Հայկական մի քանի հարյուր տեսակի ապրանքներ առանց մաքսատուրքի ԵՄ շուկա կարող են մտնել արդեն այս ամիս

Հայաստանյան ապրանքներով բարձված բեռնատարներ, արխիվ

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից մեկ օր անց Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների առաջարկին: Եթե այս ամիս նաև Եվրախորհրդարանը նախագիծը հաստատի, հայկական արտադրության մի քանի հարյուր տեսակի ապրանքներ առանց մաքսատուրքի Եվրամիության շուկա կարող են մտնել:

Բրյուսելն այս քայլին է գնում Ռուսաստանի տնտեսական սահմանափակումների ֆոնին: Ուղիղ երկու ամիս առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ազդարարեց Բրյուսելի մտադրության մասին:

«Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն ապրանքները, որոնք մեծապես ռուսական շուկա են արտահանվում, և դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկա՝ 450 միլիոն մարդկանց համար», - հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահը:

Առևտրի ինքնավար միջացառումների կամ ATM սահմանելով Բրյուսելը նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսությանը ռուսական առևտրային սահմանափակումներից հետո:

Եվրոպան կանգնած է Հայաստանի ու Հայաստանի ժողովրդի կողքին, որն ընտրել է բարեփոխումների և Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության հստակ ճանապարհը, մեկնաբանելով Եվրամիության խորհրդի որոշումը՝ ասել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄըքԷնթին:

«Այս որոշումը հստակ ուղերձ է՝ Եվրամիությունն արձագանքում է տնտեսական հարկադրանքին: Մենք նոր հնարավորություններ կստեղծենք և կկանգնենք մեր գործընկների կողքին», - վստահեցրել է իռլանդացի նախարարը:

Առաջարկը, որն, ըստ Բրյուսելի, առաջիկա շաբաթներին հավանաբար ամբողջությամբ կհաստատեն, ընդհանուր 324 ապրանքախմբի համար ազատ առևտրի հնարավորություն է նախատեսում: Բրյուսելի հաշվարկներով՝ հայաստանցի գործարարները երկու տարվա ընթացքում Եվրամիությանն ընդհանուր 5.4 միլիոն եվրոյի չափով մաքսատուրք չեն վճարի: Եվրամիության գնահատմամբ՝ արտոնությունը կծածկի դեպի Ռուսաստան միրգ-բանջարեղենի արտահանումների 99 տոկոսը ու խմիչքների 91 տոկոսը:

Գյուղատնտեսական 8 մշակաբույսերի համար հստակ քանակական սահմանափակումներ կլինեն. արտոնյալ պայմաններով հնարավոր կլինի տարեկան 6.5 հազար տոննա վարունգ արտահանել, 5 հազար տոննա խաղող, 750 տոննա տանձ, 7 հազար տոննա ծիրան, 2 հազար տոննա բալ, 3500 տոննա դեղձ, 1.5 հազար տոննա սալոր ու 2.5 հազար տոննա ելակ:

Վերջին մի քանի տարիների արտահանումների Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը նույնպես փաստում է, որ Եվրամիության արտոնությունը կարող է ծածկել այս մշակաբույսերի արտահանման ծավալների մի զգալի մասը: Ծիրանի արտահանման խնդիրն, այդուհանդերձ, այս քայլով ամբողջությամբ չեն լուծի, սահմանվող 7 հազար տոննայի շեմը Հայաստանից տարեկան արտահանումների մի փոքր մասն է. անցած տարի, օրինակ, ավելի քան 50 հազար տոննա ծիրան են արտահանել:

Գյուղատնտեսական այս մշակաբույսերից զատ ևս 316 ապրանքախմբի համար ընդհանրապես որևէ քանակական սահմանափակում չեն նախատեսել. ցանկն ընդարձակ է՝ մսամթերք, կաթնամթերք, բանջարեղեն, ընդեղեն, հագուստ, ալկոհոլային խմիչք, ծխախոտ և այլն:

Եվրամիությունը նախատեսում է նման արտոնյալ պայմաններ սահմանել երկու տարի ժամկետով: Ուժի մեջ մտնելուց հետո վերահսկելու են, որ հայկականի անվան տակ այլ երկրի արտադրանք արտոնյալ պայմաններով եվրոպական շուկա չարտահանեն: Եթե նման դեպքեր լինեն, Բրյուսելը կարող է արտոնություններն ընդհանրապես չեղարկել:

Պայմաններից մեկը Հայաստանի արդյունավետ համագործակցությունն է. հայկական կողմը պետք է հավաստող տեղեկություններ ներկայացնի, որ ապրանքն իրոք հայկական է: Բացի այդ, Հայաստանն, իր հերթին, եվրոպական արտադրանքի համար նոր մաքսատուրքեր չպետք է սահմանի ու այլ սահմանափակումներ կիրառի:

Արտոնությունները կարող են սահմանափակել նաև եթե Հայաստանից արտահանումները բացասաբար ազդեն Եվրամիության տեղական ապրանքների վրա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումներըՍահմանափակումներ, նվազած արտահանում. ինչ հաջորդեց Փաշինյան-Պուտին նախորդ հանդիպմանը324 ապրանքախումբ՝ առանց մաքսատուրքի. ինչ կշահի Հայաստանը Բրյուսելի առաջարկիցԲրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանելԵՄ-ն մտադիր է «ազատականացնել հայաստանյան արտահանումների 80 տոկոսը» Լրացուցիչ 18 միլիոն եվրո կտրամադրվի Հայաստանին. Լայեն50 միլիոն եվրո ԵՄ-ից՝ ՀՀ-ին. ինչ փաթեթ է առաջարկում ԲրյուսելըՌԴ սահմանափակումների ֆոնին՝ Ֆոն դեր Լայենը և Փաշինյանը կքննարկեն ԵՄ աջակցությունը ՀՀ-ին