Հայաստանը Եվրասիական դատարանից կարծիք կխնդրի հայկական ապրանքների սահմանափակումների վերաբերյալ. Պապոյան
Հայաստանը ռուսական սահմանափակումների հարցով կդիմի Եվրասիական դատարան՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնել է Էկոնոմիկայի նախարարը։
Գևորգ Պապոյանը հատուկ ընդգծել է՝ ոչ թե բողոքարկման, այլ կարծիքի համար են դիմելու, որպեսզի հետո այն ներկայացնեն ԵԱՏՄ հանձնաժողովի նիստին։
«Ամենայն հավանականությամբ՝ մենք կդիմենք Եվրասիական դատարան։ Այնտեղ կա երկու մեխանիզմ. մեկը՝ դիմում ես որպես բողոք, մյուսը՝ որպես կարծիք, որը կսպասարկի այդ պրոցեսին»,- ասաց Պապոյանը՝ ընդգծելով, որ այն հանձնաժողովի առաջիկա նիստում կուժեղացնի հայկական կողմի դիրքերը։
ԵԱՏՄ հանձնաժողով հայկական կողմը դիմել է դեռ սեպտեմբերին: Նոյեմբերի սկզբին նիստը պետք է տեղի ունենար, սակայն հետաձգվել է, ընդ որում՝ առաջիկայում այն գումարելու երրորդ փորձն է սպասվում։ Նիստերը հետաձգվել են հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Մի քիչ ավելի բաց կլինեմ. որպեսզի որոշումն անցնի, մեզ պետք է 7 ձայն, մեր կարծիքով՝ մենք ունենք 6 ձայն։ Հիմա նիստն անենք 6 կողմ, 4 դեմ՝ չի անցնելու որոշումը։ Լրացուցիչ գործիք ենք փորձում բերել, որը կլինի դատարանի կարծիքը և մեր դիրքորոշումը կուժեղացնի»,- նշեց նախարարը՝ առանց հայտնելու՝ արդյո՞ք կողմ երկրները Ղազախստանն ու Ղրղզստանն են, իսկ դեմ՝ Ռուսաստանն ու Բելառուսը։
Իսկ ի՞նչ է նշանակում «մեր կարծիքով» ձևակերպումը, արդյոք այդ վեց ձայնի մասով էլ վերջնական չէ, որ կլինեն, Պապոյանն ասաց՝ դա կարտահայտվի վերջին պահին՝ քվեարկությամբ։
«Մենք այս պահին եթե դնենք հարցը, 10-ից 6 ձայն ենք ունենալու։ Հիմա ինչ կարիք կա մտնել մանրամասների մեջ. ձեր հարցերով ձեզ թվում է՝ օգնում եք, բայց խանգարում եք գործին», - վրդովվեց նախարարը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ունի 10 անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր երկրից՝ երկուական ներկայացուցիչ։ Կոլեգիայի նախագահը Ղազախստանի նախկին վարչապետ Բակիջան Սագինտաևն է, իսկ Հայաստանից անդամներն են տարբեր գերատեսչություններում նախկինում աշխատած Գոհար Բարսեղյանն ու Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Վարոս Սիմոնյանը։
Երկու անգամ հետաձգված ԵԱՏՄ հանձնաժողովի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին: Երևանն ակնկալում է, որ հայկական ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումները ճանաչվեն առևտրային բարիեր, այսինքն՝ արհեստական խոչընդոտ ապրանքների տեղափոխման համար:
Այս նիստից երկու օր անց սպասվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան: Վերջին անգամ Փաշինյանն ու Պուտինը հանդիպել են սեպտեմբերին Բիշքեկում:
«Մեր ընկալումն այն է, որ մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանին, Ռուսաստանն էլ մեզ»
Վարչապետը, որ յուրաքանչյուր բանակցությունից առաջ նշել է, թե ակնկալում է հասնել խնդիրների լուծման, նույնը կրկնեց այսօր: Իսկ ռուսական կողմի հետ բանակցություններում Երևանը պատրա՞ստ է զիջումների, օրինակ չեղարկել «Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին» օրենքը:
«Մեր խնդիրն ու ընկալումն այն է, որ մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանին, Ռուսաստանն էլ մեզ վնաս պետք է չհասցնի: Մեր ինքնիշխանությունն ու անկախությունը կարևոր է: Ես հնարավոր չեմ համարում՝ այդ օրենքի չեղարկումը. դա լուրջ չի լինի, պետք է առաջ գնանք: Իսկ օրենքը չչեղարկելու պատճառներից մեկն այն է, որ օրենքն ընդունվել է քաղաքացիական նախաձեռնությամբ, այնպես չէ, որ դա նեղ քաղաքական շրջանակի կողմից կայացված որոշում է, բացի այդ՝ ընտրություններին այդ օրակարգն արծարծվել է և Հայաստանի քաղաքացիները քվեարկել են այդ օրակարգի օգտին: Բայց երկխոսության նպատակն է լուծումներ գտնելը, ես չեմ կարծում՝ կան իրավիճակներ, որտեղ հնարավոր չէ լուծում գտնել: Լարումները ոչ թե աճում են, այլ հակառակը՝ նվազում են, որովհետև մեր վերաբերմունքը իրավիճակին բոլոր դեպքերում բարեկամական է, մենք ՌԴ-ի հետ վիճելու մտադրություն չունենք: Եղբայրաբար շարունակելու ենք խոսել», - Ռուսաստան մեկնելուց մեկ շաբաթ առաջ նշեց վարչապետը:
Դեկտեմբերին վարչապետը ընդհանուր առմամբ երեք այց է ունենալու Ռուսաստան: Հաջորդ ամսվա վերջին սպասվում է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Այդ նիստում կքննարկվի Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հեռանկարը: