Մատչելիության հղումներ

Արդյո՞ք Իրանն ունի հրթիռներ, որոնք կարող են հասնել Եվրոպային

ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-1B ռմբակոծիչները՝ Դիեգո Գարսիայի ռազմական բազայում՝ Աֆղանստանի դեմ հարվածային առաքելության ժամանակ, Դիեգո Գարսիա, 2001-ի հոկտեմբեր:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-1B ռմբակոծիչները՝ Դիեգո Գարսիայի ռազմական բազայում՝ Աֆղանստանի դեմ հարվածային առաքելության ժամանակ, Դիեգո Գարսիա, 2001-ի հոկտեմբեր:

Իրանը տարիներ շարունակ պնդում էր, որ իր բալիստիկ հրթիռների հեռահարությունը սահմանափակվում է 2000 կիլոմետրով։

2021-ին երկրի այդ ժամանակվա գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել էր՝ չնայած զինվորականների դժգոհություններին՝ ինքն է դրել այդ սահմանաչափը:

Այդ ընտրությունն, ըստ իրանցի բարձրաստիճան զինվորականների, ազդանշան էր, որ Եվրոպան Թեհրանի նշանառության տակ չէ։

Մինչդեռ Միացյալ Նահանգների և Իսրայելի Իրանի դեմ պատերազմի 3-րդ շաբաթում, երբ Խամենեիին արդեն սպանված էր, Թեհրանը երկու բալիստիկ հրթիռ արձակեց ամերիկյան և բրիտանական համատեղ ռազմաբազայի՝ Դիեգո Գարսիայի վրա, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Իրանի տարածքից մոտ 4000 կիլոմետր հեռավորության վրա։

Թվում էր, թե սահմանաչափը վերացել է: Սակայն հրթիռներն իրենց թիրախին չհասան. մեկը խափանվեց թռիչքի ժամանակ, մյուսի ընթացքն էլ ամերիկյան ռազմանավն ընդհատեց։

Վերլուծաբանները նշում են՝ Դիեգո Գարսիայի նման՝ շատ հեռավոր թիրախի հասնելու համար Իրանը պետք է իր ամենահզոր հեռահար հրթիռի՝ Խորամշահր-4-ի բեռնվածությունը կրճատի՝ փոքրացնելով մարտագլխիկի քաշը: Ինչը, սակայն, կասկածի տակ է դնում բաց օվկիանոսում փոքր թիրախ խոցելու ճշգրտությունը:

Փորձագետների խոսքով՝ Իրանի այս հարվածը նաև ազդանշան էր։

«Խաղի կանոնները փոխվել են», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Իսրայելում բնակվող անկախ փորձագետ Մայքլ Հորովիցը։

«Իրանը գոյաբանական պատերազմի մեջ է և կայացնում է կարճաժամկետ որոշումներ: Տարիներ շարունակ Թեհրանը 2000 կիլոմետրանոց սահմանաչափը տարածաշրջանը հանգստացնելու և զսպման միջոց է համարել: Այժմ այդ տրամաբանությունը զիջում է իր տեղը ավելի հրատապ մի բանի՝ ցույց տալ, որ Իրանի կարողությունները տարածվում են անմիջական հարևաններից շատ ավելի հեռու», - պնդեց փորձագետը:

Խամենեիի մահից մի քանի օր անց սահմանափակումների վերացումը դժվար է պատահականություն համարել: Դա երբեք տեխնիկական սահմանաչափ չի եղել, այլ անձնական քաղաքական սահմանափակում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներքին դիմադրության ֆոնին: Իրանի հրթիռային ծրագիրը վաղուց գերազանցել է այդ սահմանաչափը:

Թել Ավիվում գործող Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբան Դեննի Ցիտրինովիչը հարվածը բացատրել է «Իրանի ներսում ուժերի փոփոխվող հավասարակշռությամբ» և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «աճող գերիշխանությամբ»։

«Զարգացող Իրանը, հավանաբար, ավելի քիչ կվարի մեզ հայտնի՝ զգուշավոր, հաշվարկող խաղացողի և ավելի շատ՝ ռիսկի դիմող, Հյուսիսային Կորեայի ոճով քաղաքականություն», - ասել է նա։

Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին, որը մարտի 8-ին հաջորդեց հորը՝ որպես գերագույն առաջնորդ, դեռևս չի ամրապնդել իշխանությունը և մինչև այս պահը հանրության առջև չի երևացել: Անկախ նրանից, թե Դիեգո Գարսիայի ռազմաբազայի վրա հարձակման փորձը հրամայել էր նոր գերագույն առաջնորդը, թե կազմակերպել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որն այլևս կախված չէ հին կանոններից՝ հետևանքը նույնն է. տարիներ շարունակ գործող սահմանափակումը գրեթե անհետացել է։

Անկախ փորձագետ Հորովիցը պնդում է՝ Դիեգո Գարսիայի վրա հարձակման փորձը որքան Իրանի թուլությունն է արտացոլում, այնքան էլ կարողությունները. «Որքան նրա առկա զսպման ճարտարապետությունը խափանվում է, այնքան ավելի գրավիչ են դառնում միջուկային կարողությունները և ավելի մեծ հեռահարության հրթիռները՝ որպես փոխարինողներ: Իրանն այլևս չի կարող դիտվել սպառնալիք Մերձավոր Արևելքի համար։ Այն ստեղծում է կարողություններ՝ ավելացնելով ծախսերն ավելի հեռավոր հակառակորդների համար»։

Եվրոպայի համար հետևանքները նշանակալի են։ Իրանն այժմ ապացուցել է իր պատրաստակամությունը և ցույց տվել կարողությունները հարձակվելու հարևաններից շատ հեռու՝ միաժամանակ սպառնալով փակել Հորմուզի նեղուցը այնպես, որ դա կհարվածի եվրոպական էներգետիկ շուկաներին և կամրապնդի Ռուսաստանի դիրքերը։

«Եթե ես լինեի եվրոպացիների տեղը», - ասաց Հորովիցը, - «ես կանհանգստանայի»։




XS
SM
MD
LG