Երևանը չի բացառում ռուսական սահմանափակումների հարցով ԵԱՏՄ դատարան դիմելը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում հայկական ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցի քննարկումը Երևանը նախատեսում է անցկացնել այն ժամանակ, երբ վստահ լինի, որ իր առաջարկը կընդունվի։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Նախարարը միաժամանակ չի բացառել, որ հարցը կարող է հասնել ԵԱՏՄ դատարան, եթե հանձնաժողովում Հայաստանի օգտին որոշում չկայացվի։

Իսկ թե ինչով էր պայմանավորված քննարկման հերթական հետաձգումը, Պապոյանը հստակ չի պարզաբանել. «Մենք ամեն ինչ անում ենք, որ առաջիկայում ունենանք դրական լուրեր»։

Հարցի քննարկումը նախատեսված էր նոյեմբերի 3-ին, սակայն Երևանի նախաձեռնությամբ հետաձգվել էր մեկ շաբաթով։ Նոյեմբերի 10-ին նախատեսված նիստը ևս չէր կայացել, իսկ հետաձգման պատճառները նախարարությունը չէր պարզաբանել։

Մոսկվան տարեսկզբից սահմանափակել է հայկական գյուղմթերքի, ձկնամթերքի, ծաղիկների և մի շարք խմիչքների ներմուծումն ու տարանցումը ԵԱՏՄ տարածքով։

Պապոյանն անդրադարձել է նաև այսօր Մոսկվա նախատեսված իր այցի չկայանալուն։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների նախարարները պետք է քննարկեին մաքսասակագնային և առևտրի կարգավորման հարցեր, սակայն գործընկեր երկու նախարար վերջին պահին չեն կարողացել մասնակցել հանդիպմանը։

«Այդ պատճառով որոշեցինք նախարարների մակարդակով չեղարկել հանդիպումը։ Փոխարենը փոխնախարարները, որոնք արդեն այնտեղ էին, կունենան այդ հանդիպումը», - ասել է նա։

Նախարարը նաև հերքել է, թե Հայաստանը ձգտում է ԵԱՏՄ-ն փոխարինել Եվրամիությամբ։

«Իմ նպատակը՝ որպես էկոնոմիկայի նախարար, Հայաստանի արտահանման ծավալների ավելացումն է ինչպես ԵՄ, այնպես էլ ԵԱՏՄ շուկաներ։ Ո՞վ է ասել, որ մենք ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխել ԵՄ-ով։ Մենք ուզում ենք ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում ավելի շատ վաճառենք», - հայտարարել է Պապոյանը։

Նրա խոսքով՝ նպատակ ունեն հաջորդ տարի ավելացնել արտահանումը բոլոր ուղղություններով։

Ըստ Պապոյանի, այս տարի դեպի Եվրամիություն արտահանումն էապես աճել է, մինչդեռ ԵԱՏՄ ուղղությամբ որոշ ապրանքների արտահանման նվազում կա, սակայն դրական է տրամադրված, որ հաջորդ տարի ԵԱՏՄ արտահանման նախկին ծավալները կարող են վերականգնվել

​
XS
SM
MD
LG