Վարչապետի որոշմամբ գեներալ-մայոր Դավիթ Սանամյանը ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից: Սանամյանի հիմնական պատասխանատվության ուղղությունը ԱԱԾ Սահմանապահ զորքերի համակարգումն ու վերահսկողությունն էր։
Նրա պաշտոնանկությունը հաջորդում է անցած շաբաթ Սյունիքի մարզ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցմանը:
Ադրբեջանցի զինվորը ներթափանցել էր Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել տանտիրուհուն: Դեպքը տեղի էր ունեցել կնոջ երկու երեխաների ներկայությամբ:
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը «Ազատությանը» պատմել է, որ զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները:
Նասիմի Մուսաևը ուրբաթ օրը կալանավորվեց սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով:
Նա, ըստ Բաքվի, Լաչինի զորամասը ինքնակամ լքել է սեպտեմբերի 26-ին: Երևանի ու Բաքվի պաշտոնական պարզաբանումներից պարզ չի դառնում, թե կոնկրետ երբ է զինծառայողը հատել Հայաստանի սահմանը ու քանի օր է շրջել Սյունիքում՝ նախքան հոկտեմբերի 1-ին ձերբակալվելը: