Գյումրեցի գործարարը կանգնած է ծաղիկներն իրացնելու խնդրի առաջ

Ութ տարի առաջ Գյումրիում ջերմոց հիմնած Ցոլակ Չադրյանը Ռուսաստանի սահմանած արգելքից հետո կանգնած է ծաղիկներն իրացնելու խնդրի առաջ: Փորձել է ինքնուրույն նոր շուկա գտնել: Որոշ խմբաքանակ արտահանել է Ռումինիա, բայց, ասում է, եկամտաբեր չէ՝ ճանապարհածախսը թանկ է, վարդը՝ էժան:

«Միջին արժեքը հաշվարկել ենք՝ մոտ 80 դրամ է գալիս, էն դեպքում, երբ մյուս բիզնես գործընկերոջ հետ էդ գումարը կազմել է 150-ից մինչև 200 դրամ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Չադրյանը:

Երկու անգամ թեկուզ ցածր գնով ստիպված է եղել վարդերն արտահանել՝ այլընտրանքը պարզապես թափելն էր. - «Մենք չենք կարող չուղարկել, որովհետև եթե չուղարկենք, պետք է թափենք էդ ապրանքը: Շուկան մեր ի վիճակի չէ էդ քանակությամբ ապրանքը ընդունելու»:

Ամենամոտ ու հարմար շուկան Ռուսաստանն էր, պնդում է: Ռումինիան հեռու է, լոգիստիկ առումով՝ թանկ:

«Լոգիստիկ առումով ճանապարհածախսը թանկ է նստում. նախ՝ էն պատճառով, որ ինքը ավելի հեռու է, քանի Ռուսաստանի Դաշնությունը, երկրորդն էլ՝ այն, որ էնտեղ շատ ճանապարհներ հիմնականում վճարովի է, այսինքն՝ երբ որ բեռնատար մեքենան ուզում է արագ հասնել, իսկ վարդը, ընդհանրապես պտուղ-բանջարեղենը արագ փչանալու հատկություն ունի, իրենք փորձում են վճարովը ճանապարհներով անցնել, որը հավելյալ ծախս է տվյալ ընկերության վրա», - նշեց Չադրյանը:

Մոսկվան անցած ամիս ստանդարտներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ ոչ միայն հայկական ծաղիկների, այլև միրգ-բանջարեղենի, մի քանի տեսակի ալկոհոլի ու «Ջերմուկ»-ի ներկրումն ու վաճառքն է արգելել: Գյումրեցի գործարարը այս ամենից հետո նոր շուկաներ գտնելու Հայաստանի կառավարության քայլերին ուշադիր հետևում է, բայց չի հասկանում, թե ինչու է գործադիրը որոշել առաջին հերթին ոչ թե տնտեսվարողներին, այլ արտահանողներին աջակցել: Կառավարությունը վերջերս որոշեց սուբսիդավորել վարդերի արտահանումը՝ արտահանողին 37 դրամ տրամադրելով մեկ վարդի դիմաց:

«Բայց էստեղ ես հարց ունեմ՝ ինչի՞ պիտի վնասը ես կրեմ, բայց փոխհատուցում ստանա լոգիստիկ ընկերությունը: Որովհետև ես եմ արտադրողը, ես եմ էդ վնասը կրել: Լոգիստիկ ընկերությունը կարող է ոչ մի վնաս էլ չկրի, որովհետև ինքը իր մարժան ունի տեղափոխման, էդ գումարը վերցնում է: Ես կարծում եմ՝ էստեղ Կառավարությունը իր որոշումը վերանայելու անպայման խնդիր ունի», - ասաց գործարարը:

Գործադիրի երեկվա նիստում էկոնոմիկայի նախարարը թարմ տվյալներ ներկայացրեց. Գևորգ Պապոյանի խոսքով՝ հունիսի 1-17-ը Հայաստանից 17 տոննա ծաղիկ է արտահանվել, նրա ներկայացրած աշխարհագրությունն էլ բավականին լայն էր՝ 14 երկրի անուն տվեց՝ Արաբական Միացյալ Էմիրություններից մինչև Ֆրանսիա ու Նիդերլանդներ:

Ջերմոցային տնտեսություններին կես տարով վարկային սուբսիդիայի ծրագիրը հաստատելիս վարչապետն, իր հերթին, հայտարարեց, թե տնտեսությունը արագ ադապտացվում է փոփոխություններին:

«Մեր տնտեսությունը ադապտացիայի բավականին լավ տեմպեր է ցույց տալիս, և մենք ուզում ենք այս և նմանատիպ ծրագրերով էդ ադապտացիան քաջալերել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Չադրյանը երկու ձեռքով կողմ է տնտեսության դիվերսիֆիկացմանը, որ մեկ երկրից կախվածություն չլինի բայց կարծում է՝ գործադիրի ու արտադրողի կապ չկա, այլապես իրենց կարծիքն էլ կլսեին:

«Պետություն-տնտեսվարող շփում ընդհանրապես չեմ տեսնում, չեմ տեսնում էն քննարկումները, որը էդքան անհրաժեշտ է էս պահին, չեմ տեսնում ես», - նշեց Չադրյանը:

Նա պնդում է՝ քանի դեռ ջերմոցային տնտեսությունների համար չի սկսվել ջեռուցման սեզոնը, պետք է շատ արագ ելք գտնել, այլապես իրացման խնդրին կգումարվի ռուսական գազը:

«Մենք հիմնականում կախված ենք ռուսական շուկայից և ռուսական գազից, այսինքն՝ երկու առումով մենք թիրախ ենք դարձել իրենց համար: Ու էս պարագայում ... եթե մենք վտանգը, էս պահին մտանգը տեսնում ենք միայն իրացման շուկաների հետ կապված, մենք նաև չենք կարող բացառել, որ երկու ամիս կամ երեք ամիս հետո, երբ տնտեսվարողները կգան կհասնեն ավելի ցուրտ եղանակային պայմանների, իրենք պետք է նաև սկսեն գազ սպառել», - ընդգծեց Չադրյանը՝ շարունակելով. - «Նաև մենք կարող ենք խնդիր ունենալ գազի սպառման հետ կապված, ու այ նոր իսկական դժվարությունները մենք կտեսնենք»:

Երիտասարդ գործարարը ջերմոցը հիմնելու համար շուրջ 900 հազար դոլարի վարկ է վերցրել, 190 հազար դոլար միայն տոկոս է մուծել, պետական սուբսիդավորումից չի օգտվել, քանի որ այդ ծրագրի հաստատումից երկու ամիս շուտ է սկսել ջերմոցի կառուցումը: Ու դիմումները տարբեր կառույցներ դրական արդյունք չեն տվել: Հիմա, ասում է, եթե այսպես շարունակվի, ստիպված կլինի 12 աշխատողին տուն ուղարկել ու ջերմոցի դռները փակել: Իսկ Հայաստանում եթե ջերմոցները սկսեն փակվել, ապա մի քանի տասնյակ հազար մարդ առանց գործ կմնա, պնդում է մասնագիտությամբ տնտեսագետ Չադրյանը:

«Եվ եթե մենք մեկ հեկտարի հաշվարկով ընդունենք՝ 15-ից 20 աշխատատեղ փակվի, 1800 անգամ եթե հանես 15-20, դա մոտ 30 հազար աշխատատեղերի մասին է խոսքը», - նշեց նա:

Տեղական շուկայում իրացումը իրատեսական չի համարում: Ջերմոցային տնտեսությունները օրական մի քանի միլիոն հատ վարդ են արտադրում ՝ պահանջարկից մի քանի անգամ ավելի: Տեղական շուկայում նաև կտրուկ գնանկում է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արտադրողներին աջակցելուն զուգահեռ կառավարությունը կզբաղվի ԵԱՏՄ-ում խնդիրները կարգավորելու հարցով. ՓաշինյանՌուսական սահմանափակումներից հետո ԵՄ-ն ՀՀ-ի համար առևտրային արտոնությունների փաթեթ է պատրաստում. FTՀայաստանից մատակարարումների սահմանափակումները քաղաքական չեն. «Ռոսսելխոզնադզոր»Հայ բեռնափոխադրողներն ահազանգում են՝ նոր շուկաներ հայկական արտադրանքը հասցնելու հարցում խնդիրներ ունենԿառավարությունը աջակցություն կտրամադրի միրգ, գինի, հանքային ջուր արտահանողներինՀայկական ծաղիկներն ու բանջարեղենը՝ դեպի նոր շուկաներ. ի՞նչ խնդիրներ են տեսնում արտադրողներըԿառավարությունը փոխհատուցում կտա պտուղբանջարեղեն և ծաղիկ արտահանողներին այս ամվա ընթացքում«Ծաղիկների մի խմբաքանակ արդեն ճանապարհին է». ռուսական սահմանափակումներից հետո արտահանողները այլ շուկաներ են փնտրում