Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները և ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։
«Կարևոր է ոչ միայն Ռուսաստանի հետ մեր շփումները, այլ ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հնարավորությունները, որովհետև կան կոնկրետ մեխանիզմներ, որը կարելի է կիրառել, որպեսզի այդպիսի խոչընդոտները վերանան, և մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունը: Կոնկրետ մեխանիզմներ են, մենք բողոքել ենք և հույս ունենք, որ և վստահ ենք, որ պետք է մեխանիզմները գործեն, որպեսզի խոչընդոտները հանվեն», - նշեց Գասպարյանը:
«Ազատության» հարցին՝ այսինքն, խախտումների վերաբերյալ ռուսական կողմի պնդումները ամբողջությամբ անհի՞մն են. փոխնախարարը պատասխանեց. «Մեր կարծիքով՝ խոչընդոտները չեն համապատասխանում ԵԱՏՄ-ի շուրջ ստեղծված համաձայնություններին, պրինցիպներին, և դրա համար մենք պայքարում ենք, որպեսզի ԵԱՏՄ-ն գործի ըստ իր սկզբունքների»:
Գասպարյանն ընդգծեց՝ «փորձում ենք ԵԱՏՄ-ի գործիքակազմը օգտագործենք, որպեսզի վերականգնվեն սկզբունքները»:
«Մեր կարծիքով՝ Հայաստանը ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ է, և ամբողջ գործիքակազմը ԵԱՏՄ-ի պետք է գործի, պրինցիպները պետք է գործեն, սկզբունքները պետք է աշխատեն, և մենք շարունակաբար նենց ենք անելու, որպեսզի այդ մեխանիզմները աշխատեն, որովհետև մենք գտնում ենք, որ մենք լիարժեք անդամ ենք», - ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ Հայաստանի տնտեսության ապագայի և կայունության տեսանկյունից պետք է ստեղծել, բացել նոր շուկաներ:
«Մեր ապրանքները, որոնք մենք ներկայացնում ենք միջազգային շուկաներ, իրենք պետք է լինեն բարձր արտադրանքի, բարձր որակավորման, ոչ թե միայն այն պատճառով, որ համապատասխանում են, թե ոչ, այլ նաև, որովհետև մենք որդեգրել ենք այն քաղաքականությունը, որ պետք է ունենանք բարձր ավելացված արժեք, որը նշանակում է, որ մեր տնտեսության աճը պետք է լինի ինտենսիվ: Եվ այդ առումով, իհարկե, մենք միշտ ունենալու ենք այն առաջնահերթությունը, որ պետք է բարձրացնել որակ, ստանդարտներ, ավելի բարձր ստանդարտներ ունենալ», - հավելեց Գասպարյանը:
Անդրադառնալով Եվրամիություն արտահանելու ծավալների վերաբերյալ հարցին՝ փոխնախարարն ասաց. «Ես կարծում եմ, որ դիվերսիֆիկացիայի ճանապարհը, որը որդեգրել է Կառավարությունը, դա երկարաժամկետ կայունության ճանապարհ է, և արդյունքները պետք է գնահատել նաև ընդունելով երկարաժամկետ արդյունքները»:
Ռուսաստանը մայիսից սկսեց փուլ առ փուլ արգելել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների, կաթնամթերքի և ծաղիկների ներմուծումը։ Այս սահմանափակումները հաջորդեցին Երևանում անցկացված Եվրոպական երկու գագաթնաժողովներին, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։