Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր նախագիծ ընդունել ու պարտադրել Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների ու Ազգային անվտանգության ծառայության ղեկավարներին խորհրդարան գալ ու հանրությանը ներկայացնել Շաքիում կատարվածի մանրամասները, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը հասել գյուղ ու ինչպես է տեղի ունեցել դեպքը, ինչ գործողություններ են նրանք արել: Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում այդ հարցը քննարկեցին:
«Վստահեցնում եմ՝ առավոտվանից գիշեր հանրության տարբեր ներկայացուցիչներ այս հարցը և՛ օբյեկտիվ քննարկելու են, և՛ շահարկելու են: Մեր առաջարկը, որ հանձնաժողովով վերջակետ դրվի այս հարցերին, այստեղ հարցերը հստակեցվեն, և ոչ թե ով ինչ մտածի՝ ասի», - առաջարկը ներկայացրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Էդ ի՞նչ որոնողական աշխատանքներ եք իրականացրել, որ տենց էլ չեք գտել օրեր շարունակ: Մարդկանց հետ կոմունիկացիան ո՞նց է, որոշումը, էդ ստրատեգիական որոշումը Անվտանգության խորհրդում որ քննարկվել է, ինչո՞ւ է կայացվել որոշում մարդկանց հետ չխոսելու, չկոմունիկացվելու», - հայտարարեց խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:
Քանի որ այս դեպքով նախաքննությունն է, ընդդիմադիր պատգամավորներից մեկն ասաց՝ հնարավոր է վկայակոչեն նախաքննական գաղտնիքի արգելքը: Բայց եթե այդպիսի հարց լինի, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը շեշտեց, որ այդ դեպքում էլ քննարկումը այս հանձնաժողովում կարող է ընթանալ փակ գաղտնի ռեժիմով: Բայց, ըստ պատգամավորի, նախընտրելի է, որ իրավապահների գործողությունների վերաբերյալ հաշվետողականություն լինի հանրային, ոչ թե փակ ռեժիմով:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը, սակայն, ընդդիմության առաջարկին այսպես արձագանքեց. - «Ոչ մի պաշտոնյա, նույնիսկ Քննչական կոմիտեի նախագահը, չի կարող գալ այստեղ ու հարցերին պատասխան ու օբյեկտիվ գնահատական տա, քանի որ քննությունն ավարտված չէ: Պիտի սպասենք, հետո հրավիրենք՝ ինչ-որ բան իմանալու: Եթե գան ու հիմա բան ասեն, կանխակալ վերաբերմունք կլինի, որ կարող է վերածվել հանցագործության, ոչ մի կոպեկի արժեք չունի, որ հիմա հրավիրենք էստեղ»:
ՔՊ-ական Սասուն Միքայելյանը դեմ է, որ Շաքի գյուղի դեպքը պատասխանատուների հետ քննարկվի Ազգային ժողովում: Ադրբեջանում ի՞նչ կմտածեն, անհանգստացած է իշխանական պատգամավորը. - «Հերիք է, մի հատ խփնված ադրբեջանցի ա մտե մի գյուղ: Մենք էս բարձր ամբիոնից էնենց մի հատ շուխուռ ենք սարքե, սրանք կմտածեն՝ այ մարդ, էս կտցրուկը գնացե, սաղ Հայաստան թփրտում է վախից»:
Այդուհանդերձ, ընդդիմադիրները շեշտում էին՝ մարդիկ տագնապած են, անհանգստացած այս դեպքից հետո և ուզում են լսել կարևոր հարցերի պատասխաններ իրավասու մարմիններից, նաև հասկանալ՝ արդյո՞ք պատգամավորները մի բան անում են, թե՞ ոչ:
«15 օր անցել է, պարոն Գաբրիելյան, ի՞նչ է արել հանձնաժողովը, ի՞նչ է արել Ազգային ժողովը», - հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
«Հանձնաժողովը իր բնականոն աշխատանքն է տանում, հանձնաժողովը ևս պատրաստվում էր համապատասխան գործընկերներին հրավիրել Ազգային ժողով, որպեսզի հանձնաժողովի անդամները իրենց հուզող հարցերը մեր գործընկերներին բարձրաձայնեն», - արձագանքեց հանձնաժողովի նախագահը:
Գաբրիելյանն առաջարկեց ոչ թե հատուկ նախագծով պաշտոնյաներին կանչել խորհրդարան հանրային հաշվետվության, այլ ուղղակի հանձնաժողովի հրավերով. - «Մենք մեր գործընկերներին հենց հիմա կարող ենք պայմանավորվենք օր ու ժամ մեզ համար հարմար և հրավիրենք էստեղ»:
Երկու ժամ քննարկելուց հետո որոշեցին ընդդիմության նախագիծը չդնել քվեարկության. հանձնաժողովի նախագահը խոստացավ հանդիպումը կազմակերպել:
«Էդ նույն մտահոգությունը ունեմ ես՝ որպես Երևանի բնակիչ, որևիցե մեկը էս հարցը չի առկախում», - վստահեցրեց Վիլեն Գաբրիելյանը:
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, ով, ըստ Բաքվի, սեպտեմբերի 26-ին ինքնակամ լքել էր Լաչինի զորամասը, հոկտեմբերի 1-ին մտել է Սյունիքի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել տանտիրուհու վրա՝ նրան ծանր վնասվածք պատճառելով: Նրան առաջինը իրենց տանը հայտնաբերել էին Անի Ավետիսյանի երեխաները: Մայրը, ըստ հարազատների, երեխաների պաշտպանելիս ոտքի և ձեռքի վնասվածքներ է ստացել: Այդ ընթացքում նաև Անի Ավետիսյանի որդու դաստակն է կոտրվել:
Երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար: Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար: