«Աղդարայի [Մարտակերտի] շրջանի Վենգլի [Վանք] գյուղի Գյանջասարի վանական համալիրում դարձյալ հնչել են աղվանական հնագույն աղոթքներ»,- սեպտեմբերի 21-ի երեկոյան ազդարարեց պետական «Ազերթաջը»՝ Գանձասարից ծավալուն ռեպորտաժ ու լուսանկարներ հրապարակելով:
Պաշտոնական Բաքուն վերջին շաբաթներին շարունակում է որպես «Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիները: Թեև նախկինում՝ 2023-ին Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայից և տարածաշրջանից հայերի տեղահանումից հետո ևս նման պնդումներ եղել էին, բայց պետական մակարդակով քարոզչությունը հատկապես ակտիվացավ նախագահ Ալիևի օգնականի ուղեկցությամբ օտարերկրյա դիվանագետների Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում և դրանից հետո: Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին հավաստիացնում էր, թե Քելբաջարում Դադիվանքը և Մարտակերտում Գանձասարը հին աղվանական եկեղեցիներ են, որոնք հայերը յուրացրել են:
Մեկ շաբաթ անց նախագահի կաբինետի առանցքային անդամը կրկնեց այս պնդումը՝ դարձյալ հայտարելով, թե «Կովկասի Ալբանական թագավորության քրիստոնեական ժառանգությունը տարիների ընթացքում հայերի կողմից ենթարկվել է կեղծման ու եկեղեցիների ճարտարապետության փոփոխման»:
Հայ- ադրբեջանական բանակցություններում ակտիվորեն ներգրավված Հաջիևի այս պնդումները Հայաստանում վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեցին, բայց իշխանությունների արձագանքը զուսպ էր: Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե «անիմաստ» է համարում Գանձասարի հայկականության թեմայով քննարկումները և «նպատակադրումը, որ դա պետք է ապացուցվի Ադրբեջանին»։ Հայաստանի ղեկավարն ասաց՝ այդ հարցի պատասխանը տրվել է Մատենադարանի տնօրենի միջոցով։ Իսկ Մատենադարանի տնօրենն ասել էր, որ հայկական ձեռագրերը հնարավորություն են տալիս հստակ արձանագրել Գանձասարի հայկական ծագումը։ Նա նաև պարզաբանել էր, որ Գանձասարում հնագույն ձեռագրերի բնօրինակներ երբևէ չեն պահվել․ այնտեղ ցուցադրվածները կրկնօրինակներ են եղել, իսկ բնօրինակները պահպանվում են Մատենադարանում։
Հաջիևին միանում են այլ պաշտոնյաներ
Չնայած Հայաստանի իշխանությունների զգուշավորությանն ու զուսպ արձագանքին, թե ադրբեջանական կողմի գործելաոճը չի նպաստում խաղաղությանը, Բաքուն ետքայլ չի անում: Պետական լրատվամիջոցներն այս օրերին լի են Ղարաբաղում «Կովկասյան Աղվանքի» քրիստեոնական ժառանգության մասին նյութերով, պաշտոնյաների, իշխանամետ վերլուծաբանների հարցազրույցներով ու նույնիսկ Հայաստանում ուսումնասիրություններ անելու պահանջով:
Հիքմեթ Հաջիևից հետո պաշտոնական քարոզչությանն այս շաբաթ միացավ Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության պետական ծառայության ղեկավարը: Սաբինա Հաջիևան հայկական կողմին մեղադրեց Դադիվանքից որմնանկարներ, խաչքարեր և այլ մշակութային արժեքներ Հայաստան տեղափոխելու համար։
Թեև անցած տարի նախաստորագրված խաղաղության պայմանագրով կողմերը պարտավորվել էին դրա ստորագրումից ու ուժի մեջ մտնելուց հետո միմյանց դեմ միջազգային ատյաններում հայցեր չներկայացնել, ադրբեջանցի պաշտոնյայի հարցազրույցից պարզ դարձավ, որ Դադիվանքից դուրս բերված որմնանկարներն ու խաչքարերը վերադարձնելու պահանջով Բաքուն դեռ անցած տարի է դիմել Ինտերպոլին: Դրանք, ըստ, Հաջիևայի ներառվել են «Գողացված արվեստի գործերի» տվյալների բազայում:
«Սա նախատեսում է միջազգային մեխանիզմներ՝ նշված արտեֆակտները Ադրբեջանի Հանրապետություն վերադարձնելու համար՝ Ինտերպոլի անդամ պետություններից որևէ մեկի տարածքում դրանց հայտնաբերման դեպքում», - ասել է պաշտոնյան ու հավելել. - «Խուդավենգի վանքը [խմբ. Բաքուն այդպես է անվանում Դադիվանքը] Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգության ամենակարևոր և հարուստ ճարտարապետական համալիրներից մեկն է»:
Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության պետական ծառայության ղեկավարը ավելի հեռուն է գնացել և Դադիվանքից ու Գանձասարից բացի «աղվանական» հռչակել Ամարասի, Ծիծեռնավանքի, Սուրբ Եղիշեի, Հոռեկավանքի եկեղեցիները: Ավելին՝ Հաջիևան կարծիք է հայտնել, թե անհրաժեշտ է Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգության վերաբերյալ հետազոտություններ անցկացնել նաև Հայաստանի տարածքում, քանի որ «ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի որոշակի մասը նույնպես մտել է Կովկասյան Աղվանքի կազմի մեջ»։
Այս հարցազրույցից մի քանի ժամ էր անցել, երբ Բաքվի լրատվամիջոցները հրապարակեցին պետական հովանավորությամբ գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության հայտարարությունը, թե աշխատանքային խումբ են ստեղծել՝ «ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ պատմական Զանգեզուրում, Դարալայազում և Գյոյչայի [նկատի ունեն՝ Սյունիքի, Վայոց Ձորի մարզերը և Սևանա լիճը] ավազանում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրման նպատակով»։
Պաշտոնական Բաքուն Արևմտյան Ադրբեջան է անվանում Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը և պահանջում «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձ:
««Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող բազմաշերտ կրոնամշակութային ժառանգությունը, այդ թվում՝ Կովկասյան Աղվանքի միջնադարյան հուշարձանները, համարում է իր ժառանգության բաղկացուցիչ մասը՝ որպես բռնագաղթեցված ադրբեջանցիների ժառանգորդներ։ Միջազգային գիտական շրջանակներում այս դիրքորոշումը հիմնավորել կարող են միայն աղբյուրների վրա հիմնված փաստերը և այն հետազոտությունները, որոնց արդյունքները կարող են վերստին ստուգվել։ Այս հետազոտությունը նաև ծառայելու է բռնագաղթեցված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձի պատմամշակութային հիմքերի փաստաթղթավորմանը», - հայտարարում է նախագահ Ալիևի հովանավորությունը վայելող կազմակերպությունը:
Բաքուն նաև գործնական քայլերի է անցել
Հայկական ժառանգությունը աղվանական հռչակելու պաշտոնական քարոզչությունը նաև գործնական քայլերով է ուղեկցվում: Սեպտեմբերի 21-ին Գանձասարում կրոնական ծես են անցկացրել Ադրբեջանի աղվանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչները: Պետական լրատվամիջոցը հոգևորականներին ներկայացրել են որպես Կովկասյան Աղվանից առաքելական ավտոկեֆալ եկեղեցու իրավահաջորդներ:
Ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչները կրկնել են պաշտոնական Բաքվի թեզերը՝ իրենց եկեղեցիները յուրացնելու, ձևափոխելու մասին: Կրոնական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին «աղվանական եկեղեցու մարգարիտ» է անվանել Գանձասարը ու հայտարարել, որ այն ևս վերջապես ազատվել է գերությունից:
Գանձասարի ու Դադիվանքի շուրջ վեճից հետո ադրբեջանցիները հետաձգել են Հայաստան այցը
Լարվածության ֆոնին ադրբեջանական կողմը որոշել է հետաձգել հայ և ադրբեջանցի փորձագետների՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում այս օրերին Երևանում նախատեսված քննարկումները։ «Մինչև լարվածությունը թուլանա», - «Ազատությանը» հայտնել է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, ով քաղհասարակության այն ներկայացուցիչներից է, որ ներգրավված է երկու երկրներում անցած տարվանից անցկացվող քննարկումներին։
«Հայկական կողմը ակնկալում էր, որ այս սուր իրավիճակում ոչ թե ցանկալի է, այլ անհրաժեշտ է հանդիպել և փորձել փոխադարձ ըմբռնման հասնել, և նաև պայմանավորվել այն մթնոլորտի մասին, որը ցանկալի է, որ ձևավորվի տեղեկատվական միջավայրում, հանրային դաշտում։ Սակայն, կարծես թե, մեր գործընկերները Ադրբեջանից նպատակահարմար չեն գտնում շփվել այս փուլում», - պատմել է Նավասարդյանը:
Ինչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի իշխանությունները
Երևանն ու Բաքուն մեկ տարի է խոսում են հաստատված խաղաղության մասին։ Ո՞րն է Բաքվի՝ վերջին օրերի ակտիվացած մեղադրանքների պատճառը։ Բորիս Նավասարդյանը կարծում է՝ անցյալի շուրջ վեճն առաջին պլան բերելը խոսում է Երևանի և Բաքվի միջև այլ հակասությունների մասին, որտեղ Ադրբեջանն ուզում է ստանալ ցանկալին։
«Ցանկացած հարց, որը գտնվում է երկկողմանի բանակցությունների օրակարգում, և՛ սահմանների սահմանազատումը, և՛ անկլավների հարցը, և՛ TRIPP-ի իրականացման ժամանակացույցը, և՛ նաև ընդհանուր գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերը, հիմա ես դժվարանում եմ ասել՝ որն է առաջնայինը: Բաքուն փորձում է, այո, մարտավարական, այսպես ասենք, առավելություններ ստանալ բանակցային գործընթացում», - կարծում է փորձագետը:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավապաշտպան Աննա Մելիքյանի գնահատմամբ էլ՝ Ադրբեջանն ամեն չմտածված քայլ կարող է Հայաստանի դեմ օգտագործել։ Իրավունքի տեսանկյունից ավելի ճիշտ է համարում, որ կոնկրետ Դադիվանքի մասին վերջին հայտարարություններին եկեղեցին արձագանքի։
«Միջազգային իրավունքի տեսանկյունից, որպեսզի որևէ խնդիր չառաջանա Հայաստանի որպես պետության համար, որ չդիտարկվի դա որպես թալան և այլն, կարծում եմ, որ շատ ճիշտ կլիներ հենց որ եկեղեցին ասեր, որ դա իր գույքն է, եթե իր գույքն է, իհարկե, և որ դա արվել է ի պահպանություն, որովհետև այլընտրանք չեն տեսել՝ հաշվի առնելով Ադրբեջանի գործողությունները», - ասում է Մելիքյանը:
2020 թվականի պատերազմի ավարտից հետո, երբ Քելբաջարի շրջանը հանձնվեց Ադրբեջանին, հենց Մայր Աթոռն էր տեղեկացրել Դադիվանքից նշանավոր խաչքարերի տեղափոխման մասին, որպեսզի «անխաթար մնա հինավուրց վանքի հոգևոր-մշակութային ժառանգությունը»:
Ինչ է քանդել ու ոչնչացրել Ադրբեջանը
Հայկական հոգևոր և մշակութային ժառանգության առկայությունը հայաթափված Արցախում ժխտելուց բացի Ադրբեջանի իշխանությունները նաև ջնջում են այն՝ որոշ հետազոտողների գնահատմամբ՝ «համակարգված կերպով»:
Մայր Աթոռն ու հայկական մշակութային ժառանգությամբ զբաղվող մասնագետները բազմիցս ահազանգել են 2020 թվականի պատերազմից ու հատկապես երեք տարի առաջ Արցախի հայաթափումից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների և այլ հուշարձանների ոչնչացման ու փոփոխման, այդ թվում՝ աղվանականացման մասին։
Այս տարվա ապրիլին, մասնավորապես, «Ազատության» ձեռք բերած արբանյակային լուսանկարները հաստատել էին, որ Ստեփանակերտում քանդվել են Սուրբ Աստվածածնի Մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին։ Ադրբեջանի իշխանությունները երկու եկեղեցիների քանդումը հիմնավորել էին՝ դրանք անվանելով «օկուպացիայի խորհրդանիշներ»։
Օրերս էլ Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային կենտրոնը արբանյակային լուսանկարներով փաստագրել էր Շուշիի պատմական արևելյան գերեզմանոցի ոչնչացումը։ 12-13-րդ դարերի խաչքարերով ու պատմական տապանաքարերով տարածքը հողին է հավասարեցվել, իսկ դրա մի մասով այժմ կոյուղատար է անցկացվում։