Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի մասնակիցներին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր-սեղան քննարկումների շրջանակում հանդիպել է միջոցառման հայ և ադրբեջանցի մասնակիցներին։

Հանդիպման ընթացքում մասնակիցները հարցեր են ուղղել ԱԽ քարտուղարին: Տեղի է ունեցել նաև մտքերի և տեսակետների փոխանակում՝ տարբեր հարցերի շուրջ։

Այսօր ավելի վաղ սկսվել էր «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը, որին մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների 60 ներկայացուցիչ։

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան են ժամանել այսօր: Սեպտեմբերին Երևանում նախատեսված հանդիպումը հետաձգվել էր ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ՝ Գանձասարի և Դադիվանքի շուրջ ծագած լարվածության ֆոնին։

Այդ օրերին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, օտարերկրյա դիվանագետներին ուղեկցելով Լեռնային Ղարաբաղ, Գանձասարն ու Դադիվանքը ներկայացրել էր որպես աղվանական եկեղեցիներ։ Նրա հայտարարությունները քննադատել էին նաև «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական կողմի անդամները՝ զգուշացնելով, որ նման քայլերը խորացնում են փոխադարձ անվստահությունը և վնասում խաղաղության գործընթացին։ Դրանից հետո ադրբեջանական կողմը որոշել էր հետաձգել Երևան այցը։

Հայ և ադրբեջանցի փորձագետների փոխադարձ այցերը սկսվել են անցյալ տարի՝ Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո։


​
XS
SM
MD
LG