Իրանում պատերազմը դադարեցնելու ամերիկյան ծրագիրը 15 կետ է ներառում, Թեհրանինը՝ 5։ Դրանք հատում են միմյանց «կարմիր գծերը»։
Ամերիկյան ծրագրի մանրամասները առայժմ չեն հանրայնացվել, չնայած լրատվամիջոցներն ակտիվորեն անդրադառնում են դրանց։ Հաղորդվում է, որ կետերի հիմքում կլինեն ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին նախորդած բանակցություններում ԱՄՆ-ի առաջ քաշած առաջարկները։
Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը լրագրողներին հայտնել է, որ 15 կետերին վերաբերող մեդիա հրապարակումներում կան «ճշմարտությանը համապատասխանող տարրեր»։
Ենթադրվում է, որ երկու կողմերն էլ հակադրվող պահանջներ կներկայացնեն Հորմուզի նեղուցի վերաբերյալ, որը նավթի, գազի և այլ ապրանքատեսակների համաշխարհային մատակարարումների կարևոր կապուղի է։ Իրանն այժմ շրջափակված է պահում այն։
ԱՄՆ-ի պահանջները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտնել է Վաշինգտոնի առանցքային պահանջի մասին։ Նրա խոսքով՝ Իրանը համաձայնել է դրան։
«Նրանք ուզում են համաձայնության գալ, - մարտի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել է նա, - Նրանք համաձայնել են, որ միջուկային զենք երբեք ձեռք չեն բերի»։
Միացյալ Նահանգները եվրոպական դաշնակից երկրների և Իսրայելի հետ մեկտեղ տարիներ ի վեր մտահոգություն է բարձրաձայնել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման հեռանկարի շուրջ։ Իրանը մշտապես հայտարարել է՝ չունի միջուկային զենքի նկրտում։
Եթե անգամ նման ցանկություն կար, Իրանի ղեկավարությունը փոխվել է։ ԱՄՆ-ի և Իսրայելի նախաձեռնած երկու պատերազմների ընթացքում Իրանը խոշոր հարվածներ է ստացել։ Պաշտոնում նշանակվելուց ի վեր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրության առաջ չի երևացել, չնայած մարտի 8-ին հայտարարություն տարածվեց նրա դժվարըմբռնելի նպատակների մասին։
Հստակ չէ նաև, թե որքանով են նա և այլ դերակատարներ համակարգում Իրանի հակահարվածները։ Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների սպանության և շարունակվող օդային հարվածների ֆոնին՝ իրանցի պաշտոնյաների միջև հաղորդակցությունը ևս հարցականի տակ է։
Թրամփը մարտի 25-ին ասել է, որ իրանցի պաշտոնյաները «վախենում են» ընդունել, որ կապի մեջ են ԱՄՆ բանագնացների հետ, «քանի որ կարծում են, որ իրենց իսկ ժողովուրդն իրենց կսպանի»։
Ըստ հրապարակումների՝15-կետանոց ծրագիրը մեկամսյա հրադադար է սահմանելու։ Այդ ընթացքում բանակցություններ կընթանան կոնկրետ մանրամասների շուրջ։ Ծրագիրը ներառում է բազմաթիվ այլ պահանջներ, այդ թվում՝ Իրանի միջուկային ենթակառուցվածքների կազմաքանդում, հարստացված ուրանի փոխանցում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) և հետագայում ուրան չհարստացնելու համաձայնություն։
Այլ կետեր նախատեսում են սահմանափակել Իրանի կարողությունները հրթիռների արտադրության ոլորտում և կանխել Իրանի աջակցությունը տարածաշրջանային պրոքսի ուժերին, ներառյալ՝ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ին։
Պահանջների մեծ մասն ԱՄՆ-ն առաջ էր քաշել նախքան պատերազմի մեկնարկը, սակայն որոշ պահանջներ, օրինակ՝ Հորմուզի նեղուցի վերաբացումը և տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածների դադարեցումը, ներկայացվել են Իրանի պատերազմական գործողություններին ի պատասխան։
Համաձայնության արդյունքում Իրանի դեմ պատժամիջոցները կվերացվեն։ Իրանը նաև ԱՄՆ-ից օժանդակություն կստանա քաղաքացիական միջուկային ծրագրի իրագործման համար։
«ԱՄՆ-ի ներկայացրած առաջարկների պարամետրերը հավակնոտ են։ Պատժամիջոցների մեղմացման դիմաց Իրանից հսկայական զիջումներ են պահանջում», – «Ազատությանն» ասել է Իրանի հարցերով Միջազգային ճգնաժամային խմբի ավագ փորձագետ Նայսան Ռաֆաթին։
«Ծրագրի ի կատար ածումը կպահանջի ճնշման ներքո «կարմիր գծերից» հետ կանգնելու Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը։ Միջուկային հարցերով, օրինակ, Թեհրանը շարունակաբար պնդել է ուրան հարստացնելու իրավունքը… Իրանը նաև հրաժարվել է բանակցել հրթիռային ծրագրի թեմայով», – ավելացրել է նա։
Իրանի դիրքավորումը
Իրանցի պաշտոնյաները ոչ միայն հերքել են բանակցությունների առկայության մասին լուրը, այլ նաև ծաղրել ԱՄՆ հայտարարություններն այդ մասին։ Զինված ուժերի խոսնակ Էբրահիմ Զոլֆաքարին ասել է, որ Թրամփի վարչակազմն «ինքն իր հետ է բանակցում»։
«Մեզնից ոչ ոք ձեզ հետ համաձայնություն չի կնքի, ո՛չ հիմա, ո՛չ երբեք», – մարտի 25-ին ասել է նա։
Թեհրանի որոշ պահանջներ հակադրվում են ԱՄՆ-ի դիրքորոշմանը։
Իրանի պահանջների թվում են Հորմուզի նեղուցում Իրանի վերահսկողությունը, տարանցվող բեռների համար տուրքերի սահմանումը և հրթիռային ծրագիրն անխոչընդոտ շարունակելու իրավունքը։
Իրանը նաև ԱՄՆ-ի համար ակնհայտ «կարմիր գծեր» է ներկայացրել՝ պահանջելով Վաշինգտոնից փակել Պարսից ծոցի բազաները, պատերազմից կրած վնասների համար փոխհատուցում վճարել և երաշխավորել, որ երկրի դեմ նոր հարձակում չի լինի։
«Տնտեսական պատժամիջոցների մեղմացումը և շարունակական կորուստները դժվար թե Իրանին զիջումների մղեն, գոնե ոչ հիմա, - ասել է Ռաֆաթին, հավելելով, - Ռեժիմն, ընդհանուր առմամբ, իր պատերազմական դիրքերն այնքան հուսահատ չի համարում, որպեսզի տեղի տա ԱՄՆ-ի պահանջների առջև»։
«America First Policy Institute»-ի ամերիկագիտության կենտրոնի փոխնախագահ Ֆրեդ Ֆլեյցի տեսակետը շատ չի տարբերվում։
«Ցանկացած հարցի շուրջ իրանական ռեժիմին համաձայնության բերելը լրջագույն մարտահրավեր է։ Դեռ փորձում ենք նրանց համաձայնության բերել բանակցությունների մասնակցելու հարցում։ Կարծում եմ՝ որոշ հարցերում որոշակի նախնական առաջընթաց արձանագրել ենք, բայց մեզ պետք է Իրանի ներկայացուցիչ, որը կնստի ԱՄՆ-ի կամ միջնորդի հետ և կսկսի խոսել», – «Ազատությանն» ասել է նա։