Մատչելիության հղումներ

Mobile Centre-ը՝ 2025-ի ՀՀ ամենախոշոր հարկատու

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Mobile centre հեռախոսների վաճառքով զբաղվող ընկերությունը 2025-ին դարձել է ՀՀ ամենախոշոր հարկատու՝ շրջանցելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ 2025-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը հրապարակել է Պետեկամուտների կոմիտեն։

Բջջային հեռախոսների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ»-ը վճարել է ավելի քան 77.8 մլրդ դրամ՝ 2024-ի համեմատ վճարած հարկերն ավելացնելով մոտ 11 միլիարդ դրամով։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո Mobile centre-ը սկսեց նաև պատժամիջոցների տակ հայտնված ռուսական շուկա բջջային տեխնիկա, աքսեսուարներ վերաարտահանումներ՝ արձանագրելով հարկային թռիչքաձև աճ։ «Մոբայլ սենթր արթ»-ի վճարած հարկերը հիմնականում ավելացված արժեքի հարկի մասով են։

Անցած տարվա ցուցանիշներով երկրորդ ամենամեծ հարկատուն ծխախոտի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Գրանդ տոբակո»-ն է՝ 66.1 միլիարդ դրամով։ Վարդանյան եղբայրներին պատկանող ձեռնարկության վճարած հարկերը անցած տարի նախորդի համեմատ աճել են 2.7 միլիարդով։

2025-ի երրորդ ամենամեծ հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: 1000 խոշոր հարկատուների երկար տարիների առաջատար ընկերությունը 2024-ի համեմատ հարկերը կրճատել է կիսով չափ՝ 102 միլիարդից այս թիվը նվազել է ու հասել 52.1 միլիարդի, այն դեպքում, երբ միջազգային շուկայում պղձնի կտրուկ գնանկում չի եղել։

1000 խոշոր հարկատուների ցուցակի վերին հորիզոնականներում նշանակալի առաջխաղացում է ունեցել Արդշինբանկը։ 2024-ին բանկը վճարել էր 6.7 միլիարդ դրամ, իսկ անցած տարի այս թիվն աճել է մոտ հինգ անգամ ու կազմել 40.2 միլիարդ դրամ։ Արդշինբանկին հաջորդում է Ամերիաբանկը՝ վճարած 29 միլիարդով, 2024-ի համեմատ Ամերիաբանկն ավել է վճարել մոտ 5 միլիարդ։

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Փրիթի ուեյ» ընկերությունը (ավելի հայտնի որպես «Վեստա»), որ դարձել էր դեպի ՌԴ տեխնիկայի հիմնական վերաարտահանողներից մեկը, կարծես կորցրել է եկամտաբեր այդ ճյուղը։ 2024-ին ընկերությունը 36.3 միլիարդ էր վճարել բյուջե, դարձել ՀՀ 5-րդ ամենամեծ հարկատուն։ Անցած տարի ընկերության վճարած հարկերը նվազել են մոտ 60 տոկոսով ու կազմել 14.6 միլիարդ, որի մի մասն այնուհանդերձ դեռ եղել է վերաարտահանումից։

2025-ի խոշորագույն հարկատուների ցանկում նկատելի ներկայություն ունի ռուսական օնլայն առևտրային հարթակ «Վայլդբերրիզ»-ը, որ ՀՀ-ում գործում է երկու իրավաբանական անձանց՝ «Վայլդբերրիզ»-ի և «Իմվբամ» ընկերությունների միջոցով։ Երկու ընկերությունները միասին անցած տարի բյուջեն են վճարել մոտ 29 մլրդ դրամի հարկեր, 2024-ի 21.8 միլիարդի փոխարեն։

Բացի ԶՊՄԿ-ից, Հայաստանի ամենաշատ հարկ վճարած ընկերությունների թոփ տասնյակում երկուսը ծխախոտ արտադրող ու վաճառող ընկերություններ են («Գրանդ տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»), երկուսը բանկեր են (Արդշինբանկ և Ամերիաբանկ), երկուսը բուքմեյքերական ընկերություններ («Սոֆթ կոնստրակտ» և «Դիջիթեյն»)։ Տասնյակում են նաև «Գազպրոմ Արմենիա»-ն և վառելիքի վաճառքով զբաղվող CPS ընկերությունը։

XS
SM
MD
LG