Հայաստանյան ընտրություններից երկու շաբաթ առաջ Ռուսաստանը տնտեսական սահմանափակումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ՝ արգելելով մի շարք հայկական ապրանքատեսակների մուտքն իր շուկա։
Հայկական շուրջ հարյուր բեռնատարներ օրեր շարունակ կանգնած են Ռուսաստանի մուտքի մոտ։ Վարորդներն իրենց տարիների փորձից են եզրահանգումներ անում՝ սա քաղաքական ճնշում է։
«Կա մեջները կոնյակ հայկական, թղթերը մինչև հիմի էս երեք օր ա, չորս օր ա՝ չեն բերում, որը սպասում են դասմոտրի [ռուս.՝ զննում. - խմբ.], որը՝ վազվրատի [ռուս.՝ վերադարձ. - խմբ.]», - «Ազատությանը» ասաց վարորդներից մեկը:
«Էս ամեն ինչը նախազգուշացում ա, որ ինչ կսպասվի մեզ այլ տարբերակ ընտրելու դեպքում», - պնդեց մյուսը:
Վերջին շրջանում ռուս պաշտոնյաները գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանին հորդորում են արագ կողմնորոշվել Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության միջև։ Պաշտոնական Երևանը դեռ չի շտապում, ասում են՝ որոշում կայացնելու պահը չի եկել։ Այս շաբաթվա վերջին Աստանայում կկայանա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ, ըստ ռուս պաշտոնյաների, Հայաստանի կարգավիճակի հարցն է քննարկվելու։ Քարոզարշավի մեջ գտնվող վարչապետ Փաշինյանը չի մասնակցի նիստին՝ փոխվարչապետը կգնա։
Մինչ այդ, արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում են «Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցները։ Հայ գործընկերների հետ ութ ջերմոց և չորս ձկնաբուծարան են ստուգում։ Սրանք այն ընկերություններն են, որոնց ծաղիկներում, ըստ Ռուսաստանի, օտար մարմիններ են հայտնաբերել, իսկ հայկական կարմրախայտն էլ կասկածելի քաշ է ունեցել։
«Ստուգվելու է Հայաստանից Ռուսաստան ներմուծվող բուսասանիտարական ենթահսկման և ձկնաբուծական արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին։ Ստուգումներն ավարտվելուց հետո դրանք կամփոփվեն, ռուսական կողմը կներկայացնի նաև հայկական կողմին դրանց արդյունքները», - «Ազատությանը» փոխանցեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը:
Ռուսաստանի սահմանին սպասող հայ վարորդներն «Ազատությանն» ասում են՝ Վերին Լարսի անցակետից մոտ հինգ կիլոմետր ներքև գտնվող Չմի գյուղի ժամանակավոր մաքսային տարածք են տեղափոխել հայկական բեռնատարները, որ հիմնական անցակետը մյուս մեքենաների համար ազատ պահեն։
«Փաստաթղթերս չկա, արհեստական ինչ-որ իրավիճակ ա ստեղծվել հիմա։ Ես էս արհեստական իրավիճակի մեջ հասկանում եմ, որ կարա էնպես լինել, որ մտածված բեռն են փչացնում, որ ինստանցիա մոտիկանում եմ՝ ոչ մեկ չի էլ ուզում պատասխանի. - «Սպասի, սպասի, սպասի, սպասի»։ Աչքիս առաջ հինգ հատ [մեքենա. - խմբ.] ծաղիկ, երկու հատ ելակ, մեկ հատ ձուկ երեկ չէ առաջին օրը իմ աչքի առաջ ետ դարձրին», - անանուն մնալու պայմանով «Ազատությանը» պատմեց բեռնատարների վարորդներից մեկը:
Նրա փոխանցմամբ՝ շուրջ տասը մեքենայով մոտ 190 տոննա պղպեղ էին փորձում Ռուսաստան տանել։ Չի հաջողվել, թեև Հայաստանում ստուգում են անցել, բեռները խնդիր չեն ունեցել:
«Նույն արտահանողի բեռով եղել ենք ինը ավտո։ Իննից մեկը ես եմ, որը որ դեռ փաստաթղթերս չկա, ինձ ետ չեն դարձրել։ Ինձ հետի բոլոր մեքենաները ստացել են ետդարձի ակտը, որ պետք ա ապրանքը հետ վերադառնա Հայաստան։ Էդ մեքենաներն էլ ինձ հետ Հայաստանում անցել են ֆիտոզննում ու ստացել են ֆիտո, որ բանջարեղենի մեջ հիվանդություն չկա։ Եթե հենց հիմա ինձ արդեն հետ վերադարձնեն, մոտ մի հինգ օրից շուտ ես չեմ հասնի Հայաստան։ 11 օր հետո պղպեղը, չգիտեմ, բերեցինք Հայաստան, ի՞նչ ա լինելու», - նշեց վարորդը:
Ռուսաստանն այս պահին սահմանափակել է հայկական ծաղիկների ներմուծումը, «Ջերմուկ» հանքային ջրի և մի քանի ընկերությունների ալկոհոլային խմիչքի վաճառքը։
Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր ահազանգեց նաև, թե Բագրատաշենի անցակետից Հայաստանի ՍԱՏՄ-ն հետ է ուղարկել Ռուսաստան արտահանվող ելակը՝ պատճառաբանելով, թե արգելված նյութ են հայտնաբերել բեռում։ ՍԱՏՄ-ից «Ազատությանն» ասացին՝ դա իրենց ամենօրյա աշխատանքն է, արտառոց վիճակ չէ։
Իսկ անորոշ ժամանակով Ռուսաստանի սահմանին մնացած հայ բեռնափոխադրողներն այս ընթացքում իրենց վնասներն են հաշվում ու պնդում՝ քաղաքական այս տարաձայնությունների պատճառով գործարարներն են տուժելու.
«Սա հենց ինքը քաղաքական ճնշումներ ա»։
« Հիմա ոնց հասկացանք ընտրությունների հետ ա կապված Հայաստանում, ... բեռնափոխադրողների միջոցով փորձում են ազդել ընտրությունների վրա»։
Անցած տարի Հայաստանը 53 միլիոն դոլարի ծաղիկ է արտահանել, հիմնականում՝ Ռուսաստան։ Հինգ տարի առաջ արտահանումը ընդամենը 7.4 միլիոն դոլարի էր։
Վարչապետ Փաշինյանը երեկ որպես արտահանման այլընտրանքային ճանապարհ նշել էր Ախալքալաք-Կարս երթուղին, ասելով, որ այն Ադրբեջանի երթուղու նման արդեն բաց է արտահանումների և ներմուծումների համար։
Թեև Փաշինյանը սա մեծ իրադարձություն է համարել երկրի տնտեսական կյանքում, բեռնափոխադրողներն ասում են՝ ժամանակը ցույց կտա, բայց առայժմ, ըստ նրանց, ամենամոտ ու ամենամեծ շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։ Ոմանք էլ կարծում են, որ այլընտրանքային շուկաների վերաբերյալ այսպիսի հայտարարությունները գուցե թուլացնեն լարվածությունը.
«Բոլորն էլ գիտակցում են, որ մեր տնտեսությունը առանց ռուսական շուկայի չեն կարող էս ապրանքը ոչ մի տեղ արտահանել»։
«Այլընտրանք որ լինի, իմ կարծիքով՝ ստեղ էլ իրանց վերաբերմունքը կփոխվի։ Օր օրի վրա ավելի ա բարդանում վիճակը»։
Եվրոպան հեռու է, լոգիստիկ խնդիրներ, միևնույն է, կան, ասում են նրանք ու հավելում՝ մեծ է նաև մրցակցությունը.
«Օրինակ՝ ծաղիկ, ո՞ր երկիր ենք արտահանելու, եթե համաշխարհային բիրժան գտնվում ա Նիդերլանդներում. էնտեղից են մարդիկ ծաղիկը գնում, սածիլները, սերմերը էնտեղից են գնում։ Ո՞ւր ենք արտահանելու։ Հիմա ես էս պղպեղը ո՞ւր եմ արտահանելու, ո՞ր երկրից են էս պղպեղը մեզանից գնելու։ Եվրոպան ունի Իսպանիայի պես երկիր, Հունաստան, Իտալիա, էդ երկրներն են ապահովում իր բանջարեղենը»:
Ռուսաստանի սահմանին օրերով կանգնած բեռնատարների վարորդներից մեկն ասում է՝ երբ փորձում են ռուս մաքսավորներից հստակ ժամկետներ իմանալ, իրենց ոչ թե խոսքով են պատասխանում, այլ շատ թափանցիկ ակնարկ են անում.
«Հարցնում ես մաքսավորին՝ «լավ, ինչի՞ ա սենց, ոչ մի բառ չի ասում, ծիծաղալով սրտիկ ա անում։ Դե թողնում ենք սա արդեն հանելուկ, թող լսողները իրենք կռահեն՝ ինչ ա ասել սրտիկով։ Գինի էլ չէր, որ ասեմ՝ ես իրան հաճելի էի, ինձի սրտիկ արեց»։