Երրորդ օրն է՝ Բաքուն լռում է՝ առողջական ի՞նչ վիճակում է Վագիֆ Խաչատրյանը: Հայ գերին դեկտեմբերի 22-ի գիշերը բանտից «Ենի կլինիկա» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, սրտի բարդացած խնդիրներով:
Առաջին օրը բաժանմունքի ղեկավարը կարճ տեղեկություն տվեց. «Այս պահին բուժառուն դուրս է եկել կյանքին սպառնացող կրիտիկական վիճակից, սակայն նրա վիճակը նախկինի պես գնահատվում է ծանր: Բուժումը շարունակվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ինտենսիվ հսկողության ներքո»
Սա առաջին ու այս պահին դեռ վերջին տեղեկությունն է, որ տարածել է Ադրբեջանը իր բանտում ավելի քան 2.5 տարի պահվող հայ գերու մասին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի շահերը ներկայացնող Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը նույնպես որևէ հայտարարություն չի տարածել: Երեկ «Ազատությունը» Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ հարց վարչապետին էր ուղղել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները տեղեկություններ են հավաքում. ՓաշինյանԸստ այդ մարմինների հավաքած տեղեկության՝ առողջական ինչ վիճակում է այժմ հայ գերին, ոչ մի հստակություն:
Վագիֆ խաչատրյանի սրտի խնդիրները նոր չեն. Ադրբեջանի ուժայինները նրան առևանգել էին Հակարիի անցակետից, երբ Երևան՝ սրտի վիրահատության էր գալիս: Ընտանիքի հետ Խաչատրյանը հոսպիտալացվելուց 3 օր առաջ էր խոսել:
ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին
Բաքվի բանտերում պահվող բոլոր 23 գերիներին դեկտեմբերի 24-ին ու 25-ին այցելել են են ԿԽՄԿ պատվիրակները:
«Այցելությունը կազմակերպվել է Ժնևի կենտրոնակայանի կողմից, թիմը, որը մեկնել է Ադրբեջան, պատվիրակներ էին, մեր կազմակերպության ներկայացուցիչները, որոնցից մեկը բժիշկ էր», - ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին շեշտում է՝ անհատականացված ոչինչ ասել չեն կարող, միայն այն, որ ամառվանից հետո սա առաջին հնարավորությունն էր ԿԽՄԿ-ի համար մտնել ադրբեջանական բանտեր, զրուցել անազատության մեջ պահվող բոլոր հայ գերիների հետ:
«Այցի շրջանակներում հնարավորություն է տրվել անձանց ընտանիքների հետ հաստատել կապ, ինչպես նաև այցի հիմնական նպատակը եղել է պահման պայմանների գնահատումը, անձանց առողջական վիճակի ստուգումը և նրանց հանդեպ վերաբերմունքի հետ կապված հարցերը», - նշեց Ամատունին:
ԿԽՄԿ պատվիրակները Ադրբեջանի իշխանությունների ճնշմամբ այդ երկրից հեռացան սեպտեմբերի 3-ից, գրասենյակը փակվեց: Արդյոք այժմ Ժնևից պատվիրակները Բաքու են հասել, այնտեղից հնչող ահազանգերից հետո: Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վատթարացումից առաջ էլ գերիներից՝ Վիգեն Էուլջեքյանն էր ընտանիքին պատմել, որ սնունդ չունի, քայլել չի կարողանում՝ բուժօգնություն չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». հայազգի գերու կինը օգնություն է խնդրումԸստ Զառա Ամատունու՝ իրենց աշխատանքը չի դադարել՝ անկախ Բաքվի գրասենյակի փակումից. «Խնդիրները, որոնք կապված են պաշտպանված անձանց հետ, մշտապես կարող են հայտնվել այս կամ մյուս ժամանակահատվածում ու դրանով չէ, որ պետք է առաջնորդվի մեր կազմակերպության աշխատանքը, այլ ընդհանրապես հաշվի առնելով, որ այդ մարդիկ այսպես թե այնպես պաշտպանության կարիք ունենք, դա է պատճառը, որ կազմակերպությունը փորձում է ամեն կերպ, ամեն պարագայում իր ծառայություններն առաջարկել ու հասանելի դառնալ», - ասաց Զառա Ամատունին:
«Շատ զարմացած էր, շատ ուրախ». Վիգեն Էուլջեքյանը խոսել է կնոջ հետ
Ումբակիի բանտում ԿԽՄԿ-ի թիմին տեսել ու ուրախացել է Վիգեն Էուլջեքյանը: Նրա հետ կինը՝ Լինդան է խոսել. «Շատ զարմացած էր, շատ ուրախ, ընդամենը երեք րոպե ենք խոսել, ասաց՝ «Լինդա, ինձ ուտելիք ու ծխախոտ են բերել, զարմացած եմ»:
Վիգեն Էուլջեքյանն ավելի քան 5 տարի է՝ գերության մեջ է. շուրջ մեկ ամիս առաջ կնոջն ասել էր՝ «ուտելու բան չկա, թեյ ու հաց է միայն», նաև առողջական խորացող խնդիրներ ուներ. «Մի ամիս առաջ, երբ զանգեց, ասաց՝ «Լինդա, քայլել չեմ կարողանում, ցավերս շատ են, դեղ չեն տալիս, բժիշկ չկա»:
Այժմ Լինդան սպասում է զանգի՝ ԿԽՄԿ-ից, հույս ունի նրանցից տեղեկանալ ամուսնու առողջական վիճակի մասին: Վիգենը նաև նամակ է ուղարկել, այն դեռ ընտանիքին չի հասել. «Դժվար է, բայց ի՞նչ կարող ենք անել, աղոթել միայն»:
Գերիներից մեկի մայրը Կարմիր խաչի աշխատակիցների այցից տեղյակ չէր. «Առավոտ շուտ ա խոսացել, չենք իմացել այցելել են, թե չէ»:
Մայրն ապրում է չորեքշաբթիից չորեքշաբթի. այդ օրը վաղ առավոտյան նստում է հեռախոսի դիմաց ու անշարժ սպասում որդու մի քանի րոպեանոց ձայնին, որպեսզի ապրի ևս մեկ շաբաթ: