Հայկական «Ջերմուկ Գրուպ»-ը կրկին հայտնվել է ռուս իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանի քննչական կոմիտեն վերսկսել է 2 տարի առաջ 65-ամյա տղամարդու մահվան գործի քննությունը՝ նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով։
Ըստ նախնական տվյալների՝ տղամարդու ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր «Ջերմուկ» խմելուց հետո, հոսպիտալացվել էր, բայց բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։ Ռուսական կողմի վարկածով՝ շշում հանքային ջրի փոխարեն քացախաթթու է եղել։ Բայց, թե ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել գործը վերաբացելու համար, ռուսական աղբյուրները չեն հաղորդում:
«Ջերմուկ Գրուպի» տնօրեն Վլադիմիր Պողոսյանն «Ազատության» հարցերն այսօր անպատասխան թողեց, իսկ ընկերության հիմնադիր Աշոտ Արսենյանի հեռախոսահամարն էլ ողջ օրն անհասանելի էր: Արսենյանը, սակայն, «ժողովուրդ» օրաթերթի հարցին է պատասխանել. «Հորդորում եմ խնայել սեփական ջանքերն ու թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը: Մշուշոտ ենթադրությունների հետևում պարզ նշմարվում են ոմանց ականջները»:
Բայց թե ում ականջներն է նշմարել գործարարը, չի մանրամասնել: «Ջերմուկ Գրուպ»-ն էլ տարածած հայտարարությամբ նշում է՝ քրեական գործի հարուցումից ի վեր ընկերության դեմ առաջադրված մեղադրանք չկա, աշխատակիցներից էլ ոչ ոք ոչ որպես կասկածյալ, ոչ էլ որպես մեղադրյալ ներգրավված չէ:
Ընկերությունը նաև պնդում է, թե Ռուսաստանում իր դեմ ներկայացված քաղաքացիական հայցը բոլոր ատյաններում մերժվել է: «Ջերմուկ Գրուպ»-ը անդրադառնալով քրեական գործի պատճառ դարձած շշի պարունակությանը, նշել է՝ դատաքննության ընթացքում ներկայացված փորձաքննությամբ արտադրանքի անվտանգության խախտումներ չի արձանագրվել:
Հայաստանի Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ասաց՝ այդ օրերին հատուկ ստուգում է իրականացվել նաև Ջերմուկի մայր գործարանում, եզրակացություններն էլ ուղարկվել են Ռուսաստան:
«Բացառվում է որևէ այլ նյութի առկայություն ջերմուկի շշում, մենք այնտեղ նույնիսկ փորձարկումներ արեցինք, համակարգն ինքը դուրս է դնում, եթե ջերմուկից բացի որևէ այլ սուբստանցիա կարող է հայտնվել այդ շշում: Փորձել ենք օտար մարմին տեղավորել, ջուր, այլ հեղուկ լցնել, համակարգն ինքը միանգամից հանում է: Էլ չեմ ասում, որ այնտեղ որևէ սանիտարահիգիենիկ նորմերի որևէ խնդիր լինել չի կարող», - ներկայացրեց Հարությունյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ջերմուկ Գրուպ»-ը շեշտում է՝ իր արտադրանքը համապատասխանում է ԵԱՏՄ պահանջներինՌուսաստանից դեռ պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել «Ջերմուկ»-ի հետ կապված խնդրի առնչությամբԱվելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը» սկսել է «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի լիցենզիայի չեղարկման գործընթաց՝ ներմուծվող կոնյակի նմուշներում խախտումներ արձանագրելուց հետո։ Գործարանից պնդել էին՝ այս տեղեկությունը սխալ է, իրենց շփոթել են Ռուսաստանում գործող դիստրիբյուտոր ընկերության հետ։
Արդյոք Փաշինյան - Պուտին հանդիպումից հետո Մոսկվայի զգուշացումը կարելի՞ է համարել հայկական բիզնեսների հետ կատարվողը Ռուսաստանում, հատկապես երբ և՛ նախագահ Պուտինը, և՛ փոխվարչապետ Օվերչուկը հատուկ ընդգծել էին, թե որքան կարևոր է ռուսական շուկան դեպի Եվրամիություն ձգտող Հայաստանի համար: Լրագրողների այս հարցերին այսօր իշխող ուժից ԱԺ նախագահն ու փոխնախագահն արձագանքեցին՝ հայ - ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան:
«Մենք որևիցե սպառնալիք մեզանից չենք ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնալ, նման մտադրություն չկա: Ինչ-որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն, մի պահ բարձրանում են, շատանում են, քչանում են, մենք՝ քաղաքական գործիչներս, այդ հարցերը քննարկելու ու լուծելու համար ենք», - ասաց Ալեն Սիմոնյանը:
«Այս խոսակցությունները, այս թեմաները նոր չեն, նախորդ տարի էլ է խոսվել դրա մասին, դրա նախորդ տարի էլ է խոսվել, ինչպես տեսել եք, ոչ մի կատաստրոֆիկ բան տեղի չի ունեցել: Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է, մենք շարունակելու ենք շատ բարեկամական մթնոլորտում քննարկել, բանականաբար, ոչ բոլոր հարցերի շուրջ ենք համաձայն լինելու», - նշեց Ռուբեն Ռուբինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՌԴ վերջին հայտարարություններից հետո հայ բեռնափոխադրողները նոր դժվարությունների մտավախություն ունենԵրկու տարի առաջ՝ «Ջերմուկի» հետ կապված դեպքից հետո Ռուսաստանում սահմանափակվել էր հայկական հանքային ջրի վաճառքը: ՍԱՏՄ-ից փոխանցեցին՝ այդ սահմանափակումները կարճ ժամանակ անց հանվել են ու հիմա այդպիսի խնդիր չկա:
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ վերջին հինգ տարիներին Հայաստանից Ռուսաստան հանքային ջրերի արտահանումը դոլարով արտահայտված կրկնապատկվել է՝ 7.6 միլիոնից հասնելով 15 մլն դոլարի։ Նույն այդ ժամանակահատվածում՝ 2020-2024-ին, հանքային ջրերի արտահանումն ավելացել է մոտ 8 միլիոն լիտրով։