Գյուղմթերք արտահանողները նվազեցրել են հարկերը, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը՝ կրկնապատկել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, արխիվ

Վերջին 3 ամիսներին ռուսական պատժամիջոցների ներքո գտնվող հայաստանյան գյուղատնտեսական ընկերություններ նվազեցրել են բյուջե վճարած հարկերի չափը, տեղեկանքում ենք 2026-ի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկից։

Մայիսից սկսած «Ռոսսելխոզնադզոր»-ը սննդի անվտանգության նկատառումների պատրվակով դադարեցրել է հայկական ծաղիկների, ջերմուկի, մրգերի ու բանջարեղենի, ձկնամթերքի, իսկ օրերս էլ կաթնամթերքի ներմուծումը։ Գյուղատնտեսության ոլորտի խոշորագույն ձեռնարկությունը՝ «Սպայկա»-ն, որը մթերում է իրականացնում ֆերմերներից ու արտահանում կազմակերպում, 2026-ի առաջին կիսամյակում բյուջե է վճարել 1 մլրդ 780 մլն դրամ։ Սա գրեթե 45 տոկոսով պակաս է 2025-ի առաջին կիսամյակում վճարած հարկերից, երբ ընկերությունը բյուջե էր վճարել ավելի քան 3.2 մլրդ դրամ։

Գյուղմթերքի արտահանման ոլորտի մեկ այլ խոշոր խաղացող՝ «Բեստ ֆրուիթս ամ»-ն, այս տարի 1000 խոշոր հարկատուների ցանկում մեկ այլ անվանմամբ է՝ «Բեստ ֆրուիտս կոմպանի»։ Ընկերությունն անցած տարվա առաջին կիսամյակում բյուջե էր վճարել 1.6 մլրդի հարկեր, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 35 տոկոսով պակաս՝ 1 մլրդ 40 միլիոն դրամ:

2016-ին հիմնադրված «Գրին ֆարմեր» ընկերությունը Արարատի ու Կոտայքի մարզերում աճեցնում է ողկուզավոր ու հատիկավոր լոլիկ, իսկ ինտենսիվ այգիներում էլ կեռաս, ծիրան ու խնձոր։ Ընկերությունը, որ պարբերաբար օգտվել է կառավարության մաքսատուրքերի արտոնություններից, անցած տարվա առաջին կիսամյակում վճարել էր 198 մլն դրամ՝ ներգրավվելով 1000 խոշոր հարկատուների ցանկում: Այս տարվա առաջին կեսին, սակայն, «Գրին ֆարմերը» խոշոր հարկատուների շարքում չէ:

Այս տարվա մայիսին «Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցրեց Հայաստանից «Ջերմուկ»-ի ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանում, իսկ մինչ այդ էլ վաճառքի շուկայից հանել էր հանքային ջրի միլիոնավոր շշեր։ Ռուսական կողմն այս սահմանափակումները հիմնավորել էր «պարտադիր պահանջների խախտումներով»։ Գործարար Աշոտ Արսենյանի ընտանիքին պատկանող հանքային ջրի գործարանն այս տարվա առաջին 6 ամիսներին վճարել է 5.6 մլրդ դրամի հարկեր։ Անցած տարվա համեմատ ընկերության հարկերը նվազել են ավելի քան 11 տոկոսով։

Ո՞վ է 2026-ի 6 ամիսների ամենամեծ հարկատուն

Տարվա կիսամյակի տվյալներով ամենամեծ հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ վճարած 41.6 միլիարդ դրամի հարկերով։ Հանքարդյունաբերական հսկան անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բյուջե վճարած գումարի չափը կրկնապատկել է։

Երկրորդ հորիզոնականում գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Mobile Centre ընկերությունն է, որ զբաղվում է հեռախոսների, դրանց աքսեսուարների ներմուծմամբ ու վաճառքով. ընկերությունը թռիչքաձև աճ ապահովեց վերջին տարիներին՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դեպի ռուսական շուկա վերաարտահանումների շնորհիվ։ Այս վեց ամիսներին Mobile Centre-ը ավելի քան 38 միլիարդի հարկեր է վճարել՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 33 մլրդ դրամի փոխարեն։

Երրորդ տեղում է «Արդշինբանկ»-ը 33.6 մլրդ բյուջե վճարած գումարով, չորրորդում՝ ռուսական «Գազպրոմ Արմենիա»-ն 31.5 միլիարդի հարկերով։ Խոշոր հարկատուների թոփ հնգյակը եզրափակում է ծխախոտի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Գրանդ տոբակո» ընկերությունը։ Խոշոր հարկատուների թոփ տասնյակում են երկու բանկեր, երկու հանքեր, խաղային գործունեությամբ զբաղվող երկու ընկերություններ՝ «Սոֆթ կոնստրակտ»-ն ու «Դիջիթեյն»-ը, ծխախոտի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող մեկ ընկերություն,Mobile Centre-ը, ինչպես նան ռուսական Wildberries-ն ու «Գազպրոմ Արմենիա»-ն։

Մկրտիչ Կարապետյան

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչո՞ւ է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը 2025-ին կիսով չափ քիչ հարկ վճարելՎիճակագրությունը վերստին հաստատում է՝ Հայաստանի տնտեսության կառուցվածքում արդյունաբերությունը զիջում էԱրտոնություն վայելող Հայաստանի հարուստները, գնաճն ու կոռուպցիան՝ 2025-ին