Մատչելիության հղումներ

Վախ և հույս Իրանում՝ ԱՄՆ-Իսրայելի ռմբակոծության ֆոնին

Իրանցիները համակված են վախով և հույսով, մինչ Միացյալ Նահանգները և Իսրայելը շարունակում են զանգվածային ռմբակոծությունները, որոնց նպատակն է խեղել Իսլամական Հանրապետության հոգևորական ղեկավարությանը։

Փետրվարի 28-ից սկսված օդային հարվածների հետևանքով ոչնչացվել են մեծ թվով իրանցի ղեկավարներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ Սակայն տեղական մարդասիրական խմբերի տվյալներով՝ այդ հարվածները նաև հանգեցրել են հարյուրավոր զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում, ինչպես նաև ավերել են դպրոցներ և հիվանդանոցներ։

«Մենք ուրախ էինք լսելու Խամենեիի մահվան մասին լուրը», - «Ռադիո Ֆարդա»-ին ասել է 56-ամյա մի թեհրանցի տղամարդ, ով անվտանգության նկատառումներից ելնելով խոսել է անանունության պայմանով։ «Բայց հիմա այս ծանր ռմբակոծությունները ինձ անհանգստացնում են։ Իրանը չպետք է ոչնչացվի և կազմաքանդվի։ Հուսով եմ՝ ապագան պայծառ է», - հավելել է նա։

Մոտ 40 տարի երկիրը երկաթե բռունցքով կառավարած Խամենեիի մահը Իրանում ոմանք տոնել են փողոցներում։ Սակայն շատերի համար արագորեն առաջնային է դարձել հարցը՝ ինչ է լինելու հաջորդիվ։

Celebrations In Iran After Trump Says Ayatollah Killed In Strikes
Celebrations In Iran After Trump Says Ayatollah Killed In Strikes
please wait

No media source currently available

0:00 0:01:03 0:00

Միացյալ Նահանգների և Իսրայելի օդային հարվածները գոյաբանական սպառնալիք են Իրանի կրոնապետության համար: Ոմանք մտավախություն ունեն, որ եթե Իսլամական Հանրապետությունը փլուզվի, մոտ 90 միլիոն բնակչություն ունեցող բազմազգ երկիրը կարող է հայտնվել քաղաքացիական պատերազմի և քաոսի մեջ, ինչպես իր հարևանները՝ Իրաքը և Աֆղանստանը։

«Ռմբակոծությունները սարսափելի են, և մենք լսեցինք, թե ինչպես են դրանք [ամերիկյան և իսրայելական օդային հարվածները] հարվածում բնակելի թաղամասերին», - «Ազատություն» ռադիոկայանի «Ռադիո Ֆարդա»-ին ասել է Թեհրանում բնակվող 49-ամյա մի մայր։

«Մենք գիշերները չենք կարողանում քնել, և իմ շներից մեկը վախից թաքնվում է լոգարանում», - հավելել է նա։

Միացյալ Նահանգները և Իսրայելը կոչ են արել իրանցիներին ոտքի կանգնել և «իրենց ձեռքը վերցնել իրենց երկրի կառավարումը»։

Սակայն Իրանի խոշոր քաղաքների սարսափելիորեն դատարկվող փողոցներում, որտեղ պարեկություն են իրականցնում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և «Բասիջ» ռազմականացված ուժի ներկայացուցիչները, ապստամբության որևէ նշան առայժմ չի նկատվում։

Tehran Residents Share Images Of Destruction As Air Strikes Continue Tehran Residents Share Images Of Destruction As Air Strikes Continue
please wait

No media source currently available

0:00 0:01:17 0:00

Հունվարին Իրանի իշխանությունները դաժանորեն ճնշեցին զանգվածային բողոքի ցույցերը, զոհվեցին հազարավոր մարդիկ։ Այդ ցույցերը բռնապետական կառավարմամբ հայտնի վարչակազմին նետված ամենամեծ մարտահրավերներից էին վերջին տարիների ընթացքում։

10 միլիոն բնակչություն ունեցող Թեհրանում շատերը մնում են տանը, մինչ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը շարունակում են հարվածել ռազմական և կառավարական թիրախներին։

Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ փետրվարի 28-ին սկսված ռազմական գործողությունների արդյունքում մարտի 3-ի դրությամբ երկրում զոհվածների թիվը անցել է հազարից։ Միացյալ Նահանգներում գործող «Իրանում մարդու իրավունքների պաշտպաններ» հասարակական կազմակերպության տվյալներով՝ զոհվել է 742 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 176 երեխա։

«Շատերը սպասում էին առաջնորդի [Խամենեիի] մահվան լուրին, բայց հրթիռների և պայթյունների, ինչպես նաև մարդկային զոհերի, այդ թվում զոհված երեխաների մասին լուրերը, քիչ տեղ են թողել ուրախության համար», - ասել է Թեհրանում բնակվող 27-ամյա մի կին։

XS
SM
MD
LG