ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեֆ Լենդրին, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշանակել է՝ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու իր օրակարգն առաջ մղելու համար, նախօրեին ժամանել է Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Լենդրին, որը Լուիզիանայի նահանգապետն է, նախկինում սատարել էր խոշոր կղզին Միացյալ Նահանգների մաս դարձնելու Թրամփի նպատակին։
Թրամփի այս հավակնությանը, սակայն, կտրականապես դեմ են արտահայտվել Գրենլանդիայի և Դանիայի կառավարությունները, որոնք բազմիցս հայտարարել են, որ Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփը քննարկում է Գրենլանդիան «ձեռք բերելու տարբերակներ»՝ ներառյալ զինուժի հնարավոր կիրառմամբԴանիական հանրային հեռարձակողի՝ Նուուկից հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է Լենդրին օդանավից դուրս գալիս։ Նախատեսվում է պաշտոնյայի մասնակցությունը մայիսի 19-ից 20-ը կայանալիք «Ապագայի Գրենլանդիան» բիզնես համաժողովին։ Նրան կուղեկցի Դանիայում ԱՄՆ դեսպան Քենեթ Հաուերին։
Համաժողովի կազմակերպիչը Լենդրիին մասնակցության հատուկ հրավեր չի ուղարկել, սակայն հայտարարել է, որ այն բաց է բոլորի համար։
Կոպենհագենում ԱՄՆ դեսպանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Լենդրին և Հաուերին «հանդիպելու են գրենլանդացիների լայն շրջանակի հետ՝ լսելու և սովորելու՝ տնտեսական հնարավորություններն ընդլայնելու, ժողովուրդների միջև կապեր հաստատելու, Միացյալ Նահանգների ու Գրենլանդիայի միջև փոխըմբռնումը մեծացնելու նպատակով»:
Լարվածությունը մեղմելու և ճգնաժամը լուծելու նպատակով՝ Գրենլանդիան, Դանիան և ԱՄՆ-ն տարեսկզբին համաձայնել էին բարձր մակարդակի դիվանագիտական բանակցություններ վարել, սակայն դրանց արդյունքները դեռևս չեն ներկայացվել։
Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնումը Վաշինգտոնի հետ ընթացող բանակցությունների մաս է կազմում։ Այցի ընթացքում Լենդրիի և Գրենլանդիայի քաղաքական գործիչների միջև պաշտոնական հանդիպումներն առայժմ հաստատված չեն, հայտնում է Reuters-ը։