Իմ ու Պուտինի հարաբերությունները շատ ջերմ են. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, Չինաստան, 31 օգոստոսի, 2025թ.

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն չի ձեռնարկելու, այսօր քարոզարշավի ընթացքում վստահեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտել է, որ Ռուսաստանի նախագահի հետ ունի շատ ջերմ, ընկերական հարաբերություններ։

«Ես կասկածում եմ, որ 2018 թվականից մինչև օրս ՌԴ նախագահն ավելի շատ կոնտակտներ որևէ այլ լիդերի հետ ունեցել է։ Այս ընթացքում մենք մոտ 200 հեռախոսազրույց ենք ունեցել», - ասել է նա։

Փաշինյանն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ ջերմ են, բայց պրոբլեմն այլ տեղ է. «Ընդդիմությունն ասում է՝ Ռուսաստանի հետ հավասարը հավասարի հետ հարաբերություններ, ժողովուրդ ջան, հումորը՝ հումոր, բայց հումորն էլ... Ռուսաստանը գերտերություն է, ու ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ու ես այդպես էլ վերաբերվում եմ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան. Փաշինյանը՝ Պուտինին

Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի շահերը վնասելու համար երբեք չի արել ու չի անի ոչինչ։ «Բայց, կներեք, մենք չենք կարող Ռուսաստանի շահին ավելի բարձր վերաբերվել, քան՝ Հայաստանի շահերին», - հավելել է նա՝ խոստանալով, որ Ռուսաստանի հետ բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվելու է։

Մոսկվան վերջին օրերին հստակ հայտարարում է, որ այս ամսվա վերջին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվելու է Հայաստանի անդամակցության հարցը։

«Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, բայց և տեսնում ենք այն խնդիրները, որոնք կծագեն ԵՄ-ին միանալու կամ այդ դաշինքի հետ հարաբերությունները սերտացնելու դեպքում», - ՏԱՍՍ-ի հետ զրույցում նախօրեին հայտնել էր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ընդգծելով, որ այդ խնդիրները «գործնականում արդեն իսկ ծագում են»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Օվերչուկ․ «Աստանայում քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակը»

«Եթե ընտրությունը կատարվում է հօգուտ ԵՄ-ի, մեզ մոտ հարցեր են ծագում։ Նախևառաջ՝ ինչո՞ւ մենք պետք է աջակցենք այդ ընտրությանը մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետություններին, ինչո՞ւ մենք պետք է պաշտպանենք դա», - ասել էր Օվերչուկը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մինչ այդ երեկ հայտարարել էր, թե Երևանում գիտակցում են, որ երկու կառույցներն անհամատեղելի են, բայց դեռևս չեն պատրաստվում ընտրություն կատարել դրանց միջև։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միրզոյան. «Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն, որ ԵԱՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են»

«Մենք շատ լավ հասկանում ենք, և Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը և Եվրոպական միության անդամակցությունն անհամատեղելի են: Եվ ահա մեր մոտարկումը Եվրոպական միության հետ մենք շարունակելու ենք, և երբ որ կլինի, կհասունանա, կգա այն պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք՝ լինել ա՞յս խմբի, թե՞ այս խմբի երկրների ընտանիքների անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Պուտինը հորդորում է Հայաստանին կողմնորոշվել, Փաշինյանն արձագանքում էՀայաստանը վտանգում է կորցնել բոլոր օգուտները ԵԱՏՄ շրջանակում. Լավրով«Չենք պատրաստվում որևէ ապահարզանի». Միրզոյանը՝ Պուտինի հայտարարության մասին