Դիլիջանում կայացել է հայ և ադրբեջանցի փորձագետների 5-րդ հանդիպումը

Նոյեմբերի 26-27-ը Դիլիջանում՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների երկկողմ հինգերորդ կլոր սեղան-քննարկումը։

Երկօրյա քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության օրակարգին, դրա ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացման հնարավորություններին։

Նրանք մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրային և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորությունների և մարդասիրական հարցերի շուրջ։ Օրակարգում են եղել նաև երիտասարդության հետ աշխատանքը, կրթությունն ու երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատումը։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր սեղանի մասնակիցների հետ հանդիպել են նաև ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Հանդիպման շրջանակներում աշխատանք տարվեց նաև հանձնաժողովների ձևաչափով։ Առանձին հանձնաժողովներում մասնակիցները քննարկել են համապատասխան ոլորտներում առկա մարտահրավերներն ու համագործակցության հետագա հնարավորությունները։ Հանձնաժողովների աշխատանքն ընդգրկել է տնտեսական և ենթակառուցվածքային, հումանիտար և հասարակական, բնապահպանական, մեդիա, կրթական, ինչպես նաև քաղաքական և աշխարհաքաղաքական ուղղությունները։

Հանդիպմանը մասնակցել է երկու երկրների հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և փորձագիտական շրջանակների շուրջ 60 ներկայացուցիչ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի մասնակիցներին

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան են ժամանել երեկ: Սեպտեմբերին Երևանում նախատեսված հանդիպումը հետաձգվել էր ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ՝ Գանձասարի և Դադիվանքի շուրջ ծագած լարվածության ֆոնին։

Այդ օրերին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, օտարերկրյա դիվանագետներին ուղեկցելով Լեռնային Ղարաբաղ, Գանձասարն ու Դադիվանքը ներկայացրել էր որպես աղվանական եկեղեցիներ։ Նրա հայտարարությունները քննադատել էին նաև «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական կողմի անդամները՝ զգուշացնելով, որ նման քայլերը խորացնում են փոխադարձ անվստահությունը և վնասում խաղաղության գործընթացին։ Դրանից հետո ադրբեջանական կողմը որոշել էր հետաձգել Երևան այցը։

Հայ և ադրբեջանցի փորձագետների փոխադարձ այցերը սկսվել են անցյալ տարի՝ Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո։