Ադրբեջանական կողմը որոշել է հետաձգել հայ և ադրբեջանցի փորձագետների՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում այս օրերին Երևանում նախատեսված քննարկումները՝ «մինչև լարվածությունը թուլանա», «Ազատությանը» փոխանցեց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նա քաղհասարակության այն ներկայացուցիչներից է, որն այս ձևաչափով ներգրավված է 2 երկրներում անցկացվող քննարկումներին:
«Սա պլանավորված հանդիպում էր, և մենք կողմ ենք, որ այդ պլանավորված հանդիպումները տեղի ունենան, այլ ոչ թե հետաձգվեն, - ասաց Բորիս Նավասարդյանը և նշեց, - Հայկական կողմն ակնկալում էր, որ այս սուր իրավիճակում անհրաժեշտ է հանդիպել, փորձել փոխադարձ ըմբռնման հասնել ու պայմանավորվել այն մթնոլորտի մասին, որը ցանկալի է, որ ձևավորվի տեղեկատվական միջավայրում, հանրային դաշտում, սակայն կարծես թե Ադրբեջանից մեր գործընկերները նպատակահարմար չեն գտնում շփվել այս փուլում»:
Հայ և ադրբեջանցի փորձագետներն արդեն մի քանի փոխադարձ հանդիպումներ են ունեցել. այս տարի վերջին անգամ ադրբեջանցի փորձագետները Երևան էին ժամանել մայիսին՝ «Երևանյան երկխոսություն -2026» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով Հայաստան էին ժամանել փետրվարի 13-ին: Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվեց երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։
Անցյալ տարի ադրբեջանցի փորձագետները մասնակցել էին Երևանում կայացած «Օրբելի ֆորում. Խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջոցառմանը։ Անցյալ նոյեմբերին էլ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էին Բաքու այցելել:
Հայ-ադրբեջանական շփումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Սպիտակ տանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը։