառավարվելու ժամանակ»։

Կառավարության ղեկավարը ռազմավարական նշանակություն ունեցող ընկերության վիճակի գնահատման գործընթացից ոչ մի մանրամասն այսօր չներկայացրեց, բայց հարկ համարեց ընդգծել, որ ընկերության արժեքը գուցե այնքան էլ բարձր չգնահատվի:

«Հիմա նաև որոշ կարծիքներ են հնչում, բայց շատ նախնական, որովհետև կարող է պարզվի, որ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը այնքան վատ է, որ իր շուկայական արժեքը շատ ցածր է, և կարելի է ուղղակի կառավարության որոշմամբ ինչ-որ մի գումար հատկացնել և դա դարձնել...։ Չեմ կարող ասել, քանի դեռ թղթի վրա չկա այդ գումարը, խոսակցություններ կան, բայց ես հիմա որևէ բան չեմ ասի»,- հայտարարեց վարչապետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը. Կառավարությունն ու «Տաշիր»-ը հակասական մեկնաբանություններ են ներկայացնում

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» համար սեփականատեր Կարապետյանները կառավարությունից 500 միլիոն դոլար են պահանջում՝ ամիսներ առաջ արբիտրաժային տրիբունալ ներկայացված հայցով: Արդյոք հենց այսքան էլ գնահատում են ընկերությունը՝ Ղազինյանը թիվ նշել չցանկացավ. «Հաշվի առնելով, որ դեռևս «բանակցությունների փուլ է, թույլ տվեք թիվ չնշել, ինձ համար թիվը կա, մեր համար պարզ է, բայց թույլ տվեք թիվ չնշել»,- ասաց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Գերակա շահ ճանաչելու դեպքում պետությունն, ըստ օրենքի, պետք է վճարի ընկերության գնահատված արժեքից 15 տոկոս ավելի: Եթե սեփականատերերը չհամաձայնեն, միևնույնն է, կառավարությունն այն կարող է վերցնել, սեփականատերն էլ՝ վիճարկել դատարանում: Դավիթ Ղազինյանը կասկած ունի, որ անգամ այդ դեպքում կառավարությունը չի կատարի դատական որոշումները, հիշեցնում է՝ ՀԷՑ-ի հարցն այժմ քննվում է երեք ատյաններում՝ Միջազգային, Սահմանադրական և Վարչական, իրավական ընթացակարգերին հետևելու դեպքում՝ կառավարությունը որոշում կայացնելուց առաջ պետք է սպասեր այս ատյանների վճիռներին

Դավիթ Ղազինյանը նշում է.«Երեք ընդհանուր հայց կա նույն գործով, այս մարդիկ որոշել են՝ կանգ չառնել։ Երեքի յուրաքանչյուրի որոշումն արդեն խնդիր է ստեղծելու»։

«Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը վերցնելու գործընթաց իշխանությունը սկսեց այն նույն փուլում, երբ եկեղեցուն պաշտպանելուց հետո բանտում հայտնվեց Սամվել Կարապետյանը: Վարչապետը Կարապետյանի հարցազրույցից ժամեր անց հայտարարեց՝ ազգայնացնելու են ՀԷՑ-ը, որից պաշտոնավարման 7 տարիների ընթացքում հրապարակային լուրջ դժգոհություններ չեն ունեցել: