Հայկական ծաղիկներն ու բանջարեղենը՝ դեպի նոր շուկաներ. ի՞նչ խնդիրներ են տեսնում արտադրողները

«Հայաստանից այսօր ծաղիկների մի խումբ կարտահանվի Լատվիա»,- հայտարարել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: Կառավարության նիստում էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է վստահեցրել՝ կաջակցեն, որ որակյալ ոչ մի ապրանք արտահանման խնդիր չունենա:

«Կարծում եմ՝ այս նույն որոշումը պիտի տարածվի և՛ մրգերի վրա, և՛ կոնյակի վրա, և՛ գինու վրա, և՛ հանքային ջրերի վրա: Ցանկացած շուկա, որտեղ մեր արտադրողը կարողանում է արտահանել, թող արտահանի, որևէ խնդիր չկա»,- այսօրվա կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստանում ծաղիկներ աճեցնող ամենախոշոր ջերմատներից մեկի համասեփականատերը գոհ է կառավարության սահմանած փոխհատուցումից՝ 1 հատի համար 37 դրամ:

«Համենայնդեպս, ճիշտ հաշվարկը դա է, որ մեկ արտահանվող վարդի մասով պետությունը էդ սուբսիդիան տա։ Կարծում եմ՝ սա ամենաճիշտ մոտեցումն է: Ես հակված եմ նրան, որ պետության աջակցությունը գոնե մեկ տարի տևի, որպեսզի մենք կարողանանք էդ շուկաներում ամրապնդվենք»,- ասաց ջերմատներից մեկի համասեփականատերը:

Արարատցի մեկ այլ ջերմոցատեր, որ 2800 հեկտար տարածքում նաև լոլիկ ու պղպեղ է աճեցնում, լսել է, որ կառավարությունն արտահանվող 1 կգ պղպեղի համար 400 դրամ կփոխհատուցի, լոլիկի դեպքում՝ 275: Դժգոհեց՝ շատ փոքր փոխհատուցում է. «Էդ գնով ես պղպեղ ո՞նց կարամ տամ։ 400 դրամը գին չի... Լոլիկը՝ 400, 450 դրամ է շուկայում: Կես գին է ուզում, բա էլ իմ օգուտը ո՞րն է: Էդքան ծախսերն անեմ շուկայականից գոնե մի 50 դրամ պակասով էդ ապրանքները մթերեին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

50 միլիոն եվրո ԵՄ-ից՝ ՀՀ-ին. ինչ փաթեթ է առաջարկում Բրյուսելը

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ արդեն կան եվրոպական լաբորատորիաներ, որոնք փորձում են օգնել հայ արտադրողներին: Նրա խոսքով՝ նպատակն է ապահովել, որ հայկական արտադրանքը համապատասխանի Եվրամիության և այլ շուկաների ստանդարտներին։

ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանն էլ այսօր նշել է, որ դեպի ԵՄ արտահանվող ապրանքները պետք է համապատասխանեն եվրոպական ստանդարտներին: Այս հարցը նաև ֆերմերներն են հաճախ նշում՝ ընգծելով՝ արդյո՞ք հայաստանյան սերտիֆիկատները ԵՄ-ն կընդունի՞.

«Ես նաև կառաջարկեի մեր ոչ այս որոշմամբ սահմանվող աջակցությունը, այլ որոշումներով մեր ունեցած աջակցության մեխանիզմները կենտրոնացնենք այն արտադրողներին աջակցելու վրա, որոնք համապատասխանում են շատ որոշակի միջազգային ստանդարտներին»,- ասաց նախարար Միրզոյանը:

3-րդ երկրի բեռնափոխադրողը մեր տեղը գրավում է շուկայում. բեռնափոխադրող

ԵՄ դեսպանը նաև ընդգծել էր՝ քննարկում են հայկական ծաղիկների՝ Նիդերլանդների Թագավորություն արտահանելու հնարավորությունները «Ռոյալ Ֆլորա» ընկերության հետ համագործակցությամբ։ Այս հայատրարությունն առնվազն երկու կետով անհասկանալի է դեպի ԵՄ արտահանման փորձ ունեցող մեր զրուցակցի համար, որպես բեռնափոխադրող ասաց՝ եղել է Նիդերլանդներում, չի պատկերացնում ծաղիկի հայրենիքում հայկականն ինչպե՞ս է մրցակցելու.

«Հայաստանում շատ մեծ ծաղկի ջերմոցներ կան, օրինակ, մարտի 8-ի տոնին ընկերություններ կան, որ Նիդերլանդներից սատիլներ են բերում, տնկում են, ստանում են կակաչը և արտահանում են Ռուսաստան՝ հենց մարտի 8-ի կապակցությամբ։ Ես ինքս էդ բեռնափոխադրումը կատարել եմ. Ռուսաստան ծաղիկներ ենք բեռնափոխադրել, Հայաստան՝ սատիլներ: Ու մինչև հիմա Նիդերլանդներից Հայաստան սատիլներ են գալիս։ Ծաղկի երկրում մենք մրցակցությանը չենք դիմանալու»,- ասում է բեռնափոխադրողներից մեկը:

Մեր զրուցակիցը լսել է, որ Հայաստանից նաև Ուկրաինա ծաղիկով բռնված մեքենա է գնացել, բայց ոչ հայկական բեռնատարով: «Այդ դեպքում՝ մեզ ո՞վ է հիշելու», նեղսրտեց.

«Ապրանք է արտահանվել դեպի Ուկրաինա, ծաղիկ՝ թուրքական մեքենայով։ Օրինակ, ինչի՞ հայկական մեքենան չի գնացել։ Ինչի՞: Ես հենց հիմա պատրաստ եմ ցանկացած եվրոպական երկիր արտահանում իրականացնելու, բայց ինձ չկա առաջարկ։ Ստեղ մի ուրիշ խնդիր կա, իմ անձնագրում կա սահմանահատման ռուսական կնիք, ես Ուկրաինա չեմ կարող մտնել, էդ իմ համար խնդիր է լինելու։ Հայկական բեռնափոխադրողը դուրս է գալիս այստեղից: Այստեղ շահեց նորից վրացական կամ թուրքական բեռնափոխադրողը, որը մեր ամենացավալի կողմն է։ Էս քանի տարի է մենք բղավում ենք, որ 3-րդ երկրի բեռնափոխադրողը մեր տեղը գրավում է շուկայում։ Սա էլ մեզ համար նոր հարված է»,- «Ազատության» հետ զրույցում ասաց բեռնափոխադրողներից մեկը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նոր զգուշացումներ Մոսկվայից․ ըստ Օվերչուկի՝ «հետագա որոշումները կախված կլինեն նաև ընտրությունների արդյունքներից»Եվրամիությունը քննարկում է հայ արտահանողների համար նոր շուկաներ բացելու հնարավորությունները. Մարագոս«Ծաղիկների մի խմբաքանակ արդեն ճանապարհին է». ռուսական սահմանափակումներից հետո արտահանողները այլ շուկաներ են փնտրումՌԴ-ը մտադիր չէ վճարել Հայաստանի՝ եվրաինտեգրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար. Գալուզին«Կարճ ժամկետում Հայաստանին ԵՄ աջակցությունը մեծացնելու ուղիներ ենք փնտրում». ԿոսՌԴ սահմանափակումների հետևանքով պղպեղով 8 բեռնատարը վերադառնում է Հայաստան․ ֆերմերների արձագանքըՌուսական պատժամիջոցներին զուգահեռ 2 հայկական ընկերության նկատմամբ արգելքը հանվել էՌուսաստանը նորանոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ներմուծումների համար