Մատչելիության հղումներ

Հայաստանը շահագրգռված չէ խզել Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական կապերը. Միրզոյան

Հայաստանը շահագրգռված չէ խզել Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական կապերը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք տրամադրված ենք և ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները և խորացնել դրանք», - ընդգծեց նա։

Միրզոյանը վստահեցրեց՝ «մեր որևէ հարաբերություն, որևէ երկրի հետ ուղղված չէ որևէ այլ երրորդ երկրի դեմ»։

«Մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ում հետ մենք հայտարարել ենք ռազմավարական գործընկերություն, և՛ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրոպական Միության անդամ երկրների և ոչ միայն անդամ երկրների հետ, արևելքում, հարավում, բոլորի հետ շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները, և սա որևէ կերպ ուղղված չի Ռուսաստանի Դաշնության դեմ», - ասաց Միրզոյանը:

Լրագրողների հարցին, որ մոտավորապես 40 օր հայկական բեռնատարները մնացել են Լարսի անցակետում, ինչ-որ բան ձեռնարկվո՞ւմ է, ԱԳ նախարարն արձագանքեց. «Միանգամից ուզում եմ ասել, որ խնդիրը այն ծավալների չի և այն խորության չի, ոնց ներկայացվում, կներեք, շատ հաճախ միտումնավոր շահարկվում է և՛ առանձին քաղաքական ուժերի համակիրների, և՛ որոշ դեպքերում նաև առանձին ԶԼՄ-ների, լրատվության միջոցների կողմից, բայց խնդիրը կա։ Այս խնդիրը եղել է միշտ, տասնամյակներ առաջ, մի տարի առաջ, մի շաբաթ առաջ, այսօր, ինչ-որ կերպ կարող է լինել և կարծում եմ կլինի վաղը։ Այսինքն այսպիսի ծավալի փոխադրումների ժամանակ մշտապես այդպիսի խնդիրներ կարող են առաջանալ»։

«Հիմա մենք ի՞նչ ենք առնվազն լսում համապատասխան այդ վերաբերելի ռուսական գործակալություններից։ Ասում են՝ այսինչ ապրանքը չի համապատասխանում էսինչ բաղադրությանը, լաբորատոր փորձաքննություն են անում, երբեմն պարզվում է, որ այդ ենթադրությունը ճիշտ չի և ապրանքը կարող է անցնել, երբեմն պարզվում է, որ ճիշտ է, ձեր համար գաղտնի՞ք է, որ կարող է լինել հայաստանյան արտադրության տասնյակ որակյալ ապրանքների կողքին մի բան, որը ընդհանրապես չի համապատասխանում, չունի այդ որակը, չգիտեմ ընդհուպ մինչև հրաշալի հայկական կոնյակի հետ կարող է լինել գույն տված սպիրտ։ Հիմա այսպիսի բաները որևէ երկրի իրավունք ունի՞ փակել, կարծում եմ այո, մենք պետք է նույն ձև փակե՞նք անորակ ապրանքի մուտքը Հայաստան, կարծում եմ այո»։

Միրզոյանը չբացառեց, որ կարող է լինել նաև «նախորդիվ քննարկված անհանգստություններից բխող քաղաքական շերտ ևս». «Կխոսենք, կհասկանանք, կառուցողական կերպով կլուծենք»:

«Հայաստանը պատմական հնարավորություն ունի դառնալ այլընտրանքային օղակ արևմուտք-արևելք ապրանքային շարժի առևտրի մեջ»

Անդրադառնալով Ախալքալաք - Կարս երկաթուղով արտահանումների ու ներմուծումների վերաբերյալ վարչապետի հայտարարությունը, Միրզոյանն ասաց. «Մենք վրացական երկաթուղիների հետ կապ ունենք, նախկինում երբ որևէ ապրանք Թուրքիայից փորձում էին ներմուծել, իսկ դա մեծ ծավալների մասին է, որը միշտ եղել է, ահա, երբ փորձում էին հայ գործարարները ներմուծել, իրենք ստիպված էին ռեքսպորտ անել, արտահանել փաստաթղթով գոնե Թուրքիայից Վրաստան և հետո Վրաստանից նոր ներմուծել Հայաստան։ Հիմա կհիշեք՝ մի քանի օր առաջ այդ արգելքը վերացվեց թուրքական կողմից և մաքսային առումով ուղիղ կարող ենք ապրանքներ ներմուծել։ Հիմա սա այդ ուղիղ ներմուծման լոգիստիկ գետնի վրա տարբերակներից մեկն է, և կարող են բեռնատարներով, և արդեն փաստորեն ըստ էության երեկվանից կարող ենք նաև գնացքով Թուրքիայից բերել Ախալքալաք և այնուհետև այդտեղ, և հակառակ ուղղությամբ Հայաստանից տանել»:

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար»։ Փաշինյանը տեղեկացրել էր, որ առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։ Վարչապետն ընդգծել է, որ սա կլինի TRIPP նախագծի իրագործման արդյունքում։

Արտգործնախարարը վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում և՛ սահմանները կբացվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, և՛ կվերագործարկվի Կարս-Գյումրի երկաթուղին:

«Ազատության» հարցին՝ այսինքն այսօրվանից կամ վաղվանից հայ գործարարներն արդեն կարո՞ղ են այդ երկաթուղով բեռներ ներմուծել, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Կարծում եմ այո, բայց չեմ բացառում, որ դեռ ինչ-որ տեխնիկական խնդիրներ լինեն, որոնք պետք է անպայման լուծվեն, չգիտեմ, մեկ օրվա, մեկ շաբաթվա ընթացքում։ Հիմա մաքսային իմաստով ուղիղ փոխադրումն էլ հայտարարեցինք, բայց դեռ ոչ ամենուր, ոչ ամեն վերաբերելի մարմնում այդ թղթային ձևակերպումները հենց մի վայրկյանում ստացվեցին, մեկ-երկու օր տևեց, մինչև ամեն ինչ ընկավ հունի մեջ»։

«Հայաստանը պատմական հնարավորություն ունի դառնալ մի այլընտրանքային օղակ արևմուտք-արևելք այս նոր ապրանքային շարժի առևտրի մեջ, այդ շարժը այսպես թե այնպես լինելու է։ Մենք պատմական հնարավորություն ունենք դառնալ կարևոր առանցքային հանգույցներից մեկը։ Այդ հնարավորությունը մենք բաց չենք թողնելու, չի կարելի դա, մենք ինքներս մեզ երբեք չենք կարող ներել։ Այն բացակայող երկաթուղու հատվածը, որտեղ չկա և հետևաբար Գյումրի-Կարս կապը չի գործում, պետք է կառուցվի։ Հիմա խոսում ենք Ռուսաստանցի գործընկերների հետ, կստացվի, իրենց հետ համատեղ կստացվի, չի ստացվի, որևէ այլ լուծում կգտնենք, բայց այդ հարցը պետք է լուծվի», - ընդգծեց Միրզոյանը։





Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG