Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների ու աշխատակիցների մեղադրանքը խստացվել է

Armenia-People near Gyumri Municipality, 20Oct2025

Գլխավոր դատախազությունը խստացրել է Գյումրիի համայնքապետարանի մի քանի պաշտոնյաների ու աշխատակիցների մեղադրանքը՝ միջին ծանրության հոդվածը փոխարինելով ծանրով: Այս գործը վերաբերում է անցած հոկտեմբերին՝ Գյումրիի քաղաքապետի ձերբակալության օրը քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած իրադարձություններին, երբ Վարդան Ղուկասյանի աջակիցները բողոքում էին նրա ձերբակալության դեմ, և ընթացքում նաև ոստիկանների հետ բախումներ եղան:

«Եթե նախկինում արդարադատությանը խոչընդոտելուն օժանդակություն էր և հավաքներին հարկադրելը, որոնք իրենց սանկցիաների մեջ ներառում էին նաև տուգանքներ, այսինքն՝ միջին և ոչ ծանր հանցանքներ էին համարվում, ներկայիս մեղադրանքը ծանր մեղադրանք է և ծանր հանցագործություն է համարվում: Սա արդեն պաշտոնեական լիազորությունները չարաշահել է, մեղադրանքը կայանում է նրանում որ իրենք չարաշահել են իրենց դիրքը և արդեն իսկ իրենց պաշտոններից դուրս գործողություններ են արել», - «Ազատությանը» տեղեկացրեց փաստաբան Հայկ Հարությունյանը:

Խստացվել է համայնքապետարանի ինքնակամ շինությունների բաժնի պետ Արթուր Մեսրոպյանի, Գյումրու համայնքապետի խորհրդական Աշոտ Պետրոսյանի, կրթության բաժնի աշխատակիցներ Բելա Ավագյանի, Վարդուհի Փիլոյանի, Անահիտ Գասպարյանի և Անի Ենգոյանի մեղադրանքը: Խստացված մեղադրանքով 4-8 տարվա ազատազրկում է սպառնում համայնքապետարանի աշխատակիցներին:

Կրթության բաժնի աշխատակիցներից Վարդուհի Փիլոյանը ԱԺ-ի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է: Վերջինս ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում պնդել էր, թե իր զոքանչին պարտադրել են:

Դատախազության տրամադրած տեղեկանքում՝ համայնքապետարանի պաշտոնյաների ու աշխատակիցների վերաբերյալ նշված է, որ
«նրանք խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, անցել են իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել իրենց լիազորությունների շրջանակից դուրս արարք: Մասնավորապես, ապօրինի հանձնարարություն են տվել մանկապարտեզների տնօրեններին՝ աշխատանքային ժամին փակել նախակրթական հաստատությունները, երեխաներին ուղարկել տուն և անձնակազմի հետ մասնակցել այդ ընթացքում Գյումրու համայնքապետարանի մոտ տեղի ունեցող ապօրինի հավաքին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիի քաղաքապետին ձերբակալեցին, կալանքի միջնորդություն է ներկայացվել

Փաստաբան Հարությունյանի գնահատմամբ՝ փորձ է արվում արարքները խմբակային որակավորել. «Իրենց ասելով՝ խումբ է գործել, և խմբով են կատարել, նույն մեղադրանքները երևի թե արդեն իսկ տնօրեններին են առաջադրել»:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը ավագանու ՔՊ խմբակցության անդամները տեսանյութեր էին հրապարակում, թե ինչպես մի քանի մանկապարտեզներ աշխատանքային ժամին կա՛մ փակ են, կա՛մ թե ինչպես են ծնողներն իրենց երեխաներին ավելի շուտ տուն տանում: 8 մանկապարտեզի տնօրեն է մեղադրյալ ներգրավվել:

Հայկ Հարությունյանն ասաց՝ իր վստահորդը զանգել է մանկապարտեզի տնօրենին, բայց արդյոք այդ զանգը հանցակազմ պարունակո՞ւմ է: «Վերադասը գալիս, ասում է՝ զանգեք այս ինչ աշխատակիցներին, կանչեք համայնքապետարան: Աշխատակիցը զանգում է, այս առումով այդ աշխատակիցն իրավունք ունե՞ր զանգել-չզանգելու, այսինքն՝ ինքը որևէ անձնական նախաձեռնություն չունի այդ զանգերի հետ կապված և հստակ կատարում է իր վերադասի հրամանը», - ասաց նա:

Նախաքննական մարմինը կասեցրել է մանկապարտեզների տնօրեններից վեցի պաշտոնավարումը, 2-ինը՝ ոչ, քանի որ, ըստ դատախազի, նրանք խոստովանական ցուցմունք են տվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը սկսեց հարցաքննել Վարդան Ղուկասյանի գործով վկաներին

Մեղադրյալի կարգավիճակում հայտնված մանկապարտեզների տնօրենների հետ զրուցել չհաջողվեց: Նրանց փաստաբան Արտուշ Հակոբյանն «Ազատությանն» ասաց՝ իր պաշտպանյալների հետ դիրքորոշումները հստակեցնելուց հետո նոր տեղեկություն կտրամադրի: Իսկ համայնքապետարանի կրթության բաժնի աշխատակիցներն արդյոք պատրաստ են իրենց առաջադրված մեղադրանքն ընդունել կամ զղջալ, ինչպես արել են մանկապարտեզի երկու տնօրենները, Հարությունյանն ասաց. «Այն մասով, ինչ գործողություններ կատարել է իմ վստահորդը կոնկրետ, մենք փաստերը հայտնել ենք, փաստերի առումով որևէ տարաձայնություն չկա, բայց արդյոք իրենց գործողությունները պարունակում են հանցակազմի տարրեր, թե ոչ, այս նկատառումներով է մեր վեճը մեղադրանքի կողմի հետ»:

Այս գործում չորս տասնյակից ավելի մարդ է ներգրավված: Գլխավոր մեղադրյալները Վարդան Ղուկասյանի մերձավորներն են՝ որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, նրա տեղակալ փեսան՝ Ավետիս Առաքելյանն ու ևս 2 պաշտոնյա: Իրավապահները նրանց մեղադրում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Կազմակերպիչների մասով գործն առանձնացվել ու արդեն դատարան է ուղարկվել, մյուսների մասով նախաքննությունը դեռ ընթանում է: