Փորձագետների խորհուրդը շարունակում է քննարկել Իրանի առաջնորդի պաշտոնի թեկնածուներին, և ակնկալվում է, որ վերջնական ընտրությունը կկատարվի հաջորդ շաբաթ։ Լուրը հաղորդում է Fars գործակալությունը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան տեղեկացված պաշտոնյայի։
Ավելի վաղ The New York Times թերթը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ բարձրագույն ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդը Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին է։
«Մոջթաբան ողջ է… գերագույն առաջնորդի սպանության պահին նա Թեհրանում չէր», - հղում անելով իր աղբյուրին գրում է Reuters-ը։
Իրանի նախկին առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին փետրվարի 28-ին զոհվել է Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի հետևանքով։
Լոնդոնից գործող Iran International հեռուստաալիքը ևս, տեղեկացված աղբյուրներին հղումով, հաղորդել է, որ Փորձագետների խորհրդի ընտրությունը կանգ է առել Մոջթաբա Խամենեիի վրա։
Մինչ նոր առաջնորդի ընտրությունը, Իրանի սահմանադրության համաձայն, երկրի ղեկավարումն իրականացնում է Ժամանակավոր ղեկավարող խորհուրդը, որի կազմում են երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեյին և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ այաթոլլա Ալիռեզա Արեֆին։