Գալուզին․ «ԵԱՏՄ ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեն կանցկացնի մինչև դեկտեմբեր»

«ԵԱՏՄ ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեն կանցկացնի մինչև դեկտեմբեր», - ТАСС գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ակնհայտ է, որ եթե մինչև դեկտեմբեր՝ հանրաքվե անցկացնելու կոչին [Երևանում] ականջալուր չլինեն, ԵԱՏՄ առաջնորդները հաշվի կառնեն այդ փաստը՝ հետագա համատեղ քայլերը հստակեցնելու ժամանակ», - նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Գալուզինի խոսքով՝ Հայաստանի հարցին նախագահները վերադառնալու են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ դեկտեմբերին կայանալիք նիստի ընթացքում։ «Այդ նիստին է, որ պետությունների ղեկավարներին զեկույց կներկայացվի՝ նվիրված ԵԱՏՄ մասին 2014 թվականի մայիսի 29-ին կնքված պայմանագրին Հայաստանի մասնակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին», - նշել է Գալուզինը։

Ռուսաստանցի դիվանագետը նաև նշել է, թե ինչպես պետք է ձևակերպված լինի հնարավոր հանրաքվեի դրվող հարցը։ «Դա չպետք է աբստրակտ-տեսական ձևակերպում լինի (ցանկանո՞ւմ եք անդամակցել ԵՄ, թե՞ ոչ), այլ հստակ և գործնական՝ «պատրա՞ստ եք արդյոք հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից հանուն ԵՄ անդամակցելու ոչ այնքան ակնհայտ հեռանկարից, - նշել է Գալուզինը՝ հավելելով, - հարցի նման ձևակերպումը ամենաազնիվը կլինի թե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, թե՛ ԵԱՏՄ մյուս անդամների հանդեպ»։

Հայաստանի վարչապետը օգոստոսի 7-ին թե՛ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, թե՛ նիստից հետո ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում շեշտել է՝ Հայաստանում Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվեի անցկացումը կլինի բովանդազուրկ. - «Դա կնշանակի, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիներն ընտրություն կատարեն երկու այլընտրանքի միջև, որոնցից մեկը գոյություն չունի։ Դա անհարգալից կլինի մեր ժողովրդի նկատմամբ և գործնականում՝ ոչ լեգիտիմ»։

Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ Փաշինյանի բացակայությամբ անցկացված նիստում ԵԱՏՄ մյուս չորս առաջնորդները՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Նաև նշել էին, որ այս դեկտեմբերին՝ ԵԱՏՄ առաջնորդների հաջորդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի, Եվրասիական միջկառավարական հանձնաժողովը կզեկուցի Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը վերահաստատեց Երևանի հավատարմությունը ԵԱՏՄ-ին, կրկին բացառեց ԵՄ հարցով հանրաքվեն«Եթե այս հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը». Երևան-Մոսկվա հարաբերությունները ավելի են սրվում

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում. Գալուզին

Գալուզինը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին նախատեսված գագաթնաժողովում:

«Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցների հնարավոր կիրառման վերաբերյալ ցանկացած որոշում ամբողջությամբ ընկնում է Հավաքական անվտանգության խորհրդի (որը ներառում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին) իրավասությունների մեջ, որն իրավունք ունի նման որոշումներ կայացնել կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա», - ասել է Գալուզինը՝ նշելով, որ «խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 11-ին»։

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է, որը պետք է բարեխղճորեն կատարեն բոլոր կողմերը։ Գալուզինը նշել է, որ կազմակերպության աշխատանքներին Երևանի չմասնակցելը և ՀԱՊԿ բյուջեի վերաբերյալ տարեկան որոշումները չստորագրելը չի դադարեցնում կազմակերպության գործունեության ֆինանսավորմանն ուղղված ազգային ներդրումը ժամանակին փոխանցելու Հայաստանի պարտավորությունը։

«Ցանկացած միջազգային կազմակերպություն ունի այս իրավիճակի համար ընթացակարգեր, ինչպես նշված է իր հիմնադիր փաստաթղթերում։ ՀԱՊԿ-ը բացառություն չէ», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, թե կազմակերպության անդամ երկրները պատրաստվում են Հայաստանի նկատմամբ միջոցներ ձեռնարկել՝ անդամավճարը երկու տարի չվճարելու պատճառով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հունիսին նշել էր, թե իրեն չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հեռանկարը։ Նա կարծիք էր հայտնել, որ եթե կառույցի անդամները նման որոշում կայացնեն, ապա Երևանը դա ի գիտություն կընդունի։

Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։

2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀԱՊԿ-ում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս. ՌԴ ներկայացուցիչ