Պատերազմի 5-րդ օրը Իսրայելը հայտարարել է, որ «հարվածների մեծ ալիք» է սկսել Թեհրանում՝ թիրախավորելով կառավարական ենթակառուցվածքները:
Իսրայելական կործանիչները մայրաքաղաքի երկնքում իրանական ինքնաթիռ են խոցել։ Իրանի հյուսիսարևմտյան Ղազվին նահանգում իսրայելական զինուժը հարվածել է արտադրամասի, կան վիրավորներ:
Իրավապաշտպանների տվյալներով՝ պատերազմի ընթացքում Իրանում սպանվել է 1097 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 181 երեխա, վիրավորվել է 5400-ից ավելի մարդ, որոնցից 100-ը՝ երեխաներ։
ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է, որ Իրանի հակաօդային պաշտպանությունը լրջորեն վնասվել է, ռազմածովային ուժերը կարևոր ջրուղիներում գործող նավեր չունեն, խորտակվել է 17 նավ, հարձակման է ենթարկվել ավելի քան 2000 թիրախ։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փոխանցմամբ՝ միջուկային նյութ պարունակող իրանական օբյեկտները չեն վնասվել, ռադիոլոգիական վտանգ չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԷՄԳ-ն չունի ցուցում, որ հարվածները Իրանում վնասել են միջուկային օբյեկտներՀետաձգվել է Իրանի սպանված գերագույն առաջնորդի հոգեհանգստի արարողությունը
Շարունակվող հարվածների պայմաններում հետաձգվել է Իրանի սպանված գերագույն առաջնորդի հոգեհանգստի՝ այսօր երեկոյան նախատեսված եռօրյա արարողությունը: Իրանցի պաշտոնյան ասել է, որ այն հետաձգվել է կազմակերպչական խնդիրների պատճառով:
Իրանական աղբյուրներում Ալի Խամանեիին փոխարինողի մի քանի հնարավոր թեկնածուների անուններ են քննարկվում, այդ թվում՝ որդու՝ Մոջթաբա Խամենեիի անունը:
Սակայն Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ ով էլ փոխարինի Խամենեին և շարունակի նույն քաղաքականությունը, «անվիճելի թիրախ» կդառնա: «Կարևոր չէ՝ ով է կամ որտեղ է թաքնվում»,- սոցցանցում գրել է Իսրայել Կացը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրատվամիջոցներ. Մոջթաբա Խամենեին՝ Իրանի առաջնորդի հիմնական թեկնածուԻսրայելը հարվածել է «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին Լիբանանում
Իսրայելի բանակը հարվածել է նաև Իրանի աջակցությունը վայելող և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին Լիբանանում, այդ թվում՝ մայրաքաղաքում:
«Հեզբոլա»-ն իր հերթին հայտարարել է, որ հարվածել է Իսրայելի հյուսիսային Սաֆեդ քաղաքի մոտ գտնվող ռազմաբազային, իսկ սահմանի մոտ իսրայելական տանկ է խոցել:
Իսրայելը պահեստազորային դիվիզիա է ուղարկել Լիբանանի սահմանի արևմտյան հատված, որտեղից այն դուրս էր բերել անցած տարի, նաև մոտ 6 կմ առաջ է շարժվել հարավում: Լիբանանի տվյալներով՝ Իսրայելի հարձակումների պատճառով առ այսօր ավելի քան 50 մարդ է սպանվել, տեղահանվել 58,000-ից ավելին:
Իրանը հարվածել է ամերիկյան զորքերի տեղակայման մի քանի օբյեկտի. Թուրքիան իրանական հրթիռ է խոցել
Իրանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հարվածել է ամերիկյան զորքերի տեղակայման մի քանի օբյեկտի, այդ թվում՝ Իրաքում, Քուվեյթում: Թեհրանը նշել է, որ այս հարձակումները պատերազմի ընթացքում իրենց «առաջին հզոր քայլերից» են։ ԱՄՆ-ն չի մեկնաբանել այս լուրը:
Ենթադրաբար իրանական անօդաչուի հարվածից տուժել է Դուբայում ԱՄՆ հյուպատոսության շենքը: Քուվեյթի բանակը հայտարարել է, որ անօդաչուների և հրթիռների հարձակման տակ է: Մեկ երեխա է սպանվել անօդաչուի ընկնող բեկորներից:
Կատարը, Միացյալ Էմիրություննը, Սաուդյան Արաբիան հայտարարել են, որ բազմաթիվ հրթիռներ ու անօդաչուներ են խոցել: Կատարում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել «հենց հիմա լքել» երկիրը։
Թուրքիան իրանական հրթիռ է խոցել իր տարածքում և զգուշացրել, որ կպատասխանի իր նկատմամբ ցանկացած ագրեսիայի: ՆԱՏՕ-ն դատապարտել է դաշինքի անդամ երկրի թիրախավորումը:
Ենթադրաբար իրանական մի հրթիռ էլ ընկել է Սիրիայի Կամիշլի քաղաքի մոտակայքում:
Ըստ Reuters-ի՝ անօդաչուն կրկին հարվածել է Սաուդյան Արաբիայի Ռաս Տանուրայի նավթավերամշակման գործարանին: Այն Saudi Aramco-ի ամենամեծ գործարանն է, որի աշխատանքը երկու օր առաջ էր դադարեցվել իրանական հարձակումից հետո:
Իրաքում իրանամետ խմբերից մեկը պնդել է՝ Հորդանանում «ամերիկան կարևոր» թիրախի է հարվածել:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, թե փակում է Հորմուզի նեղուցը և պնդել՝ լիովին վերահսկում է այն: ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, թե պատրաստ է նավատորմ ուղարկել նեղուց տանկերներին ուղեկցելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վախ և հույս Իրանում՝ ԱՄՆ-Իսրայելի ռմբակոծության ֆոնինՊատերազմի 5-րդ օրը կողմերը այն դադարեցնելու ոչ մի նշան ցույց չեն տալիս: Սպանված գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Մոհամմադ Մոխբերը հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ բանակցել և կարող է պատերազմել որքան անհրաժեշտ է։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ ասել է, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում Իրանի վրա հարձակվելով՝ ԱՄՆ նախագահը «դավաճանել է դիվանագիտությանը և իր ընտրողներին»:
ԱՄՆ-ն հաղթում է Իրանին. Փիթ Հեգսեթ
ԱՄՆ-ն հաղթում է Իրանին, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը՝ հայտնելով, որ ամերիկյան հավելյալ ուժեր են տեղակայվում Մերձավոր Արևելքում: Ըստ Փիթ Հեգսեթի՝ Իսրայելի հետ միասին շուտով լիակատար հսկողություն կհաստատեն Իրանի երկնքում:
Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ն դեռ նոր է սկսում օգտագործել իր մեծ ճշգրտության ռումբերի անսահմանափակ պաշարները. «Ամերիկան հաղթում է՝ վճռականորեն, ջախջախիչ և անողորմ կերպով… ընդամենը չորս օր է, ինչ սկսվել է պատերազմը։ Ցուցանիշները փոխվում են, ամեն ինչ սկսում է պարզ դառնալ, և ավելի շատ ուժեր են ժամանում։ Դեռ շատ վաղ է, և ինչպես նախագահ Թրամփն ասել է, մենք կօգտագործենք մեզ անհրաժեշտ ողջ ժամանակը՝ համոզվելու, որ հաջողում ենք»:
Հեգսեթը նաև հայտնել է, որ ամերիկյան սուզանավն է Շրի Լանկայի ափերի մոտ խոցել իրանական ռազմանավը, որը խորտակվել է: Ըստ
Reuters-ի 100-ից ավելի մարդ անհետ կորել է, 78-ը՝ վիրավորվել։ Al Jazeera-ի փոխանցմամբ էլ՝ առնվազն 30-ը հոսպիտալացվել են:
Թրամփ. Իրանական ռեժիմը անհանդուրժելի սպառնալիք կլինի ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ ԱՄՆ-ի համար
Նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին ասել է, թե իրանական ռեժիմը, որն ունի մեծ հեռահարության հրթիռներ և կարող է նաև միջուկային զենք ստեղծել, անհանդուրժելի սպառնալիք կլինի ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ ԱՄՆ-ի համար։ Սպիտակ տան ղեկավարը պնդել է՝ մարդկանց մեծ մասը, որոնք համարվում էին Իրանի ապագա հավանական առաջնորդներ, այլևս ողջ չեն:
«Մարդկանց մեծ մասը, որոնց դիտարկում էինք, մահացած է… Եվ հիմա մենք ունենք մեկ այլ խումբ, որը, ըստ հաղորդումների, ևս կարող է մահացած լինել։ Այնպես որ, կարծում եմ, շուտով երրորդ ալիք է սպասվում, որի մասին ոչ ոք չի իմանա», - նշել է Թրամփը։
3200 նավ արգելափակված է Պարսից ծոցում. AP
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը խաթարել է համաշխարհային մատակարարման շղթանները՝ խնդիրներ ստեղծելով տարածաշրջանի և աշխարհի համար, այդ թվում՝ ֆինանսական շուկաներում:
AP-ի փոխանցմամբ՝ մոտ 3200 նավ է արգելափակված Պարսից ծոցում: Պարսից ծոցի մի շարք երկրներում ավիափոխադրումները ևս սահմանափակված են, տասնյակ հազարավոր տարանցիկ ուղևորներ արգելափակված են, որոշ երկրներ չարտերային չվերթներ են կազմակերպում իրենց քաղաքացիներին տարհանելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն Իրանի անվերապահ կապիտուլյացիան է պահանջում